Հայաստանի Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագրի համաձայն` Երեւան քաղաքի Երզնկյան տուն 77 հասցեում հաշվառված Կարեն Էդուարդի Սաֆարյանը մահացել է 2 տարի առաջ, սակայն վերջինիս տվյալները առկա են ընտրողների ռեգիստրում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն ամփոփագրով հայտնվել է նաեւ, որ Երեւան քաղաքի Շահումյան 6-րդ փողոց 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը հաղորդել է, որ նշված հասցեում հաշվառված է իրեն անծանոթ Սերժիկ Ալեքսանյան տվյալներով քաղաքացի:
ՀՀ ոստիկանության կողմից հասցեներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Էդուարդի Սաֆարյանը մահացել է 2011 թ.-ին, սակայն մահը գրանցած ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում ռեգիստրը չի տեղեկացվել:
13.02.2013 թ.-ին Կ. Սաֆարյանը հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից՝ մահվան կապակցությամբ:
Սերժիկ Սերոբի Ներսիսյանը Երեւան քաղաքի Շահումյան 6 փողոց տուն 14 հասցեում հաշվառվել է դեռեւս 1974 թ.-ին, որի վերաբերյալ իրավունքների պետական գրացում չի կատարվել:
Հասցեի հարեւանությամբ բնակվող անձանց պարզաբանմամբ՝ Ս. Ներսիսյանը փոխել է բնակության վայրը, սակայն այդ մասին ռեգիստր վարող մարմնին գրավոր չի տեղեկացրել: Արդյունքում՝ վերջինիս անհատական տվյալներն ընդգրկվել են Երեւան քաղաքի Շահումյան 6 փողոց տուն 14 հասցեի ընտրացուցակում:
Օպերատիվ եղանակով իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ Ս. Ներսիսյանը 13.02.2013 թ.-ին վերահաշվառվել է Երեւան քաղաքի Շահումյան 6 փողոց 1-ին նրբանցք տուն 14 հասցեում:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: ,Բնակչության պետական ռեգիստրի մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որը քաղաքացին համարում եւ հայտարարում է որպեu իր կացարան: Մշտական բնակության վայրը փոխելու կապակցությամբ նոր հասցեն տրամադրելու պարտականությունը կրում է քաղաքացին: