Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը վարկաբեկիչ է. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվել և իրենք բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե որն է սահմանադրական բարեփոխումների թեմայով այսօրվա քննարկումներին մասնակցելու պատճառը:

«Իհարկե, չի փոխվել։ Իրենք շատ կուզեին, որ մենք բովանդակային քննարկման մեջ մտնեինք, ասեինք՝ այս դրույթը լավն է, այն դրույթը վատն է: Բայց մենք դա երբեք չենք արել: Եթե մենք ինչ որ հղում անում ենք ներկայացրած փաստաթղթի դրույթների հիման վրա, անում ենք մի նպատակով, որ ցույց տանք, թե այս իշխանություններն ինչ հանցագործություններ են ուզում կատարել՝ հավերժացնելով Սերժ Սարգսյանի ռեժիմը», – նշեց նա:

Նա հավելեց, որ եկել են հանրությանն իրենց կարծիքը ներկայացնելու նպատակով: «Ես նորից Հովիկ Սահակյանին հատուկ բացատրում եմ և նաև Շարմազանովին, որովհետև նա էլ է երազախաբությամբ տարվում, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում բովանդակային քննարկում: Բովանդակային քննարկում նշանակում է վիճել այս կամ այն դրույթի հետ, փորձել դրանք բարելավել: Մենք նման բան չենք անում»:

Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի հանդիպի Սերժ Սարգսյանին, քանի որ Սերժ Սարգսյանն այն վիճակի է հասցրել, որ իր հետ հանդիպումը վարկաբեկիչ է:




Լրահոս