ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանի 2014 թվականի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ դատավորի ունեցվածքն անցած տարի շեշտակի աճել է: Նրա դրամական միջոցները, որոնք 2014-ի տարեսկզբին եղել են 4 մլն դրամ եւ 85 հազար դոլար, նույնն են մնացել: Իսկ եկամուտները անասելի ձեւով աճել են: Նախ նա «բնեղեն» եկամուտ է ստացել, որը ներկայացված է իբրեւ «ժառանգություն»:
Դրանք են՝ 9 հողամաս, որոնց ընդհանուր արժեքն է 19 մլն 485 հազար դրամ, մեկ բազմամյա տնկի՝ 6 մլն 800 հազար դրամ, մեկ հասարակական նշանակության շինություն՝ 67 մլն 480 հազար դրամ, բնակարան՝ 19 մլն 70 հազար դրամ արժեքով, եւ արտադրական նշանակության շինություն՝ 38 մլն 380 հազար դրամ արժեքով: Ի դեպ, դատավորը 30 մլն 765 հազար դրամով նոր կառուցված ինչ-որ շինություններ է գնել: Մի խոսքով, Արտակ Բարսեղյանի ունեցվածքին ցանկացած գործարար կնախանձեր: Չմոռանանք նշել, որ Բարսեղյանի ամսական աշխատավարձը 850 հազար դրամ է: