ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հրուշակեղենի արտադրության ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 11.9 տոկոսով: Իսկ շաքարավազի արտադրության ծավալները նվազել են 87.4 տոկոսով: Այսինքն՝ կարելի է ասել, որ այս տարի Հայաստանում շաքարավազ գրեթե չի արտադրվել:
Ինչպես հայտնի է՝ Ախուրյանում գտնվող շաքարի գործարանը պատկանում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, շաքարավազի ներկրման մենաշնորհը եւս նրան է տրված: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս տարի Ալեքսանյանը ոչ թե շաքարավազի հումք, այլ հենց պատրաստի արտադրանք է ներմուծել Հայաստան: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության մեջ մի ուշագրավ տվյալ եւս կա, որը չի կարող տարակուսանք չառաջացնել: Պարզվում է, որ այս տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրեթե մարմար չի արտադրվել՝ նվազումը կազմել է 98.4 տոկոս: