Չնայած որ ձկնաբուծության զարգացումը հատուկ կարեւորվել է ՀՀ նախագահի թեկնածուների, մասնավորապես գործող նախագահի նախընտրական ծրագրում, այդուհանդերձ, ոլորտը կանգնած է լրջագույն խնդիրների առջեւ: Եվ դրանցից առաջինը կապված է հողի նշանակությունը գյուղատնտեսականից արտադրականի փոխելու` ՀՀ կառավարության որոշման իրագործման հետ, որի դեպքում պետք է վճարվի հողի կադաստրային արժեքը: Ըստ “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանի՝ հողի կադաստրային արժեքն ամեն մի համայնքում տարբեր է` սկսած 520 դրամից մինչեւ 1950 դրամ` յուրաքանչյուր քմ-ի համար: Հասկանալի է, որ ձկնաբույծներից շատերը մեկ հեկտարի համար արդեն հսկայական գումար կազմող նման միջոցներ չունեն:
Արթուր Աթայանը պնդում է, որ ձկնաբույծներին պարտադրում են հողի նշանակությունը փոխել այն դեպքում, երբ հողը գյուղատնտեսական նշանակության է, իսկ ձկնաբույծն էլ դրա վրա իրականացնում է համապատասխան գյուղատնտեսական նշանակության գործունեություն. “Եվ սահմանադրորեն ասվում է, որ ձկնաբույծը պարտավորություն չունի իր գյուղատնտեսական հողի վրա գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար նշանակությունը փոխել: Եթե ինքը գյուղատնտեսական նշանակության հողի վրա իրականացներ այլ տեսակի գործունեություն, հասկանալի կլիներ, որ նշանակությունը պետք է փոխվի: Հիմա հարց եմ տալիս, Աստված մի արասցե, ենթադրենք, ձկնաբույծը հողի նշանակությունը փոխել է, եւ մի քանի տարի հետո ջուրը նստել է, ու նա դադարել է ձկնաբուծությամբ զբաղվել, այդ դեպքում, երբ հողի գյուղատնտեսական նշանակությունը փոխված է, այն կրկին փոխելու դեպքում կփոխհատուցվի՞: Ո՛չ, չեն փոխհատուցելու, բա ինչո՞ւ եք ստիպում նրան փոխել”:
Երկու տարի է, ինչ ձկնաբույծները պահանջում են վերանայել կառավարության այս որոշումն ու փոխել: “Այս հարցով նախագահի աշխատակազմի կողմից ցուցում է տրվում, բայց գործն առաջ գնալու փոխարեն հետ է գնում: Մի անտեղյակ մարդ, ինչպես, ասենք, կադաստրի պետական կոմիտեի նախագահն է, մի օր թեթեւ կարծիք է հայտնում, որ իբր ինքը նպատակահարմար չի գտնում փոփոխել որոշումը: Ձկնաբույծն այդ գումարը չունի, հիմա, Սահմանադրությունը խախտելով, ստացվում է, որ մենք պետք է համայնքային բյուջեն լցնենք, ովքեր կարողացել են` փոխել են, եւ հիմա մնացել են փոքր եւ միջին ձկնաբույծները”,-Աթայանը սա համարում է “կողոպուտի քաղաքակիրթ տեսակ” եւ խստորեն դատապարտում այն:
Նրա խոսքով՝ ձկնաբույծների 90 տոկոսը կարողացել է այդ գումարով փոխել հողի նշանակությունը, բայց մյուս տասը տոկոսը` ոչ: Նրանք ո՛չ հնարավորություն ունեն փոխելու, ո՛չ էլ գումար եւ “մի կերպ գոյատեւում են”: “Մենք համայնքային բյուջեի հաշվին վնասում ենք փոքր եւ միջին արտադրողին, որն էլ երկրի տնտեսության հիմքն է հանդիսանում”,-հավելեց ձկնաբույծը` ընդգծելով, որ արդեն հոգնել է ամեն անգամ այս հարցը բարձրաձայնելուց: Սակայն ձկնաբույծներն ատամնաբույժների նման չեն պատրաստվում բողոքի ակցիա կազմակերպել: “Մենք այդ փուլն արդեն վաղուց անցել ենք”,-ասաց Աթայանը:
Ձկնաբույծների մյուս խնդիրը կապված է ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Աթայանը վստահեցնում է, որ ոլորտի զարգացումը խոչընդոտողներից գլխավորը ՀՀ բնապահպանության նախարարությունն է. “Մի փոքրիկ հարց՝ իր քննարկումներով հանդերձ, կարող է տեւել ընդամենը հինգ աշխատանքային օր, բայց այդ հարցը բնապահպանության նախարարությունը կարող է քննարկել մեկ կամ հինգ ամիս: Նրանց մոտ աշխատանքային հոգեբանություն չկաե: Զրույցի ավարտին հետաքրքրվեցինք, թե այս տարի քանի տոննա ձուկ է արտահանվել: “Քիչ քանակությամբ է արտահանվել, բայց եթե այս տեմպերով շարժվենք, ապա մենք նոր տնտեսություններ չենք ունենա, այդ պատճառով էլ քիչ քանակությամբ ձուկ կարտահանվի”,-եզրափակեց Աթայանը:
Խնդրի առնչությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից “Ժողովուրդ”-ին ներկայացրին հետեւյալ պարզաբանումը. “Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջ կողմից կադաստրային արժեքի` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարման պարտականությունը սահմանված է ՀՀ հողային օրենսդրության պահանջներով, այն վճարվում է համայնքային բյուջե, եւ հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հետեւաբար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն որեւէ կերպ չի կարող խանգարել ձկնաբուծությանը: Ավելին, ձկնաբուծության զարգացմանը նպաստելու նպատակով հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերության վճարման, վճարման ժամկետների եւ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ընթացակարգի մասով ՀՀ օրենսդիրը որոշակի արտոնություններ է սահմանել”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ