Երվանդ Զախարյանը լավ չի՞ հասկացել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս երկուշաբթի աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ հայտարարեց: Այդ մրցույթի արդյունքում պետք է ընտրվի այն ընկերությունը, որը ՀԷՑ-ում պետք է աուդիտ անցկացնի: «Ժողովուրդ»-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն այս առիթով հետեւյալ հարցն էր ուղղել. «Ինչո՞ւ ՀՀ Կառավարության կողմից չի հայտարարվել այդ մրցույթը»: Հինգ օր անց մենք, ի վերջո, ստացանք հարցման պատասխանը: Սակայն խնդիրն այն է, որ մեզ ուղարկված գրությունում հարցի պատասխանն այդպես էլ չկա:

ԷԲՆ-ից ուղարկած գրությունում նշված է. «ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ս.թ. հունիսի 27-ին իր մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով առաջարկել է ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն …»: Այսինքն` նախարարությունից ցանկանում են ասել, որ Սերժ Սարգսյանը աուդիտի մասին ոչինչ չի ասել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նույն օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Ստացվում է, որ Երվանդ Զախարյանն ու նրա ենթակաները կա՛մ լավ չեն ընթերցել Ս. Սարգսյանի խոսքերը, կա՛մ չեն հասկացել, կա՛մ էլ պարզապես ցանկանում են իրականությունը խեղաթյուրելով՝ հարցը լուծել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս