Որն է «Շանթ 2015»-ի նպատակը, և ինչ է սպասվում առաջիկայում. պարզաբանում է Մովսես Հակոբյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ ­2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն աննախադեպ է իր մասշտաբայնությամբ, քանի որ ընդգրկում է ողջ հանրապետության բոլոր պետական գերատեսչությունները. «Առաջին փուլում ընդգրկվել են պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորահավաքային պատրաստակամության խնդիրներ։ Այսօր գումարվել է կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ նախագահը, լսել է այն միջոցառումները, որոնք իրականացրել են նախարարությունները՝ հանրապետությունը բարձր մարտական պատրաստվածության մակարդակի բերելու ժամանակ: Առաջին հերթին ստուգում են պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում, ղեկավարման  համակարգի ունակությունները»:

Մովսես Հակոբյանի փոխանցմամբ` զորավարժությունների նպատակն է նաև ստուգել պետության տնտեսական հնարավորությունը ռազմական դրության բերելու ժամանակ, գերատեսչությունների կենսունակությունը, ստուգել պետության պահուստները ռազմական դրության ժամանակ և պետության հնարավորությունները. «Պետք է նշեմ, որ նախարարությունները զարմանալի լավ էին պատրաստվել ու պատճառն այն է, որ մոտ երեք ամիս է նախապատրաստվում էինք այս զորավարժություններին։ Մեր նպատակներից մեկն էլ հենց գերատեսչություններին մարզելն է»։

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ նախարարություններին բարդ խնդիրներ են առաջադրում, որովհետև հնարավոր է, որ ռազմական դրության ժամանակ լինեն բարդ իրավիճակներ, օրինակ, ռազմական դաշնակիցը չկատարի իր պարտավորությունը։ Այս իրավիճակը ևս խաղարկվում է զորավարժությունների շրջանակում. «Զորավարժություններից հետո կազմվելու է թերությունների վերացման պլան և լինելու են մի շարք որոշումներ»,-հավելեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը զենք-զինամթերք է վաճառում մեր հակառակորդին, Մովսես Հակոբյանը հստակ պատասխան չտվեց` նշելով, որ այսօրվա թեման միմիայն զորավարժություններն են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պասիվ գործունեությանը, Մովսես Հակոբյանը նկատեց, որ այդ հարցը պետք է այլ գերատեսչության ուղղել. «ԱԳՆ-ի գործն իսկապես շատ պատասխանատու է: Շուտով նախարարն իր զեկույցում կհստակեցնի վիճակը»:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս