Եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում վերջնականապես կործանել երկրի տնտեսությունը, պետք է «ոչ» ասեն Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումա է ուղարկել ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու մասին օրինագիծ: Այն կյանքի կոչելու դեպքում կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա փոխադարձ հաշվարկներում հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից:

Դրանով առաջարկվում է ԱՊՀ տարածքում ստեղծել մի համակարգ, որի շնորհիվ անդամ երկրները միմյանց միջեւ դրամաշրջանառության ընթացքում դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներ կատարելուց կհրաժարվեն:

Ըստ օրինագծի՝ նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնք առաջարկում են ազգային առեւտրային բանկերը: ՌԴ կառավարության ներկայացմամբ՝ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առեւտրի ոլորտում վճարումների եւ ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ եւ այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:

Տեղեկանալու համար, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու մասին նոր օրինագիծը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ: «Ավելի շատ օրինագծի առաջարկը վերաբերում է ոչ թե ԱՊՀ տարածքում դոլարից եւ եվրոյից հրաժարվելուն, այլ ԵՏՄ անդամ երկրների մասով իրենց միջեւ տնտեսական հարաբերությունները, առեւտրային շրջանառությունը իրականացնելուն՝ ռուսական ռուբլիով եւ ոչ թե դոլարով կամ եվրոյով: Բայց դա ընդհանուր առմամբ ե՛ւ տնտեսության, ե՛ւ ձեռնարկատերերի համար դրական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ այս պահին տեղի է ունենում միջանկյալ արժեքի կիրառում, այսինքն՝ դոլարով եւ եվրոյով են ստիպված փոխարկում եւ հաշվարկներ իրականացնում»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքերով՝ վերջին ժամանակաշրջանում ՌԴ-ում փոխարժեքի կտրուկ տատանումները լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ հայաստանյան ընկերությունների վրա:

«Եթե հաշվարկներն իրականացվեն ռուսական ռուբլով, դա որոշ չափով ավելի կանխատեսելի կդարձնի ապրանքաշրջանառության հարաբերությունները, սակայն կարծում եմ, որ կարճաժամկետ հատվածում դա դժվար թե իրականություն դառնա, որովհետեւ լուրջ փոփոխություն է այն իր մեջ ենթադրում: Բայց մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ ԵՏՄ անդամ երկիր ենք, գոնե պետք է միասնական արժեքով տնտեսական հարաբերություն իրականացնել: Սակայն Եվրամիության օրինակը եթե դիտարկենք, դա արդեն տնտեսական միության կայացման վերջին փուլն է, եւ կարծում եմ, որ գոնե առաջիկա 10-15 տարում նման փոփոխություն տեղի չի ունենա: Բայց մյուս կողմից էլ կան նաեւ տնտեսական միություններ, որոնք չունենալով միասնական արժույթներ՝ ընդունել են այդ երկրներից մեկի միասնական արժույթը, որը հիմնականում հանդիսանում է դոմինանտը, այսինքն՝ ում տնտեսությունը հիմնական մասնաբաժինն է կազմում, այդ երկրի արժույթով էլ իրականացվում են իրենց հաշվարկները: Ամեն դեպքում սա մեզ համար կարող է դրական փոփոխություն լինել»:

Նկատենք, որ հայ գործարարները, որոնք ապրանք են արտահանում դեպի ՌԴ, այս օրերին գործարքները կատարում են ռուբլիով, սակայն դրա արդյունքում մեծ վնասներ են կրում, եւ արտահանելն արդեն եկամտաբեր չի դառնում: Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս նոր օրինագծի ընդունման դեպքում մեր գործարարները կրկին չեն տուժի. «Անկախ ամեն ինչից, եթե այս պահին էլ գործարքներն իրականացվում են ռուբլիով, արդյունքում փոփոխությունը այդ մասն ամրագրում է: Դա իրոք մեր արտահանողների վրա բացասական է անդրադառնում, քանի որ մեր երկրի ընկերություններն իրենց ապրանքը վաճառելով ռուբլիով՝ ունենում են ավելի քիչ դոլար կամ դրամ: Հայկական որեւիցե ապրանքի վաճառքը ռուբլիով ձեռնտու չէ մեր գործարարներին: Հաշվի առնելով, որ մեր ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման ծավալները բավականին մեծ էին, արտաքին առեւտրի մեծ նվազում արձանագրվեց: Սա ավելի շատ պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ, քան այս փոփոխություններով: Ռուբլու արժեզրկման արդյունքում ընկերությունները մեծ կորուստներ են ունենում»:

Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանի տնտեսությունը ռուսական ռուբլուց ունեցած կախման պատճառով առանց այդ էլ ծանր կացության մեջ է, եւ միջազգային շուկաներում Ռուսաստանի դեմ իրականացվող գործընթացները մեզ մոտ իրենց անմիջապես զգացնել են տալիս: Եթե ռուբլուց կախվածությունն ավելի մեծանա, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի չի դիմանա այդ արժույթի հետ տեղի ունեցող տատանումներին: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում վերջնականապես կործանել Հայաստանի տնտեսությունը, ապա պարտադրված են լինելու Ռուսաստանին «ոչ» ասել այս հարցում: Կկարողանա՞ն արդյոք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս