Եթե այս պահին Տավուշում չեմ, դեռ չի նշանակում, որ տեղյակ չեմ գյուղացիների վիճակի մասին. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց խուճապի չմատնվել սահմանին տիրող լարվածության հետ կապված, նաեւ հավաստիացրեց, որ իրավիճակը գտնվում է ՀՀ իշխանությունների շուրջօրյա հսկողության տակ:

-Պարո՛ն Երիցյան, մի քանի օր է, ինչ Տավուշի մարզի գյուղերը ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծվում են, ինչի արդյունքում կան վիրավորներ, եւ բացի այդ՝ սահմանագոտու բնակիչները նյութական վնասներ են կրում: Ի՞նչ եք անում Դուք` որպես ՏԿԱԻՆ նախարար, ինչո՞ւ որեւէ կերպ չեք արձագանքում կատարվածին, ինչո՞ւ Տավուշի մարզում չեք, գյուղացիների կողքին:

-Հեշտ է մեղադրանքներ հնչեցնելը, երբ այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը հրապարակային չէ: Ուղղակի կցանկանայի մեկ անգամ եւս Ձեզ եւ մյուս լրագրողներին հիշեցնել, որ հակամարտությունների գոտիներում, մասնավորապես, երբ իրավիճակը սրվում է, գործում են հանրային իրազեկման այլ սկզբունքներ, որոնք ենթադրում են տեղեկատվության որոշակի սահմանափակումներ: Խորհուրդ կտայի բջջային հեռախոսներով քիչ կապվել գյուղապետների հետ ու իրավիճակի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել: Ես՝ որպես ՏԿԱԻ նախարար, պաշտոնապես հայտարարում եմ, որ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է իմ հսկողության տակ, ամենայն մանրամասնությամբ տիրապետում եմ իրավիճակին, եւ տրվում են կոնկրետ, նպատակային, իրավիճակային ու համակարգային հանձնարարականներ: Կառավարման իմ թիմն ամբողջությամբ ներգրավված է: Իհարկե, շատ բնական է հնչում հարցը, թե ինչու ես հիմա Տավուշում չեմ: Որովհետեւ չորս տարվա տքնաջան աշխատանքից հետո այս օրերին մեկնարկել է հայկական փրկարար ուժերի որակավորման վարժանք-քննությունը, որը հաջող հանձնելու դեպքում մենք կդառնանք ՄԱԿ-ի քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) անդամ՝ 33-րդը: Դա շատ մեծ պատիվ է ու գնահատական: Բազմաթիվ բարձրաստիճան փորձագետներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, եւ մեկ երկու օրից, ես հույս ունեմ, որ կհայտարարենք հերթական փորձության հաղթահարման մասին: Զուգահեռ ուշադրությունս կենտրոնացած է Տավուշի մարզում ծավալվող իրադարձությունների վրա:

-Իսկ Տավուշի սահմանագոտու գյուղացիների վնասներն ինչպե՞ս են փոխհատուցվելու, արդյո՞ք արդեն հստակեցված է կորուստների չափը:

-Նախ ուզում եմ նշել, որ եթե ես այս պահին Տավուշում չեմ, դա դեռ չի նշանակում, որ ես տեղյակ չեմ, թե ինչ կորուստներ են եղել, ու գյուղացին ինչ վիճակում է գտնվում: Բոլոր հանձնարարականները տվել եմ Տավուշի մարզպետին, նրա հետ մշտապես կապի մեջ եմ, գիտեմ, թե ամեն վայրկյան ինչ է կատարվում, մարզպետն ինձ դրա մասին զեկուցում է: Գյուղերի կրած վնասների մասին տեղյակ եմ, բոլորն էլ գիտեն, որ նման դեպքերում հանձնաժողով է ձեւավորվում, գնահատվում են վնասները, ու արդյունքները ներկայացնում կառավարություն: ՄԵնք մեր գործը լավ գիտենք ու գիտենք, թե այդ պահին ինչ է պետք անել: Եթե մենք ամեն ինչի մասին բարձրաձայնենք, ասենք մեր քայլերի ու անելիքների մասին, ապա հեշտացնելու ենք հակառակորդի գործը: Ասեմ նաեւ, որ մեր բանակը շատ լավ գիտի իր գործը ու գիտի, թե որ պահին ինչ է պետք անել: Հակառակորդին մշտապես էլ տրվում են արժանի պատասխաններ, մեր բանակը զգոն է, տիրապետում է իրավիճակին, որը մեզ վստահություն եւ ուժ է տալիս՝ մեր պարտականությունները հանգիստ ու հստակ իրականացնելու:

-Այնուամենայնիվ, որպես արտակարգ իրավիճակների նախարար ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել հիմա, երբ ադրբեջանական կողմն արդեն սկսել է հզոր զինատեսակներ կիրառել:

-Առաջին հերթին՝ բացառել խուճապը: Ես բազմիցս եմ ասել, որ արտակարգ իրավիճակներում չպետք է խուճապի մատնվել, դա ամենավատ բանն է նման իրավիճակներում: Բոլորն էլ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում, բոլորս էլ հասկանում ենք պահի լրջությունը, բայց սխալ է, երբ նման դեպքում հանրությունը սկսում է խուճապի մատնվել: Հավատացեք՝ խուճապի պատճառով ոչ թե իրավիճակը հարթվում է, այլ ավելի է լարվում: Նման իրավիճակում պետք է բացառել ինքնագործունեությունը, անհիմն ու ապակողմնորոշող հայտարարությունները, կոչերը, մեղադրանքները, անպատասխանատու գործողությունները: Դա, նվազագույնը, պրոֆեսիոնալ չէ, էլ չեմ խոսում բացասական հետեւանքների մասին: Հավատացնոմ եմ Ձեզ, որ մեզնից յուրաքանչյուրը շատ հստակ պատկերացնում է իր գործառույթը, իր առաքելությունը, իր կոչումը: Մենք այս երկրի զավակն ենք, այս փոքր ընտանիքի անդամը: Շատ ցավալի է, որ մենք կորուստներ ենք ունենում, խորին հարգանք ու խոնարհում զոհվածների ընտանիքներին: Բայց ով չի հասկանում ու խորությամբ գիտակցում, որ մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք:

-Պարո՛ն Երիցյան, սեպտեմբերի 4-ը ԱԻՆ, իսկ հիմա արդեն՝ ՏԿԱԻՆ աշխատակցի օրն է, ի՞նչ հասցրեցիք ու չհասցրեցիք անել այս տարիների ընթացքում:

-Մեծ երազանք ունեմ՝ կառուցել աղետակայուն, հզոր, բարեկեցիկ, մրցունակ ու կայուն զարգացող, շենացող ու երջանիկ երկիր եւ ամեն օր ջանք չեմ խնայում, որ ունենանք այդ երկիրը: Մենք այս ընթացքում շատ աշխատանք ենք կատարել ու չենք դադարեցնելու մեր աշխատանքները, մենք դեռ շատ գործ ունենք անելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս