ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՆ ԱՅՐԵԼ ԵՆ ՈՒ ԳՑԵԼ ԱՂԲԱՆՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 8-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ժամը 03:30-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ այրվածքների հետեւանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ 48-ամյա Նվեր Երանոսյանը: Մահացածի հարազատները նրան գտել են աղբանոցում` մեքենայի մեջ: Վերջինիս այրել են ու թողել այդտեղ: Ն. Երանոսյանի հարազատները երեկ ահաբեկված վիճակում էին ու հրաժարվում էին դեպքի մասին մանրամասներ ներկայացնել, իսկ ոմանք էլ հաստատում էին մեր տեղեկությունները` խնդրելով անուններ չհրապարակել:
Կատարվածի հետ կապված՝  ողջ օրվա ընթացքում, քննարկվում էին տարբեր վարկածներ: Ուստի ներկայացնում ենք ե՛ւ “Ժողովուրդ”-ի ստացած տեղեկությունները, ե՛ւ ոստիկանության պաշտոնական լրատվությունը: Մեր տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ Նվեր Երանոսյանը, 36-ամյա Սարգիս Սարգսյանը, 42-ամյա Արսեն Նալբանդյանը եւ Գեղարքունիքի մարզի Շատջրեկ գյուղի բնակիչ 36-ամյա Մարտիկ Սահակյանը ,չղջիկներե են` մարդիկ, որոնք չունեն աշխատանք եւ գտել են ապրելու այսպիսի միջոց. իրենց բնակավայրի կողքին գտնվող ոսկու հանքից հանքանյութ են հանում, այն տեղափոխում իրենց տուն, մանրացնում, լցնում “կիսլատայի” մեջ, ինչից հետո հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, որն էլ վաճառում եւ ապրում են: Տեղեկացանք, որ վերը նշված անձինք դեպքի գիշերը կրկին “աշխատանքի” են գնացել, որոշել են վրան խփել ու  մինչեւ լույս  աշխատել: Իսկ քանի որ հանքում ցուրտ է, մարդիկ այդ հարցն էլ են լուծել՝ վրանում տեղադրել են փայտից վառարան, որպեսզի կարողանան դիմակայել ցրտին: Սակայն  վերջիններս քնով են անցել, ու գիշերը հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով էլ Նվերն այրվածքներից մահացել է, իսկ նրա ընկերները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  
Սակայն Նվերի հարազատները կատարվածի մասին այլ տեղեկություն հաղորդեցին: Նրանց ներկայացմամբ` Նվերի վրա բենզին են լցրել ու այրել, բայց թե որն է եղել այդ ամենի պատճառը, հարազատները տեղյակ չեն: Նրանք շատ վախեցած էին ու հիմնականում հրաժարվում էին դեպքի հետ կապված որեւէ բան ասել: Մի քանիսն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք լսել են, թե ,իրան վառել են, բերել գցել աղբանոցում, ինչ-որ վառված շոր են ցույց տվել ու ասել, թե էսի ինքն ա, իրա շորն ա, ու ինքը ստեղ ա վառվել: Բայց էտի իրականությանը չի համապատասխանում, ձյան վրա էդպես կվառվե՞ր: Հիմա ասում են՝ իրան վառել են, բայց թե կոնկրետ ինչ ա եղել, չենք կարա ասենք, ասում են՝ բենզինը լցրել են վառել: Վարկած կա, որ ասում են, թե իր ընկերներն են իրան վառել, բայց թե որքանով ա դա ճիշտ, չենք կարա ասենք”:
Տեղեկացանք նաեւ, որ Նվերի ավագ որդին հայոց բանակում է ծառայում եւ երեք ամսից պետք է զորացրվեր: Իսկ կրտսեր որդին 12 տարեկան է: Մեր տեղեկություններով՝ Նվերի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Սակայն նրա հարազատներն անգամ չեն տեսել դիակը, քանի որ դագաղը փակ է եղել:
Փորձեցինք ճշտել նաեւ, թե ինչ վիճակում են գտնվում մյուս տուժածները, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրանց տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որ հիվանդանոց են տեղափոխել, քանի որ որեւէ հստակ տեղեկություն չկար այդ մասին: Վարդենիսցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց տեղեկություններով՝ վիրավորներին Երեւան չեն տեղափոխել, այլ փորձել են տան պայմաններում բուժել:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից  “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ փետրվարի 7-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Սարգիս Սարգսյանը, վարելով “Օփել” մակնիշի ավտոմեքենան,  երթեւեկել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով: Մեքենայի մեջ են եղել Մարտիկ Սահակյանը, Արսեն Նալբանդյանն ու Նվեր Երանոսյանը: Ճանապարհին ավտոմեքենայի բենզինը վերջանալու պատճառով կանգնել են: Այդ ժամանակ Ն. Երանոսյանը բեռնախցիկից պլաստմասե տարայով բենզինը հանել եւ փորձել է լցնել բենզաբակը: Սակայն ձագարը շուռ է եկել եւ լցվել Երանոսյանի վրա, որն այդ պահին ծխախոտով է եղել, ինչից էլ հրդեհ է առաջացել: Ընկերները փորձել են ձեռքերով հանգցնել, սակայն նրանց մոտ չի ստացվել: Ն. Երանոսյանը ստացած այրվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Հետագա բուժման նպատակով Մարտիկ Սահակյանը եւ Արսեն Նալբանդյանը տեղափոխվել են Երեւան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասով` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանել տուժողի մասին, եւ ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Կատարվում է նախաքննություն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 476 համար




Լրահոս