Կիրակի արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում 5 անհայտ անձինք՝ դիմակավորված, ինքնաձիգներով ու ատրճանակներով զինված, ավազակային հարձակում են գործել Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետի վրա:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց նշված ավտոտեխսպասարկման կետ, որը, ի դեպ, գտնվում է Աբովյան քաղաքի ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարեւանությամբ: Անվադողերի վերանորոգման կետի աշխատակիցներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, նշեց, թե վերանորոգման կետը պատկանում է 68-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանին. «Անվադողերի վերանորոգման կետը պատկանում է տիկին Շուշանիկին, վերանորոգման կետի հետնամասում 2-սենյականոց բնակարան կա, որտեղ նրանք ընտանիքով ապրում են»: Աշխատակիցը նշեց, որ դեպքի մասին նոր է իմացել եւ անմիջապես եկել է վերանորոգման կետ. «Չգիտեմ, շատ եմ զարմացած կատարվածով: Ընտանիքի անդամները դեպքից հետո փակել են ամեն ինչ եւ գնացել Երեւանի իրենց բնակարան, ու չգիտեմ էլ, թե երբ կգան»:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ վերանորոգման կետն աշխատում է առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն, իսկ ավազակային հարձակումը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ ավտոտեխսպասարկման կետի սեփականատեր Շուշանիկ Հովհաննիսյանի տղան` 46-ամյա Ռոբերտ Մնացականյանը, ցանկացել է փակել ավտոտեխսպասարկման կետի դռները:
Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել Շ. Հովհաննիսյանի հետ, սակայն նրա հարսը` 42-ամյա Արմինե Ազոյանը, ասաց, թե իր սկեսուրը դեպքից 20 օր առաջ ինսուլտ է տարել, ներկա պահին անկողնային վիճակում է եւ չի կարող խոսել: Արմինեն նշեց, որ դեպքի ժամանակ ինքը եւս տանն է եղել, եւ պատմեց որոշ մանրամասներ:
Նրա խոսքով` հանցագործները եղել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, եւ երբ ամուսինը փորձել է փակել ավտոտեխսպասարկման կետի դռները, դիմակավորված անձինք թույլ չեն տվել դա անել, ներկայացել են ոստիկանության աշխատակիցներ ու ներս մտել: «Այդ պահին, երբ ներս մտան, ասացին, թե ձեն չհանեք, ու պարզ էլ չէր, թե ինչ են ուզում, հետո նոր սկսեցին փողից խոսել: Մենք սկսեցինք անբացատրելի ձայներ հանել, ու նրանք ռետինե կպչուն ժապավեններով կապեցին մեր ձեռքերն ու ոտքերը, բերանները ու տունը տակնուվրա արեցին»,-նշեց Արմինեն:
Վերջինիս խոսքով` իր ամուսինը` Ռոբերտը, հարձակում իրականացնողներին ասել է, թե սովորական աշխատող է եւ փող չունի, սակայն փողի դիմաց առաջարկել է տալ մեքենայի անիվներ, որոնք լավ գին ունեն. «Չհամաձայնեցին ու սկսեցին մեր աչքի առաջ ծեծել ամուսնուս, սարսափելի էր»:
Արմինեն նշեց, որ հանցագործներին ինչ-որ բան խանգարել է, եւ նրանք ստիպված շատ արագ հեռացել են: «Ավան-Առինջ ավտոճանապարհին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, եւ ինձ թվում է, որ ոստիկանությունն այդտեղ է եղել եւ անցել է մեր ավտոտեխսպասարկման կետի ճանապարհով: Հանցագործների մեքենայի մեջ մեկը եղել է եւ միգուցե նրանց զգուշացրել, որ տարածքում ոստիկաններ կան: Խուճապը ստիպեց նրանց, որ շուտ հեռանան, թե չէ երկար էին ուզում մնալ, շատ կտրուկ հեռացան»,-պատմեց Արմինեն:
Տեղեկացանք, որ հանցագործները դեպքի վայրից դուրս են եկել` ընտանիքի անդամներին սպառնալով. «Փորձվե՛ք մեկին զանգեք, մենք շատ լավ գիտենք, թե դուք քանի երեխա ունեք, մենք դեռ գալու ենք»:
Ավտոսպասարկման կետի տնօրենի հարսի պնդմամբ՝ իրենց ընտանիքը թշնամիներ չունի, եւ իրենք էլ են զարմացած կատարվածով. «Ո՞ւմ կասկածենք, մենք ոչ մեկին վատություն չենք արել: Վերջին պահին ամուսնուս ասացին, թե ինչ կա գրպանդ՝ հանի, հետո էլ մեր պայուսակն էին մտել, 10.000 դրամ այնտեղից էին հանել, ու ամուսնուս գրպանում ինչքան եղել էր, դա էին տարել»:
Արմինեից տեղեկացանք նաեւ, որ զինված եւ դիմակավորված անձանցից մեկը «գթասիրտ» է գտնվել եւ օգնել Արմինեին. «Ասացի` խնդրում եմ, սկեսուրս հիվանդ է, գոնե դեղե՛րը տվեք: Այդ հանցագործներից մեկն էլ ասաց, թե ասա` որտեղ է, տամ սկեսուրիդ դեղերը: Նշեմ, որ ոչ մի ակցենտ չունեին ու նորմալ էլ խոսում էին իրար հետ»:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, 4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Հ. Գ. Նշենք, որ ավազակային հարձակման հետեւանքով երեկ՝ երեկոյից, Երեւանի տարբեր հատվածներում հերթապահություն են իրականացրել բազմաթիվ ոստիկանական մեքենաներ եւ ինքնաձիգներով ոստիկաններ: Դավթաշենի կամրջի մոտ, Զեյթունում, Կենտրոն վարչական շրջանում, Կիեւյան փողոցում, ինչպես նաեւ մարզերից Երեւան մտնող ճանապարհներին, մասնավորապես Մասիսից Երեւան մտնող ավտոճանապարհին զինված ոստիկանները կանգնեցնում էին մեքենաներն ու ստուգում բեռնախցիկները:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ