ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում սեպտեմբերի 13-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մխիթար Պետրոսյանը եւ անկուսակցականներ Ռուբեն Սեդրակյանն ու Էդվարդ Անտոնյանը: Նշենք, որ վերջինս առաջին անգամը չէ՝ առաջադրում է իր թեկնածությունը. նախորդ ընտրություններին նա հավաքել էր ընդամենը 140 ձայն եւ պարտվել:
ՏԻՄ ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ թեկանծու, ե՛ւ գործող գյուղապետ Մխիթար Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Ես գյուղապետի պաշտոնում ընտրվել եմ 2011 թվականին: Վստահ եմ, որ այս տարի կվերընտրվեմ:
-Տանձուտի բնակիչների խոսքերով գյուղապետի այս տարվա ընտրությունները թեժ են լինելու:
-Ես այդպես չեմ կարծում: Ամեն մեկն ինքն իր ձեւով է պայքարում: Մյուս թեկնածուներին ճանաչում եմ, գյուղի բնակիչ են, բայց կուսակցական պատկանելիության մասին ոչինչ չգիտեմ:
-Լարվածություն կա՞ թեկնածուների մեջ:
-Բնական լարվածություն է: Բայց թշնամանք չկա մեր մեջ: Կարելի է ասել, որ ամեն ինչ հանգիստ է: Ես ինքս չեմ մտնում տնետուն: Իսկ իրենց մտնելն էլ ինձ ամենեւին չի հետաքրքրում: Ամեն դեեպքում, սեպտեմբերի 13-ին պարզ կդառնա, թե ով կընտրվի գյուղապետ: Բոլորն էլ կիմանան՝ կանցնե՞մ, թե՞ ոչ:
-Ձեզ առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Ինչո՞վ է Ձեզ աջակցելու ընտրություններին:
-Ինչո՞վ օգնի: Եթե գյուղացին չընտրեց, ապա կուսակցությունն այստեղ ի՞նչ ունի անելու: Չէ, ես չեմ էլ սպասում կուսակցության օգնությանը: Ես ինքս իմ ուժերին եմ վստահում:
-Առաջադրված մյուս թեկնածուների հետ առաջի՞ն անգամ եք պայքարում:
-Ռուբեն Սեդրակյանն առաջին անգամ է առաջադրում իր թեկնածությունը, իսկ Էդվարդ Անտոնյանը՝ երկրորդ: Նախորդ ընտրություններում նա իմ մրցակիցն է եղել. ինքը հավաքել էր 140, իսկ ես՝ 630 ձայն: Տեսնենք՝ այս տարի ինչ արդյունք կգրանցի:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ