ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրվանից` սեպտեմբերի 3-ից, ՀՀ Կառավարության, նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների աշխատակազմը, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, տուն չեն գնա, կմնան իրենց աշխատատեղերում: Մեր աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Հայաստանում նախատեսվում է կազմակերպել լայնամասշտաբ զորավարժություններ: Նպատակն այն է, որ գերատեսչությունները զորավարժությունների շրջանակներում սկսեն գործել այնպես, ինչպես կանեին պատերազմական իրավիճակի դեպքում: Տեղեկացնենք, որ կազմակերպվելիք միջոցառումը լայնամասշտաբ է լինելու, եւ ամեն ինչ հնարավորինս մոտեցված է լինելու իրական պատերազմական վիճակին: Այսինքն՝ այդ օրերին Կառավարության, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի հատուկ նիստեր կգումարվեն, եւ այլ փակ միջոցառումներ կիրականացվեն: Գերատեսչությունների աշխատակիցների մի մասը, հնարավոր է, աշխատանքի ներկայանան զինվորական համազգեստով եւ այսպես շարունակ: Տարածված տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը հաստատեց զորավարժություններ անցկացնելու մասին լուրերը՝ միաժամանակ ավելացնելով. «Պետք չէ խուճապի մատնվել, մենք տարվա ընթացքում ունենում ենք պլանային միջոցառումներ, որոնք հնարավորինս արտահայտում են մարտական գործողությունները, նմանեցվում է մարտական իրավիճակին»: Այնպես որ, հավսա՛ր, զգա՛ստ:

 

 

 

 
Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է արդեն կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունը այս տարի էլ չի լինելու: Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում: Սերժ Սարգսյանին հաջողվեց սահմանադրական փոփոխությունների նախագծով քաղաքական նոր օրակարգ ձեւավորել, որը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներսում պառակտումների նոր առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համարձակվել է գնալ նախագահի նստավայր ու հանդիպել Սերժ Սարգսյանին: ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ վերակազմյալ ՀՀՇ-ից՝ պատճառաբանելով, որ անընդունելի էր կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի կայացրած որոշումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց աշունը թեժ սկսել, միայն թե իր համար ցանկալի հունով:

 

 

 

 
Այսօր Հայաստանի բոլոր դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն բազմաթիվ, հիմնականում լեռնային շրջանների գյուղերում առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Օրինակ՝ ՀՀ Սյունիքի մարզի Աղվանի գյուղը արդեն երեք տարի է, ինչ առաջին դասարանի աշակերտ չի ունենում: «Մի ծվարած դպրոց ունենք՝ իր երեք աշակերտներով: Նախորդ տարի աշակերտների թիվը 7-ն էր, բայց ծնողները տարան գյուղից, իսկ այս երեքի ծնողներին խնդրեցինք, որ պահեն: Տեսնենք՝ հետո ինչ կլինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ձայնով նկարագրեց Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը: Դպրոցական զանգը չի հնչի նաեւ Արագածոտնի մարզի Դպրեվանք, Օթեւան, Վայոց Ձորի Փոռ, Սյունիքի մարզի Շրվենանց, Տավրուս, Շիրակի մարզի Կաքավասար, Լեռնագյուղ եւ այլ համայնքներում: Այս իրավիճակը լիարժեք բնութագրում է արտագաղթի կործանարար հետեւանքները: Բայց բարձրաստիճան պաշտոնյաներին ոչինչ չի խանգարի այսօր մայրաքաղաքի շքեղ դպրոցներում ֆոտոսեսիա կազմակերպել:

 

 

 

 
ՀՀ Կառավարությունը երեկ հաստատեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագնի բարձրացված՝ 6,93 դրամի փոխհատուցման կարգը: Ըստ այդմ, բնակչության սպառած էլէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցվի ամբողջությամբ: Իսկ ձեռնարկությունների դեպքում փոխհատուցում կստանան միայն մինչեւ 500 ԿՎտ էլէներգիա սպառող ընկերությունները, այն էլ 250 ԿՎտ-ի համար: Իսկ 500 ԿՎտ-ից ավել էլէներգիա սպառող ընկերությունները պետք է վճարեն բարձրացված սակագնով: Փոքր ընկերություններն էլ 250 ԿՎտ-ից ավել սպառած էլէներգիայի դիմաց պետք է բարձրացված սակագնով վճարեն: Սակայն ուշագրավն այն է, որ փոխհատուցումը տրվելու է մինչեւ «Էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը»: Այլ կերպ ասած՝ փոխհատուցումն այլեւս չի պայմանավորվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտով եւ դրանց արդյունքներով, ինչպես խոստացել էր Սերժ Սարգսյանը:

 

 

 

 

 
ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջին չորս ամիսների ընթացքում սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երրորդ հանդիպումն է, եւ այս անգամ եւս օրակարգում առաջնայինը Ղարաբաղի հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին տեղի ունեցած հանդիպումից հետո Լավրովը հանդես էր եկել անսպասելի հայտարարությամբ` նշելով, թե «խորացող լավատեսություն» ունի բանակցային գործընթացի առաջխաղացման շուրջ, իսկ վերջին հանդիպումից հետո էլ ասել էր, թե ներկայումս իրական հիմքեր են ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար: Թե որոնք էին այդ հիմքերը, այդպես էլ չմանրամասնվեց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարեւոր փոփոխությունը կապված է Իրան-Արեւմուտք հաշտեցման հետ, կարելի է չկասկածել, որ Լավրովի «լավատեսությունն» իրականում տագնապի ազդանշան էր:
Եվ այսօրվա այցն ու բանակցությունները Բաքվում հենց այդ տագնապի դրսեւորման շարունակությունն են: Ռուսաստանն այսօր առավել քան երբեւէ տագնապած է Իրան-Եվրոպա մեծածավալ էներգետիկ ծրագրերի իրագործման հեռանկարից, իսկ դրանց վիժեցման համար անհրաժեշտ է տարածաշրջանի ապակայունացում: Մի բան, որը Ռուսաստանը լավագույնս կարող է անել ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման միջոցով: Սահմանին տիրող լարված իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից նոր հրթիռների գործածումը, դիվերսիոն ներթափանցումների հաճախակիացումը եւ սրա ֆոնին Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու Ռուսաստանի ցանկությունը, (ընդ որում` առավելապես դեպի Իրան ուղղված) հենց մեր ռազմավարական դաշնակցի տագնապների համատեքստում պետք է դիտարկել:
Իրականում այսօր պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը ավելի մեծ է, քան անգամ մեկ տարի առաջ` օգոստոսյան աննախադեպ լարվածության օրերին, երբ երկու կողմից էլ եղան բամաթիվ զոհեր: Իսկ պատճառն այն է, որ այսօր Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը` Ռուսաստանը, դադարել է այդպիսին լինել: Իրանի վերադարձով խաղադրույքներն անհամեմատ մեծացել են եւ կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հենց իր` Ռուսաստանի տնտեսության համար, ուստի կարելի է չկասկածել, որ Ռուսաստանը առանձնապես խղճի խայթ չի ունենալու իր «փոքր եղբոր» շահերը անտեսելու համար:
Հայաստանում սա հստակ գիտակցում են, համենայն դեպս, վերջին օրերին հայոց զինուժը մարտական առաջին աստիճանի ռեժիմի բերելը (իհարկե, ներքին կարգով) այդ մասին է խոսում. իրավիճակը, կարծես թե, ավելի պայթյունավտանգ է, քան կարող ենք պատկերացնել:




Լրահոս