Պերմյակովի պատժի կրման հարցը լուծված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել: Ըստ  այդմ, մինչեւ դատավարության ավարտը եւ Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց  հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին եւ իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը: Ինչպես պարզեցինք՝ այս հարցը եւս փաստորեն լուծվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս