Հայաստանի տնտեսությունում մրցակցության անհրաժեշտության մասին բոլորն են խոսում, նույնիսկ այն գործիչները, որոնց գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել տնտեսությունում մենաշնորհներ սահմանելուն: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանրության լայն շերտերի համար տնտեսական մրցակցությունը երբեւէ առանցքային կարեւորություն ձեռք չբերի: Եւ այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսությունում միակ ոլորտը, որտեղ առկա է լիարժեք մրցակցություն, կապի շուկան է:
Այն բանից հետո, երբ բջջային կապի շուկայում սկսեց գործել երկրորդ օպերատորը` «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել»), շատ արագ վերացավ այդ շուկայում առկա դեֆիցիտը, եւ ամեն ամիս սակագները սկսեցին իջնել: Այսօր Հայաստանի կապի շուկայում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից երեքը` «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ «Բիլայն»), «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել») եւ «Յուքոմ», ամենախոշորներն են: «Յուքոմը» ինչպես հայտնի է՝ պատկանում է ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին: Այս ընկերությունը Հայաստանի շուկայում սկսեց գործել 2007 թվականից: Անկախ ամեն ինչից՝ այս ընկերության գործունեությունը եւս Հայաստանի կապի շուկայում լուրջ մրցակցություն առաջացրեց, որոնց արդյունքում ոլորտը սկսեց ավելի արագ զարգանալ:
Մասնավորապես, հենց այդ ընկերության շուկա մտնելու արդյունքում Հայաստանի ինտերնետ շուկան սկսեց արագ զարգանալ, եւ սակագները սկսեցին նվազել: Բանն այն է, որ մինչեւ «Յուքոմի» շուկա մտնելը, լարային եւ բարձր արագությամբ ինտերնետ կապ առաջարկող «ԱրմենՏել» ընկերությունը լուրջ մրցակից չուներ: Իսկ մրցակից ունենալուց հետո այն սկսեց ծառայությունների որակը բարձրացնել` զուգահեռ նվազեցնելով սակագները: «Յուքոմի» կողմից ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելու հանգամանքն էլ նպաստեց, որպեսզի «ԱրմենՏելը» կապի այդ տեսակի ծառայությունները մատուցի նվազագույն սակագներով եւ արագացնի հեռախոսակապի թվայնացման գործընթացը:
Ինտերնետ հեռուստահեռարձակման` IPTV ծառայության մատուցման ոլորտում «Յուքոմը» մի պահ լուրջ մրցակցությունից դուրս էր: Այդ ծառայությունը մատուցող մի քանի փոքր ընկերություններին «Յուքոմը» շատ հեշտությամբ կլանեց եւ մի քանի տարի շարունակ` մինչեւ անցած տարի, այս ոլորտում լուրջ մրցակից չուներ: Այն բանից հետո, երբ «ԱրմենՏելը» եւս սկսեց ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայությունը մատուցել, անմիջապես հետեւեց «Յուքոմի» պատասխանը` իր կողմից մատուցվող սակագների իջեցման տեսքով: Ինչպես հայտնի է՝ այս տարվա օգոստոսին «Յուքոմը» գնեց բջջային կապի երրորդ օպերատորի` «Օրանժ Արմենիայի» ընկերությունը: Փաստորեն, այս ընկերությունն այժմ ի վիճակի է ամբողջական փաթեթով կապի ծառայություն մատուցել` ֆիքսված հեռախոսակապ, լայնաշերտ ինտերնետ, ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայություն եւ բջջային կապ: «ԱրմենՏելի» պատասխանը եւս չի ուշանում:
Այս ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` «Երեքը մեկում» սակագնային պլանը հաստատելու համար: Տվյալ դեպքում «Երեքը մեկում» փաթեթը ենթադրում է ֆիքսված հեռախոսակապ, լայնաշերտ ինտերնետ եւ ինտերնետ հեռուստահեռարձակման ծառայություն` IPTV: Սակայն ՀԾԿ հանձնաժողովը սահմանելու է միայն ֆիքսված հեռախոսակապի ծառայությունը` փաթեթի ներսում բաժանորդավճարը 600 դրամ (գործող 1200 դրամի փոխարեն), որը սպառողին տալիս 180 րոպե անվճար խոսելու իրավունք: ՀԾԿ հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին կայանալիք նիստում կհաստատի նոր սակագինը: Ի դեպ, չնայած հեռախոսակապի սակագնի իջեցման մասին է խոսքը, սակայն, օրենսդրության պահանջն է, որ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագինը հաստատվի ՀԾԿ հանձնաժողովի կողմից:
Ներկայումս «ԱրմենՏելը» ոչ բոլոր բաժանորդներին է ինտերնետ հեռուստահեռարձակման` IPTV ծառայություն մատուցում, սակայն, արդեն իսկ տեսանելի է, որ այս ընկերությունը անընդհատ ընդլայնում է այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունները: Կասկածից վեր է, որ երբ այդ ծառայությունը արդեն «ԱրմենՏելի» բաժանորդների գերակշռող մեծամասնությանը հասանելի կլինի, նրա եւ «Յուքոմի» մրցակցությունը ավելի կաշխուժանա, եւ երկուսն էլ կսկսեն բաժանորդներին գրավելու լրացուցիչ միջոցներ կիրառել: Այսինքն՝ ամեն դեպքում սպառողները կշահեն:
Մեկ ոլորտի օրինակով տեսնում ենք, թե մրցակցությունն ինչպես կարող է ցածր գին եւ բարձր որակ ապահովել: Սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են տնտեսության մնացած հատվածը մենաշնորհային պայմաններում պահել: Ավելին՝ նրանք չեն էլ պատրաստվում այդ վիճակը փոխել եւ տնտեսությունն ազատականացնել: Հայաստանի տնտեսությանը խեղդող օղակը հենց այդ գործոնն է: Եթե այդպես չլիներ, ապա տարադրամների փոխարժեքների տատանումները, նավթի գների տատանումները եւ մնացած համանման իրադարձությունները Հայաստանի տնտեսությանը ոչնչով չէին կարող սպառնալ: Իսկ այժմ Հայաստանի տնտեսությունը փետուրի պես է. ամենաթույլ քամուց անգամ տատանվում է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ