Հայաստանի քաղաքական կյանքում սովորական բան է կուսակցափոխությունը: Սակայն դեռեւս որեւէ փաստ չունենք այն մասին, որ այս կամ այն գործիչը կուսակցափոխ է եղել հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի, հանուն այս կամ այն ազգափրկիչ գաղափարի: Կուսակցափոխներից է նաեւ Արա Արամյանը, որը հեռացավ ՕԵԿ-ից, եւ որին ժամանակին հիշեցին որպես շատ պարկեշտ պաշտոնյայի, քանի որ նա որդու կրակոցների պատմությունից հետո հրաժարական տվեց նախարարի պաշտոնից:
2003թ. մարտի 12-ին «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած միջադեպը մեծ արձագանք ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ այդ պահին հարեւանությամբ գտնվող «Առագաստ» սրճարանում էին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Սրան գումարվեց նաեւ այն, որ հանցագործությունը կատարողներից մեկն այդ պահին քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Արամյանի որդին էր: Իհարկե, հավանաբար այս գործն էլ «կջրվեր», եթե երկու նախագահների ներկայության հանգամանքը չլիներ: Ապօրինի պահվող «Մաուզեր» ատրճանակից դիտավորությամբ կրակելու եւ երեք անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Հայկ Արամյանը դատապարտվեց 6 տարվա, իսկ սրճարանի անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Գեւորգյանը` Արամյանին դանակով միջին ծանրության վնասվածք պատճառելու համար` 3,5 տարվա ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արա Արամյանը մեղադրվող որդուն բնորոշել էր այսպես. «Իմ տղան կյանքում ո՛չ զենք է կրել, ո՛չ խմել է, ո՛չ ծխել է… Միշտ եղել է շրջապատի համար էտալոն»:
Միջադեպին հաջորդած օրերին խորհրդարանական ճեպազրույցներում Արա Արամյանի կուսակցության` «Օրինաց երկիրե» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ կտրականապես հերքում էր, թե Հայկ Արամյանն է եղել հրազենից կրակողը: Հետաքրքիր է, չէ՞, ամեն ինչ պարզվել էր, ինչպես ասում են, մարդուն բռնել էին հանցանքի վայրում, իսկ ահա խմբակցության ղեկավարը հերքում էր…
«Էտալոն» որդուն բանտարկությունից ազատելուց եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արա Արամյանին շատերն էին մոռացել: Մոռացել էին, որ 22 տարեկանում ավարտելով Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ՝ Արամյանը ոչ թե ծառայության է գնացել բանակ, այլ 1978-1985թթ. Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, 1985-1993թթ.` փոխտնօրեն: 1993թ. նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, 1996թ.` «Կայծ» ՓԲԸ նախագահ: 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՕԵԿ-ից: 2003-2004թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար, 2004-2006թթ.` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, 2006-2012թթ.` «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ: Ահա հենց այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը նկատել է Արա Արամյանին ու առաջարկել ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Գրեթե ամբողջապես օլիգարխներից եւ ունեւորներից կազմված համամասնական ցուցակում պետք էին նաեւ մարդիկ, որոնք նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել: Արամյանն էլ զբաղեցրել էր, մեխանիկական կրթությամբ` քաղաքաշինության նախարար… Դե հիմա Հայաստանում ո՞վ է կրթությունը կարեւորում, մասնագիտացումը համարում առաջնային պայման կամ պետական պաշտոնների նշանակելիս պարզում՝ մարդը բանակում ծառայել է, թե ոչ… Կարեւորն այն է, որ յուրային լինի, թեկուզ խառնված լինի «ինչ-ինչ» պատմությունների:
Ա. Արամյանը Գ. Ծառուկյանի ցուցակում հայտնվել էր այն պայմանով, որ Չարենցավանից ձայներ բերի ԲՀԿ-ին: Ու նա բերեց: Իսկ այժմ ԲՀԿ-ական դարձած նախկին նախարարը Չարենցավանի մեծահարուստներից մեկն է, ում ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ գրեթե չեն հրապարակվում: Իհարկե, նրա հայտարարագրում կցկտուր տվյալներ կան. «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան` 180.5 քմ ընդհանուր մակերեսով եւ 2 առանձնատուն` 634.8 քմ ընդհանուր մակերեսով (Երեւանում եւ Կոտայքի մարզում): Ունի 1 ավտոմեքենա (BMW X5): Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն դրամ (աշխատավարձ «Կայծ» ՓԲԸ-ից): Դրամական միջոցները՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 350 հազ. ԱՄՆ դոլար, 850 հազ. եվրո: «Կայծ»-ում ունի 98% բաժնեմաս: Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի:
Այսպիսով՝ Արամյանը հանրության աչքից թաքցնում է ամեն ինչ, անգամ չի ասում, թե ինչով է զբաղվում 6 տարվա ազատազրկման դատապարտված, սակայն այդպես էլ իր պատիժը չկրած որդին… Ինչո՞ւ ասի, երբ ինքն ու իր նմանները վաղուց համարվում են մեր իրականության արտոնյալները: Երեւի այդ արտոնյալության արտահայտություններից մեկն էլ խորհրդարանական գործունեությունն է, ավելի ճիշտ՝ անգործությունը, որովհետեւ նախկին նախարարը որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, ձգտել է միշտ հեռու մնալ խորհրդարանական քննարկումներից: Նրա ինչի՞ն են պետք քննարկումները, երբ ինքն իր գործը լավ գիտի, շարունակում է լինել «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահը, իսկ ավելի ստույգ՝ սեփականատերը: Միայն թե հիմա մեզ մոտ սեփականատեր բառի փոխարեն կիրառում են խորհրդի նախագահ «քաղաքակիրթ» ձեւը…
ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ «ՇՐՋԱԴԱՐՁԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ