Հայաստանի տարածքային ամբողջականությունը` վտանգի տակ. ինչ է ենթադրում Սահմանադրության համապատասխան հոդվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել նոր Սահմանադրության նախագիծը՝ մի հետաքրքիր խմբագրում կատարելով։ Խոսքը վերաբերում է 204-րդ հոդվածին, որով նախատեսվում է համաժողովրդական քվեարկության դնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը։ Այս թեզը ակտիվորեն պաշտպանվեց իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ հատկապես «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից։ Ավելին՝ վերջինիս ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իրենց կուսակցությանը վերագրեց այս մտահղացումը ու սկսեց հպարտորեն ի լուր աշխարհի գովերգել այդ քայլը։ Ուշագրավ է, որ ո՛չ «Հայեցակարգում», ո՛չ հուլիսին հրապարակված «Նախագծում» այդպիսի ձեւակերպում չկար, եւ փոփոխությունը կատարվել է, այսպես ասած, վերջին պահին։

Այս կապակցությամբ ՀՀԿ-ականներից Հովհաննես Սահակյանը համոզված պնդում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է եւ այդ հարցով ցանկացած մտավախություն անհեթեթություն է։ Ըստ նրա՝ «Մենք ո՛չ մտադիր ենք, ո՛չ էլ պատրաստվում ենք, ո՛չ էլ ցանկություն ունենք որեւէ մի բան զիջելու որեւիցե մեկին»: Պատկերացնում եք, եթե ՀՀԿ-ն մտադիր լինի կամ էլ նվազագույն ցանկություն ունենա, հապճեպորեն կարող է դիպչել տարածքային ամբողջականությանը, բայց, փառք Աստծո, որ իրենց բարեհաճությամբ նրանք դեռեւս այդպիսի ցանկություն չունեն։

Հարկ է սակայն նկատել, որ ՀՀԿ-ի հավաստիացումներին մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ լուրջ վերաբերվել։ Անվիճելի է, որ ՀՀԿ-ականները մինչեւ Սերժ Սարգսյանի «հորդորը», միաբերան արտահայտվում էին նախագահական համակարգի արդյունավետության օգտին՝ խստագույնս սեւացնելով խորհրդարանական կարգերն ու դրանց ջատագովներին: Այսօր, սակայն, նրանք միանգամայն հակառակ կեցվածքն են որդեգրել: Այնպես որ, երբ ՀՀԿ-ն այսօր խոստանում է չդիպչել ՀՀ տարածքային ամբողջականությանը, նույն փուտաջանությամբ վաղը համոզելու է, որ զիջումները բխում են Հայաստանի շահերից։

Սակայն այս հարցում ուշագրավ է հատկապես ՀՅԴ-ի կեցվածքը։ Մշտապես իր հեղափոխական անցյալով հպարտացող, Թուրքիայից հայկական հողերը առերեւույթ պահանջող կուսակցությունն այսօր պատրաստ է ժողովրդական հանրաքվեի միջոցով վաճառքի հանել նաեւ ՀՀ-ի տարածքը: Իսկական «հայրենասիրական» կեցվածք է, առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ ՀՅԴ-ն 1988-ի շարժման ժամանակ դեմ էր Հայաստանի անկախությանը: Պատերազմի ամենածանր օրերին զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ու Պնախարարին առնվազն պաշտոններից հեռացնելու քարոզի ուղեկցությամբ պայթուցիկներով զինված հանրահավաքներ անող կուսկացությունից հազիվ թե կարելի էր մեծ բան ակնկալել։ Այս համատեքստում արժի հիշեցնել, որ Դաշնակցությանն է պատկանում Հայոց պատմության մեջ վատթարագույն Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի կնքման «պատիվը»։

Այս կուսակցության փակումը 1994թ․ դեկտեմբերին իրենց իսկ համար դրական նշանակություն ունեցավ զոհի կերպարի ձեւավորման առումով, որը լավագույնս օգտագործվեց Քոչարյանի օրոք պետության «բարեշինման» օրերին: Եւ հիմա` 6 տարի զրկված լինելով իշխանության աղբյուրից՝ ՀՅԴ-ն իր երանելի օրերին վերադառնալու նոր տարբերակ է գտել։

Դեռեւս 1920թ․ դեկտեմբերի 1-2-ին՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքման նախօրեին, ՀՅԴ իշխանական շրջանակները ցայտնոտի մեջ էին՝ մի կողմից «բանակցելով» Թուրքիայի, մյուս կողմից՝ Խորհրդային ուժերի հետ։ Կուսակցության անպատասխանատու պահվածքի, միմյանց հանդեպ բացարձակ անվստահության ու բարձիթողի մթնոլորտում իրենց իսկ դիվանագիտական անհեռատեսության պատճառով ծագած պատերազմի ավարտին Թուրքիային զիջեցին Կարսը, Սուրմալուն ու Նախիջեւանը։ Հետո, իհարկե, հասցրին մեղքը բարդել բոլշեւիկների վրա: Սակայն փաստ է, որ պայմանագիրը կնքել է ՀՅԴ քաղաքական ղեկավարությունը՝ հանձինս նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի: Այսօր փորձելով չկրկնել 100 տարի առաջվա սխալը` ՀՅԴ-ն ապահովագրում է իրեն՝ գոնե փաստաթղթային մակարդակով մեղավոր հռչակելով ժողովրդին։ Վանո Սիրադեղյանը ՀՅԴ-ի այսօրինակ բնույթի մասին լավագույնս է արտահայտվել․ «Եվ կլինի էլի բարոյական հաղթանակ: Իսկ դաշնակները ձեռնամուխ կլինեն «հողահավաքի» հաջորդ էտապին կամ, ծայրահեղ դեպքում, կվերադառնան իրենց երկրները՝ իրենց ռեկետի գործին»:

Ինչեւէ, հատկանշական է նաեւ, որ գործող Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է: Այսինքն՝ գործ ունենք տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իմպերատիվի հետ եւ դրա խաթարման համար գոյություն ունի հստակ պատասխանատու: Արձանագրելի է, որ գործող Սահմանադրությամբ ոչ ոք ամբողջականության հարցի որոշման գործառույթ չունի՝ անգամ նախագահը, մինչդեռ նոր նախագծով հարցը լիովին դառնում է սակարկությունների առարկա: Պետության շահերից ելնելով՝ կարելի էր այս հարցում ավելի առաջ գնալ ու ՀՀ տարածքային ամբողջականությանը սահմանադրական նորմի կարգավիճակ շնորհել։

Առաջարկվող տարբերակը, սակայն, ակնհայտ ետընթաց է կատարում` տարածքային ամբողջականության խաթարման հարցում մեղավորությունը գցելով ժողովրդի վրա՝ իբր հանրաքվեի կեղծ-ժողովրդավարական ինստիտուտի ներդրմամբ։ Սակայն մի՞թե գաղտնիք է, որ Հայաստանում ո՛չ համապետական ընտրություններն են անցնում ազնիվ, ո՛չ էլ հանրաքվեները՝ արդար։ Արդ, պատահական չէ, որ «Վենետիկի» հանձնաժողովը եվրոպական չափանիշներին համապատասխան է գնահատել այս նախագիծը։ Նրանց համար էլ լավագույն հնարավորություններն են ստեղծվում Հայաստանի իշխանությունների վրա ուզածի չափ ազդելու ու ցանկացած փորձարկում անելու համար:

Ն. Հովսեփյան




Լրահոս