Ռուսաստանն ավելի կոպիտ մեթոդներով է փորձում ղարաբաղյան հարցը լուծել. Մուշեղ Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության հետևանքով Ռուսաստանը ավելի կոպիտ մեթոդներով է փորձում ղարաբաղյան հարցը լուծել կամ ցանկանում է հենց իր ձևով լուծել: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:

«Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով ուզում է ճնշում գործադրել: Երևի որոշել են Արցախում զորք ունենալ, որը հետագայում միազգային կամ ռուսական խաղաղապահ զորք մտցնելու պատրվակ է: Համաձայնության չեն ուզում գալ: Մեր արտաքին քաղաքականությունը շատ վատ վիճակի մեջ է, որովհետև մեզ ոչ թե խնդրում կամ համոզում են, այլ պարտադրում են, հրաման են տալիս: Դրա համար արտգործնախարարը պատասխան չունի»,- նշեց Մ. Սաղաթելյանը:

Նրա խոսքով` սա լայնամասշտաբ ռազմական գործողությունների դժվար թե հանգեցնի: «Լայնամասշտաբ ասվածը մեծ հասկացություն է: Պարզապես կարող է շատ զոհեր լինեն: Մեր ապիկար, վախեցած իշխանությունները չեն հասկանում ինչ արյան գնով ենք մեր հողերը հետ վերցրել: Հիմա ուրիշի ձեռքով խոնարհ ծառայի նման փորձում են էլի արյուն թափել: Էլի խաղաղ բնակիչները, զինվորները զոհվեն , ինչ է թե անհասկանալի իշխանություններ ունենք»,- ասաց ազատամարտիկը:

Ըստ նրա` մեր պետությանն այնպիսի իշխանություն է հասել, որը նույնիսկ երկրի, ժողովրդի անվտանգության հարցերով չի զբաղվում: Սաղաթելյանը կարծում է, որ հարցը կապված է «գրաված» տարածքների հետ. «Վախեցնում են, թե «գրաված» տարածքները հետ տվեք, հետո կնստենք բանակցային սեղանին, որոշենք` հետագայում Ղարաբաղի հարցը ինչպես է լինելու»:




Լրահոս