ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԵՂԱՎ
Երեկ Երեւանում հանկարծամահ է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ադմինիստրացիոն ղեկավար Հելեն Բեքմանը: 51-ամյա Բեքմանը ԵՄ պատվիրակության ադմինիստրացիան ղեկավարում էր 2012թ. սեպտեմբերից:

ԷՊՈՍԱԳԵՏԻ «ՌԵՄՈՆՏՉԻԿՆԵՐԸ»
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հաստատել է տեղեկությունը, որ Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը մասնակցել են իր տան վերանորոգման աշխատանքներին: Միեւնույն ժամանակ նախագահի թեկնածուն հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել` նշելով. «Իմ տանն այնքան մարդ է գործ արել, հետո՞ ինչ»:  

ՉԻ ՄՏՆԻ ՀԱԿ
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ կապ չի ունենալու ստեղծվելիք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ. «Այդ կուսակցության ստեղծումը, ըստ էության, նշանակում է ՀԱԿ-ի վերջը: Առաջին նախագահի գործողությունները հարգում եմ, բայց «Ազատություն»-ը չկա այդ կուսակցության մեջ»:  

ՏԵՂԴ ԻՄԱՑԻ՛Ր
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված պաշտոնական խնջույքի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղեկանալով, որ իրեն հատկացված տեղը ՀՀԿ նախագահից երկու սեղան  հեռու է, նեղացել է եւ աննկատ հեռացել:
Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի անտեսել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը նստել է նախագահից մեկ սեղան այն կողմ` մարզի ուժային կառույցների ղեկավարների հետ:

ՇՈՒԿԱՆ ԲԱՑՎՈՒՄ Է
Ռուսական շուկան կրկին բացվում է վրացական գինիների համար: Արդեն իսկ 60 վրացական ընկերություններ պատրաստ են գինի եւ հանքային ջուր արտահանել Ռուսաստան։ Դրանց  ցանկը ներկայացվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ին, եւ այդ ընկերություններն արդեն անցել են համապատասխան ստուգումներ: Այդ մասին հայտնել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին: Հիշեցնենք, որ ռուսական շուկան վրացիների համար փակվել էր  2006 թվականից քաղաքական պատճառներով:

ԱՇՈՏՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Առողջապահության նախարարությունն ինձ վրա ճնշում է գործադրում՝ պարբերաբար հայտարարելով այս կամ այն բժշկական պրոցեդուրաների անցկացման անհրաժեշտության մասին»,-երեկ նման հայտարարություն է արել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ երբ ինքը հացադուլի 15-րդ օրը տուն էր գնացել՝ լողանալու, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ այդ ամենը ռեալիթի շոու է: «Իշխող կուսակցության անդամները պետք է կողմնորոշվեն: Եթե նրանք կարծում են, թե հացադուլը ռեալիթի շոու է, ապա ես լիովին կհրաժարվեմ առողջապահության նախարարության ծառայություններից:  Եթե նրանք որոշեն, որ սա ռեալիթի շոու չէ, եւ Արմեն Աշոտյանը հայտարարի այդ մասին, ապա այդ դեպքում ես կհամագործակցեմ առողջապահության նախարարության հետ»,-ասել է Ղուկասյանը:




Լրահոս