Բոլորն էլ Հայաստանից ստիպված են գնում. օպերային երգչուհի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային երգչուհի Անի Սարգսյանը` Անի Յորենցը, արդեն մի քանի տարի է` Գերմանիայի Քասսել քաղաքի օպերային թատրոնի մեներգչուհին է, որտեղ հանդես է գալիս գլխավոր դերերով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչպես է ճակատագիրն իրեն տարել Գերմանիա, եւ ինչ հաջողությունների է նա այնտեղ հասել:

-Անի՛, գիտենք, որ Գերմանիայում որպես ուսանող բոլորովին պատահաբար եք հայտնվել, տուրիստական այցը դարձել է ճակատագրական. կպատմե՞ք այդ մասին:

-2009 թվականից տեղափոխվել եմ Գերմանիա, սովորել Ֆրանկֆուրտի արվեստի ակադեմիայում, բայց, որքան էլ զարմանալի է, բարձր մրցակցության պայմաններում ընդունվել եմ առանց հատուկ քննություններ հանձնելու. շատ պատահական կերպով այնտեղի դեկանն առիթ ունեցավ ինձ լսելու, ես ընկերուհուս հետ էի, անգամ գերմաներեն չէի հասկանում, նա թարգմանում էր մեր խոսքը:

Իմ կատարումը դուր եկավ դեկանին, իսկ ես պարզապես հարցրեցի` գուցե գամ, սովորեմ ակադեմիայում, նա էլ պատասխանեց, որ ես արդեն ընդունված եմ…Դա շատ անսպասելի, շոկային, ճակատագրական պահ էր ինձ համար… Ի դեպ, այնտեղ ուսումն անվճար էր, եւ շատ դժվար էր ընդունվելը…Այդպես ճանապարհն ինձ Հայաստանից տարավ Գերմանիա:

2

-Արդեն երեք տարի է` Քասսել քաղաքի օպերային թատրոնում աշխատում եք որպես մեներգչուհի, հանդես եք գալիս գլխավոր դերերով. այդտեղի փորձից ելնելով` ի՞նչ կցանկանայիք բերել մեր օպերային թատրոն:

-Մեր օպերային թատրոնի երգացանկը կցանկանայի ընդլայնել. իմ` Կոնսերվատորիայում սովորելու տարիներից ի վեր այն շատ չի հարստացել. տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների գործեր ներգրավելու կարիք կա: Օպերային թատրոնում, որտեղ ես աշխատում եմ, 20-25 սոլիստ կա. ամեն մեկը տարվա ընթացքում իր խառնվածքին բնորոշ 4-5 դեր է ստանում:

Կուզենայի մեզ մոտ էլ մեծ թվով երգիչներ դերեր ստանային. երիտասարդ կադրերի` բեմում լինելու կարիքը շատ մեծ է: Բացի այդ` շատ կցանկանայի, որ դրսից մեր թատրոն հրավիրվեին մեծանուն դիրիժորներ, ռեժիսորներ եւ այլ մասնագետներ, որոնք վարպետության դասեր կտային մեր երգիչներին: Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով հեռու է Եվրոպայից, այդ մշակութային շփումը շատ սերտ չէ: Մեծ մասամբ ուսանողներ են, որ առիթ ունեն շփվելու դրսի արվեստի հետ, սակայն դա էլ նրանց համար թանկ է արժենում:

-Դրսում լա՞վ եք վարձատրվում. թերեւս Գերմանիայում լավ մասնագետը կարողանում է գտնել իր տեղը եւ համարժեք վարձատրվել: Այդ դեպքում ո՞րն է մեր երիտասարդ կադրերին հայրենիքում պահելու ելքը:

-Ինքս չեմ դժգոհում, կարողանում եմ իմ գլուխը լավ պահել. բոլորն էլ Հայաստանից ստիպված են գնում. օրինակ՝ ինձ միայն Եվրոպայում ապրելու փաստը երբեք չի շահագրգռել, պարզապես ես ուզեցել եմ իմ գործով զբաղվել: Ես երկրից դուրս չէի գա, եթե հայրենիքում ավելի շատ աշխատատեղեր լինեին օպերային երգիչներիս համար: Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց մեր երկիրը փոքր է, ունի ընդամենը մեկ օպերային թատրոն, երկրորդը հազիվ թե բացվի, թեեւ, օրինակ` Բեռլինում կա երեք օպերային թատրոն: Եվ եթե այստեղ երաժիշտները կարող են մտնել նվագախմբեր, համերգներով հանդես գալ, ապա օպերային երգիչների արենան ավելի նեղ է:

-Հայկական օպերային արվեստի գործերը դրսում կատարելու առիթներ եղե՞լ են: Իսկ մեր թատրոնում դրանց քանակը Ձեզ բավարարո՞ւմ է:

-Ամեն տարի, երբ գալիս եմ Հայաստան, պարտադիր գնում եմ «Անուշ» օպերան ունկնդրելու, անկախ այն բանից, թե ով է այն երգում, ինչպես է երգում: Մեզ մոտ հայկական օպերային արվեստի գործերը քիչ են ներկայացվում, եթե դրանք համեմատենք, օրինակ, ֆրանսիական, գերմանական, իտալական օպերաների քանակի հետ, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը փոքր է, նրանց երաժշտական գրականությունն էլ ավելի հարուստ է:

Ինչ վերաբերում է դրսում հայ արվեստի գործերը ներկայացնելուն, ապա ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ այս տարի Ֆրանկֆուրտում գերմանացիների նախաձեռնությամբ կայանալու է համերգ, որի ընթացքում հնչելու է Տիգրան Մանսուրյանի գրած ռեքվիեմը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նվագախմբում լինելու են գերմանացիներ, դիրիժորը եւս գերմանացի է, բայց կլինի երկու հայ սոլիստ` ես եւ Գուրգեն Բավեյանը: Դիրիժորը շատ ուզում էր, որ սոլիստները պարտադիր հայ լինեն: Այդ համերգին ներկայանալն ինձ համար մեծ պատիվ է:

3

-Եւ վերջում, ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:

-Ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր դրսում են, հաճույքով կգային, կկիրառեին իրենց ստացած փորձը, եթե, ինչպես նշեցի, լինեին աշխատատեղեր: Ու թեեւ հայաստանցի հանդիսատեսը շատ ավելի խստապահանջ է, քան դրսի հանդիսատեսը, բոլորիս համար էլ հայաստանյան բեմն ու հայաստանցու ծափահարությունն անփոխարինելի են:

Աննա Բաբաջանյան




Լրահոս