ՀՀ վարչական դատարանի 33-ամյա դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Անի Հարությունյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 420 հազար դրամ:
Անի Հարությունյանը նախորդ տարվա ընթացքում նաեւ ստացել է 6 մլն 231 հազար դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի, վարձակալության դիմաց: Ստացել է նաեւ փոխառություններ` 37 հազար դոլար եւ 5 մլն դրամ:
Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ:
Մի խոսքով, Անի Հարությունյանը բոլոր հիմքերն ունի կոչվելու հաջողակ կին գործարար, բայց նա որոշել է լինել դատավոր: