Օրերս հումորիստ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այսպիսի գրառում էր արել “Ֆեյսբուք”-ի իր էջում. “Ժողովուրդ թեկնածությունս ուզում եմ դնեմ, ի՞նչ կասեք, արժի թե չէ՞”: Բնականաբար, երկտողը չէր կարող անարձագանք մնալ ո՛չ օգտատերերի, ո՛չ էլ մեր կողմից:
-Ձեր գրառումը հումորի դրսեւորո՞ւմ էր, թե՞…
-Ընդամենը հումոր էր, մտածեցի՝ ինչ հետաքրքիր բան կարելի է գրել, ու տեսա մարդկանց արձագանքները: Իրականում շատ լավ քոմենթներ գրեցին, ինչից ես բավական ուրախացա, դե ծիծաղն էլ երկարացնում է մարդու կյանքը: Չմտածեք, թե քաղաքական գործիչների վրա ծիծաղում եմ:
-Կատարելո՞ւ եք Ձեր քաղաքացիական պարտքը, մասնակցելո՞ւ եք ընտրություններին:
-Մասնակցելու եմ, բայց չեմ ասի՝ ում եմ ընտրելու: Թեկնածուներն ինչ-որ բաներ են ասում, թե ինչեր կանեն Հայաստանի, ժողովրդի համար, շատ անգամներ ենք լսել խոստումներ: Թաղապետն էլ է ընտրվում, շատ բաներ է խոսք տալիս, բայց այդ շատ բանից աննշան քիչ տոկոսն է արվում, որ չի էլ երեւում: Տա Աստված, մեկը լինի ու արժանի ձեւով ընտրվի, մեր ազգն էլ լավ ապրի: Ինչո՞վ ենք տարբերվում ռուսից, ամերիկացուց, մենք էլ պետք է լավ ապրենք:
-Ձեր ձայնի ուժին հավատո՞ւմ եք:
-Չէ՛:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում:
-Պարտքս է, չնայած ում էլ ընտրեմ՝ որոշիչ չի լինելու իմ ձայնը:
–Կարծում եք՝ ամեն ինչ կանխավ որոշվա՞ծ է:
-Չեմ կարծում, բայց գնալու եմ, ընտրեմ: Քաղաքականությամբ շատ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում զբաղվել:
-Ինչի՞ կարիք ունի Անդրանիկ Հարությունյանը:
-Ինձ ոչինչ չի պակասում, իրականում ես ունեմ շատ լավ կին, բալիկ, ծնողներ, երջանիկ եմ: Բայց կա մի հանգամանք, ինչից նեղվում եմ. մշակույթի վիճակն է ծանր, այսինքն՝ կան թատրոններ, որ չափազանց վատ վիճակում են: Խոսքս մեր` Կամերային թատրոնի մասին չէ:
Մեր թատրոնում 8 դերասանից 6-ը մեքենա ունեն, դա արդեն լավ է: Այս ամենը Արա Երնջակյանի շնորհիվ է: Կցանկանայի, որ մնացած բոլոր թատրոններում էլ լավ լիներ: Կան դեպուտատներ, որոնք հետեւում են սպորտին կամ այլ ոլորտների, բայց մշակույթի հետ կապված՝ դեռ չկա օգնող մեկը:
Ես միշտ ասել եմ՝ եթե թատրոնում իմ աշխատավարձը լինի մաքսիմում 600.000 դրամ, անկեղծ եմ ասում՝ չեմ նկարվի եւ ոչ մի տեղ:
-Լսել եմ, որ Դուք եւ Ռաֆոն ,Կարգին սերիալե-ում այլեւս չեք նկարահանվելու:
-Դեռ նկարահանումները գնում են, մենք այս պահին միայն ,32 ատամե-ից ենք պաուզա տվել` հանգստանալու նկատառումներով: Մեր ծանրաբեռնվածությունը շատ է, հուսով եմ՝ կգա ժամանակ, երբ նորից կհամագործակցենք:
-Փաստորեն, լուրերն այն մասին, որ վիճել եք ,Արմենիաե հեռուստաընկերության ղեկավարության հետ ու որոշել այլեւս չնկարահանվել նրանց նախագծերում, իրականությանը չե՞ն համապատասխանում:
-Ո՛չ, մենք պարզապես դադար ենք վերցրել, որ մեր հեռուստադիտողն էլ մեզնից չհոգնի: Մի քիչ տանը լինենք, ընտանիքի հետ:
-Գիտեմ, որ վերջերս եք վերադարձել ԱՄՆ-ի հյուրախաղերից, ցանկություն չկա՞ր այնտեղ մնալ, ավելի շատ գումար վաստակել:
-Ես Ձեզ ավելին ասեմ՝ այնտեղ շատ գումար չես կարող վաստակել, այստեղ ավելի շատ ես աշխատում: Եթե Հայաստանում աշխատավարձերը բարձր լինեն, հավատացե՛ք, էստեղից լավ տեղ աշխարհում չկա, էստեղից բացի, ուրիշ տեղ ապրել չեմ կարող:
Չեմ ուզում դժգոհել, ես այսօր այնքան եմ վարձատրվում, որ կարող եմ ընտանիք պահել: Բայց կան մարդիկ, որ դա էլ չեն կարողանում անել:
Մի պատմություն հիշեցի: Մինչ մեքենա գնելս մի շատ լավ տաքսու վարորդի հետ էի շփվում: Մի օր բողոքեց, բողոքեց, ես էլ ասացի՝ դե մի՛ մտածի, լավ կլինի: Ինձ պատասխանեց, թե իր պապիկի պապիկն իր պապուն ասել է` լավ կլինի, իր պապն իր հորն է ասել՝ լավ կլինի, իր հայրը՝ իրեն, հիմա էլ ինքն է իր էրեխեքին ասում՝ լավ կլինի…
Տա Աստված, որ հայ ազգը լավ ապրի, մենք դրան արժանի ազգ են: Ես հպարտ եմ, որ հայ եմ ծնվել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 476 համար