Ուկրաինայի Օդեսա մարզի նահանգապետ Միխայի Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը գտնվում է օլիգարխների վերահսկողության տակ: Այսպես է Սաակաշվիլին մեկնաբանել վարչապետ Արսենի Յացենյուկի՝ Պետական ավիացիայի ղեկավար Դենիս Անտոնյուկի գործունեության ու ավիափոխադրումների արժեքների վերաբերյալ զեկույցը դիտարկելուց հրաժարվելը: Անտոնյուկը սկանդալից հետո հեռացվել էր աշխատանքից, սակայն արդեն վերադարձել է իր պաշտոնին, հայտնում է Ռոսբալտը:
«Ում շահերից է ելնում Յացենյուկը՝ Կոլոմոյսկու թե՞ Ուկրաինայի տասնյակ միլիոնավոր ուղևորների: Երեկ Յացենյուկը հօգուտ Կոլոմոյսկու որոշում է ընդունել: Այնպես, ինչպես նա պարբերաբար որոշումներ է ընդունել հօգուտ Ահմետովի ու այլոց… Ուկրաինայի կառավարությունը վերահսկում են այդ բոլոր օլիգարխիկ շահերը»,- հայտարարել է Օդեսայի նահանգապետը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի կայքում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու մասին էլեկտրոնային հայտագիր է հայտնվել: Սակայն Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ցանկանում վարչապետ դառնալ և այդ ամենը քաղաքական ինտրիգ է որակել: