Ինչու Վարդան Պետրոսյանի և տուժող կողմի միջև հաշտություն չեղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապատեղեկատվություն եմ որակում այն ինֆորմացիան, թե Կոտայքի դատարանն է որոշել, որ Վարդան Պետրոսյանն ազատ ռեժիմով է պատիժը կրելու: Ազատ ռեժիմի գործընթացը դատարանների հետ ընդհանրապես կապ չունի, դա կարգավորվում է համապատասխան օրենքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելուն, ասաց դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ-փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Նրա խոսքով, Աբովյանի դատարանը նման որոշում կայացնելու իրավասություն չունի և պատժի` նման տեսակի սահմանումը քրեակատարողական հիմնարկում է որոշվել: Վերջինս նշեց, որ լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութում պարզ երևում է, որ Վարդան Պետրոսյանը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկ: «Դա այն քրեակատարողական հիմնարկն է, որտեղ անզգուշությամբ հանցագործություն իրականացնողներն են պատիժ կրում»,-հավելեց նա:

Փաստաբանի պնդմամբ, Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե Բալոյանն է մեղավոր, որ կողմերը հաշտության չեն գնում: Բալոյանի խոսքով, Նիկոլայ Բաղդասարյանը հաշտության գնալու համար պայման էր դրել իր՝ Բալոյանի առջև, որ դատարանում հայտարարի, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել:  «Այդ առաջարկը ես համարում եմ անբարոյական: Դա մոտեցում չէ: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել»,-հավելեց վերջինս:

Բալոյանի կարծիքով, Վարդան Պետրոսյանն ընդունել է իր մեղքը, քանի որ մեղադրվող կողմն այդպես էլ վճիռը չի բողոքարկել ոչ Վերաքննիչ, ոչ Վճռաբեկ դատարանում:




Լրահոս