Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու գործընթացը մեծ թափ է հավաքում: Օրերս նախագահականում կայացած սահմանադրական ֆոտոսեսիան ցույց տվեց, որ «կոնսոլիդացված» քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե կարողանան 2017թ․ խորհրդարանում հայտնվել: Այս համատեքստում հետաքրքրական է, թե նոր Սահմանադրությամբ ինչպիսին կլինեն Ազգային ժողովի ձեւավորման ու գործունեության առանցքային մեխանիզմները, որոնք տարբերվում են գործող Սահմանադրության նախատեսած պայմաններից: Ստորեւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ կքննարկենք պատգամավորի պատասխանատվության եւ ԱԺ-ում նոր խմբակցություններ չձեւավորելու հետ կապված հիմնահարցերը:
Այսպես՝ սահմանադրության նոր նախագծի 95-րդ հոդվածով պատգամավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել ԱԺ-ում իր արտահայտած կարծիքի եւ կատարած քվեարկության համար: Հատկանշական է, որ գործող Սահմանադրությամբ այս արտոնակարգը սահմանվում է բացառապես կարծիքի համար՝ տեղ թողնելով քվեարկության հարցում պատգամավորի պատասխանատվությանը: Խնդիրն այն է, որ պատգամավորի կարծիքը չի կարող առարկայական հետեւանք ունենալ, մինչդեռ քվեարկությունն արդեն լիովին իրավական տիրույթում է: Ենթադրենք՝ ԱԺ-ում ընդունվում է Հայաստանի պետական շահերի դեմ որեւէ որոշում, որը հաջորդ փուլում դատական իշխանության կողմից ճանաչվում է հակաօրինական եւ ընդհուպ մինչեւ դավաճանական: Ի՞նչ է, ձեւական գործընթաց պիտի ձեռնարկվի, այդ որոշումը չեղարկվի եւ անցնենք առաջ՝ առանց մեղավորներին այդ ապօրինության համար պատասխանատվության կանչելո՞ւ: Վերջապես, մի բան է, երբ պատգամավորը կարծիք է արտահայտում, մեկ այլ բան, երբ քվեարկում ու պետական շահի դեմ որոշում ընդունում: Առաջարկվող նախագծով ԱԺ-ը փաստացիորեն վերածվում է պետությունը կառավարող մարմնի, որի անդամները իրենց կայացրած որոշումների համար պատասխանատվության կանչվել չեն կարող:
Մինչդեռ «մարդակենտրոն» սահմանադրություն ստեղծող հանձնաժողովը պետք է խստացներ պատգամավորների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն սահմաներ ուրիշի փոխարեն կատարած քվերակության համար։ Իսկ այս դեպքում ՀՀԿ-ականները կարող են Հայաստանն էլ ծախել, ինչպես հասցրել են վարվել պետական ունեցվածքի հետ, եւ իշխանափոխությունից հետո չքմեղանալ, թե սահմանադրությունը թույլ չի տալիս թեկուզ եւ պետական դավաճանության օգտին կատարած քվեարկության համար պատասխանատվության ենթարկել իրենց։
Հետաքրքիր է, որ Գերմանիայի Սահմանադրության 46-րդ հոդվածն այս հարցով սահմանում է, որ պատգամավորը չի կարող պատասխանատվության կանչվել Ազգային ժողովում ունեցած իր քվեարկության կամ կարծիքի համար։ Սակայն նույն հոդվածը հստակորեն ամրագրում է, որ այս արտոնությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործ ունենք զրպարտչական վիրավորանքների հետ։ Փաստորեն, Գերմանիայում առնվազն նվազագույն վերապահությունն արված է եւ պատգամավորը չի օգտվում բացարձակ անպատժելիությունից: Ի դեպ, Գերմանիայում ուրիշի փոխարեն քվեարկությունների պրակտիկա չկա, իսկ պատգամավորը ընտրվում է գերազանցապես հասարակական վստահության արդյունքում, ուստի այնտեղ վաղուց հաղթահարված կարելի է համարել այդօրինակ արատավոր գործելակերպը։ Ավելին՝ պետական դավաճանության հարցում այնտեղ հանրային ու քաղաքացիական պատասխանատվության աստիճանն այնքան մեծ է, իսկ դատական անկախությունը՝ այնքան ինստիտուցիոնալիզացված, որ պատգամավորի կամ կուսակցության մտքով չի էլ անցնի անձնական շահերի հաշվին զոհաբերել պետական շահը։ Իսկ մեզ մոտ, երբ ամենաբարձր օղակից է ներդրված պետական շահի զոհաբերումը մասնավոր հետաքրքրություններին, նման ճոխություններ թույլ տալն անկարելի է: Իսկ ամեն գնով իշխանության պահպանման տենչը զուգահեռաբար հոշոտում է Հայաստանի պետական հիմնադրույթները։
Սահմանադրության նոր տարբերակում առաջարկվում է արգելել ԱԺ-ում նոր խմբակցությունների ձեւավորումը: Ըստ էության, սա արվում է իշխող կուսակցության պառակտումը թույլ չտալու համար՝ աչքի առաջ ունենալով 1998թ․«Հանրապետություն» միավորման մասնատումը: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն իր փորձով լավ գիտի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դավաճանածների կոհորտան, սեփական շահերից ելնելով, նույնը կարող է կրկնել իր հանդեպ: Եվ ուստի սա ԱԺ-ում պալատական հեղաշրջման կանխարգելիչ դրույթ է, որը կարող է համարվել հակաժողովրդավարական, քանզի արգելում է պատգամավորներին միավորվել խորհրդարանի ներսում: Գերմանիայում, օրինակ, խորհրդարանական խմբակցություն կարող է կազմվել խորհրդարանի պատգամավորների նվազագույնը 5 տոկոսի մասնակցությամբ, որոնք նույն կուսակցության անդամ են: Սա էլ գործընթացի ժողովրդավարականությունն ապահովող մի մեխանիզմ է:
Հավելենք, սակայն, որ մեզ մոտ գործող կարգով խմբակցությունը լքող պատգամավորը պարտադրված է հրաժարվելու մանդատից, մինչդեռ ՀԱԿ-ում, ԲՀԿ-ում եւ «Ժառանգություն»-ում այսօր տիրող իրավիճակը ապացուցում է, որ մարդիկ հարկադրված մնում են խմբակցության մեջ, ԶԼՄ-ներում անվանվում այդ խմբակցության պատգամավոր, բայց իրականում թշնամանքի մեջ են խմբակցության մեծամասնության հետ: Այդպիսի աբսուրդ իրավիճակում խմբակցության մեծամասնությունը չի կարողանում իր շարքերից հեռացնել իրեն հակադրվող եւ փաստացիորեն ճամբարափոխ եղած պատգամավորին, որը շարունակում է իրավաբանորեն համարվել այդ խմբակցության ներկայացուցիչը։
Կարելի էր գոնե փորձել առաջարկվող տարբերակում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնել վերոնշյալ եւ դրա նման այլ անհեթեթ զարգացումները կանխելու համար:
Սակայն իշխանությունն այս դեպքում կրկին առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրություններով՝ թքած ունենալով պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը ապահովելու իր կոչման վրա: Տպավորություն է ստեղծվում, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակում ներառել են իրենց մտապատկերում առկա բոլոր բացասական մեխանիզմները՝ դիտավորյալ կերպով խաթարելով թերություններով աշխատող, սակայն մինիմալ չափով կայացած պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը: Ըստ այդմ, ստեղծվում են բոլոր պայմանները՝ երաշխավորելու իշխանության միակենտրոնությունը եւ ամբողջ համակարգի նկատմամբ կոմպրոմատների փաթեթը իր ձեռքի տակ ունեցող Սերժ Սարգսյանի անսահման ազդեցության հավերժությունը:
Ն. Հովսեփյան