Խորհրդարանում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների հարցով կազմակերպված խորհրդարանական լսումները: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանին և Հրայր Թովմասյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով անդրադարձավ մի քանի խնդրահարույց կետերի:
Մինչ իր հարցերը ներկայացնելը, պատգամավորը նախ ընդգծեց, որ սահմանին լարված վիճակ է, իսկ քաղաքական գործիչները սահմանադրական փոփոխությունների հարցն են քննարկում: Նա տարակուսանք հայտնեց, որ Սահմանադրության նախագծից հանվել են հարցեր և փոփոխության են ենթարկվել կետեր, որոնց մասին հանրությանը չի տեղեկացվել: Որպես օրինակ նա բերեց 23 հոդվածը, որը թույլ էր տալիս մարդուն սպանել, որը, սակայն, արդեն հանված է:
Անդրադառնալով Վարդան Պողոսյանի այն հայտարարությանը, որ 1995 թվականի Սահմանադրությունն իշխանակենտրո էր, իսկ սա` մարդակենտրոն, Բագրատյանը նշեց, որ այս նախագծի մեջ շատ են մարդու իրավունքների սահմանափակումները: Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ նոր Սահմանադրությունը մարդակենտրոն է: Հրանտ Բագրատյանը հավելեց, որ նախագծում կարող են աբսուրդ բացթողումները փոփոխվել, բայց դրանց մասին չեն տեղեկացվում:
Խոսելով սահմանափակումների մասին` Վարդան Պողոսյանը նշեց, որ դրանք այսօր էլ կան գործող Սահմանադրության մեջ:
«Քիչ իրավունքներ կան, որ սահմանափակման ենթակա չեն: Այն սահմանափակումների ծավալը, որն առաջարկվում է նախագծում, առկա է Եվրոպական կոնվենցիայում: Ինչ վերաբերում է սպանելու իրավունքին, կյանքի իրավունքը դա բացարձակ իրավունք չէ: Դա միակ տեղն է, երբ ես հրապարակայնորեն քննադատել եմ մեր հանձնաժողովի աշխատանքը և անձամբ ինձ, որ, ընկրկելով դեմագոգիական փաստարկների առջև, սահմանադրական հանձնաժողովը չընդգրկեց համապատասխան հոդվածում այն սահմանափակումները, որոնք կան մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածում»,-նշեց Վարդան Պողոսյանը: