ԱԿՏԻՎԻՍՏԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր զարգացումներ են ընթանում «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի անվան շուրջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս մի կին է դիմել ոստիկանություն եւ գողության մասին հաղորդում ներկայացրել՝ մատնանշելով ակտիվիստի անունը:

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանն իրավապահներին հաղորդում էր տվել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծել են: Այդ հաղորդման հիման վրա մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց:
Ավելի ուշ տեղեկություններ հասան, որ պատգամավորի թիկնապահները իրավապահներին միանգամայն այլ բան էին պատմել, թե իբր Վահան Մարտիրոսյանի բնակարանից վիճաբանության ձայներ էին լսվել: Ավելին՝ ասվել էր անգամ, թե նրա կինն այդ ընթացքում ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ սկեսուրն իրեն ծեծում է: Իսկ հարեւաններն էլ բացատրություն են տվել, որ իբր իրենք լսել են, որ Մարտիրոսյանները վիճաբանում են, եւ միջամտել ու ամոթանք են տվել «կռվարար» ամուսիններին: Բայց ամուսինները, միեւնույն է, չեն դադարել, եւ վեճը տեղափոխվել է բակ, ու սկսել են իրար ծեծել: Այստեղ, արդեն, հարեւանությամբ բնակվող երկու երիտասարդներ, որոնք Մհեր Սեդրակյանի թիմակիցներն են, իբր փորձել են կռվարար զույգին կարգի հրավիրել, բայց նրանց «խաղաղարար» առաքելությունը վերաճել է ծեծկռտուքի:
Այժմ նախաքննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի հարեւանները Մհեր Սեդրակյանի ահից են նման բացատրություն տվել, թե իրոք ամուսինները վիճել են, եւ նրանք իսկապես ցանկացել են նրանց բաժանել:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ պատգամավորն այս ընթացքում ձեռնունայն չի նստել եւ իր հերթին է պատրաստվում դիմել դատարան՝ ակտիվիստի հայտարարությունների համար նրանից պատիվ պահանջելով: Ինչեւէ, այս դեպքից հետո ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն իր բնակարանում չէր ապրում, տեղափոխվել էր իր մտերիմներից մեկի՝ Ռուզաննա Մարգունու տուն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Ռուզաննան, որը գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող է, Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ապաստան է տվել: Բայց ակտիվիստ Վահանն այստեղ էլ է արկածների մեջ ընկել:
Մեզ հաջողվեց պարզել, որ նա մտերմուհու տանը մնացել է 5 օր, իսկ երբ հեռացել է կնոջ հետ, Ռուզաննա Մարգունին պարզել է, որ իր բնակարանից մոտ 3.820 դոլար գումար է անհետացել: Բացահայտելուց հետո նա շտապ դիմել է իրավապահներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Ռուզաննան պատմեց, որ Վահանի հետ ծանոթացել է հետեւյալ պայմաններում. «Մեկ տարի առաջ բռնաբարված մի կնոջը պաշտպանելու համար Վահանը ստորագրահավաք էր իրականացնում, այդպես ճանաչեցի, ու մտերմացանք: Եվ երբ իմացա, որ ծեծել են, ինքն էլ խնդրեց, թե Ռուզաննա ջան, դրսում եմ հայտնվել, ասեցի՝ արի, ես մենակ եմ: Կնոջ հետ եկավ, երեք օր մնաց ու փողերս էլ տարավ: Ես եմ մեղավորը: Ոնց կարելի էր այդքան նրան վստահել: Գումարս կոմպյուտերի սեղանի խորքում էի դրել եւ այդ օրերին երկու անգամ մենակ թողեցի տանը, ու այդ ընթացքում է տարել: Գրառում էր արել, որ իրենից տուժածները թող դիմեն Թոխմախի Մհերին. փոխահատուցում կստանան: Երբ տեսա գումարս չկա, զանգահարել եմ իրեն, անհասանելի էր, ու երեւի արդեն երկիրը լքած էլ կլինեն: Իմ տանից դուրս գալուց հետո վարձով տուն էին գտել, անգամ տան տեղն եմ իրավապահներին ցույց տվել, բայց այնտեղ էլ մարդ չկար: Հիմա նախաքննություն է ընթանում, տեսնենք՝ ինչ կլինի»:
Ըստ մեր զրուցակցի` գողացված գումարը կազմում է 3.820 դոլար, որը նա ձեռք էր բերել թարգմանություններ կատարելով եւ մի մասն էլ բանկից էր հանել. «Նպատակային հավաքել էի: Հայրիկիս քանդակն էին ջարդել, ուզում էի վերականգնել»:
Ռուզաննայի պատմելով՝ Վահանն իր համար ընդդիմադիրի կերպար է ստեղծել, խաղացել է, որպեսզի կարողանա ապաստան գտնել արտերկրում. «Ասում էին՝ փող չունեն, բնակարանն ուզում էին վաճառել, Թիֆլիսով գնալ: Ինչ իմանամ, դե, երեւի գումարը վերցրել են ու գնացել են, չգիտեմ»:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան: Նրա հեռախոսն անջատված էր:
Զրուցեցինք երգահան Էդուարդ Զորիկյանի, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ, որոնք տարբեր խնդիրների մասով զորավիգ են եղել ակտիվիստին, ստորագրել են նրա նախաձեռնությունների տակ: Սակայն ե՛ւ Զորիկյանը, ե՛ւ Սաֆարյանը նշեցին, որ բացի Վահանից՝ «Ներազգային ազատագրական շարժումից» որեւէ մեկին չեն ճանաչում, կապ չունեն նաեւ Վահանի հետ, ուստի որեւէ կերպ չեն կարող օգնել մեզ՝ գտնելու նրան:
Ստացվում է, որ մեր երկրում «ակտիվիստ» աշխատելն ուրույն մասնագիտություն է. ցանկացած մեկը կարող է հագնել պայքարողի, հայրենասերի դիմակը, կռիվ տալ ոստիկանների հետ, արհեստական բախումներ սարքել ոչ այնքան բարի համբավ ունեցող պատգամավորների ու գործիչների հետ, որպեսզի հնարավոր լինի եվրոպական որեւէ երկրում քաղաքական ապաստան խնդրել: Ահա պայքարի ավարտը: Ի դեպ, «ակտիվիստ» աշխատող շատ երիտասարդներ իրենց տեսակով ավելի վատն են, քան կարենավագյան տեսակը, որը գոնե հրապարակավ ցույց է տալիս իր կերակրաամանն ու այն չկորցնելու համառությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՈՎ Է ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ՍՊԱՆՎԱԾԸ
Երեկ Աջափնյակ վարչական շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանված 52-ամյա Վահան Աղաջանյանը 2011թ. խարդախության համար 3 տարի ազատազրկման է դատապարտված եղել: Նշենք, որ Վ. Աղաջանյանին սպանել էին իր բնակարանում, իսկ թե ով էր եղել նրան սպանողը, եւ ինչի համար են նրան սպանել, դեռեւս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 52-ամյա սպանված Վ. Աղաջանյանը դեռեւս 2011թ. հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ 2011 թվականին Վահան Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով Յուրի Բարսեղովի հետ միասին Անահիտ Եգանյանից զգալի չափերով գումար է հափշտակել:
Պարզվում է՝ Ա. Եգանյանը բնակարանի հետ կապված խնդիր է ունեցել եւ դիմել է Կենտրոնի քննչական բաժին: Եվ, ահա, Վ. Աղաջանյանն ու իր ընկերն էլ Անահիտին խոստացել են, թե կարող են քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքը հօգուտ իրեն լուծել: Այդ ծառայության դիմաց Անահիտից վերցրել են 287.384 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար՝ իբր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազին կաշառք տալու պատրվակով եւ անհետացել են:
Իսկ, ահա, սպանված Վ. Աղաջանյանը միանգամայն այլ ցուցմունք էր տվել՝ նշելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ամբաստանյալը նշել է, որ ինքը Ա. Եգանյանին որպես գեներալ-գնդապետ չի ներկայացել, բնակարանի հարցով նրան խոստումներ չի տվել, գումարներ չի պահանջել եւ չի ստացել:
Ինչեւէ: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Վահան Աղաջանյանին այս արարքի համար դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: Սակայն 2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշումից հետո նա ազատ էր արձակվել:
Նշենք, որ սպանված Վահան Աղաջանյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխաներ: Թե ով կարող էր նրան այդպես դաժանաբար սպանել, թերեւս քննիչները կպարզեն:
Երեկ՝ երեկոյան, Armlur.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ քիչ առաջ ոստիկանները կասկածյալի են բերման ենթարկել: Մեզ հաջողվեց պարզել, որ բերման ենթարկվածը 32-ամյա Ռաֆայելն է, ով սպանվածի ծանոթուհու տղան է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԵՄ ԵՆ
«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպություների անունից հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է եւ ենթակա է լուրջ փոփոխությունների:

 
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Ռուս գործարար Գերման Ստերլիգով, որը երեկ Դոմոդեդովոյի օդանավակայանում ձերբակալվել էր, իրավապահ մարմինների հետ «դաստիարակչական զրույցից» հետո ազատ է արձակվել: Այս մասին «LifeNews»-ին ասել է ինքը՝ Գ. Ստերլիգովը: «Պատճառը «Իվան Ահեղից մինչեւ Պուտին» դասագիրքն է, որը հրապարակվել է իմ կայքում: Դա այս ամառվա իմ բոլոր խնդիրների բանալին է»,- ասել է Ստերլիգովը եւ պարզաբանել, որ տեքստում նաեւ Ադրբեջանի իշխանությունների համար կասկածելի ձեւակերպումներ կան` կապված Լեռնային Ղարաբաղի պատմության հետ: Նշենք, որ Ստերլիգովի կինն էլ երեկ Շուշիում ռուսական ազգային տարազի ցուցադրություն էր կազմակերպել:

 

ԱՊՏԱԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ
Երեւանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին ոստիկանի կողմից տարեց տղամարդուն ապտակելու եւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքով հարուցվել է քրգործ: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` 67-ամյա Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածք: Քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քր.օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երեւանի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչեւ 18:00-ը, կրկին կդառնա 40կմ/ժ՝ Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք, Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք, Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք, Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք, Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք, Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք, Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ
Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ կմասնակցի 2020 թ նախագահական ընտրություններին: Երգչուհի Թեյլոր Սվիֆթի ձեռքից մրցանակ ստանալով՝ սեւամորթ կատարողն իր ելույթում ասել է. «Չգիտեմ՝ ինչ կկորցնեմ դրանից հետո: Ես պատրաստվում եմ 2020թ.-ին իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնին: Գուցե դուք հիմա գուշակում եք, թե բեմ դուրս գալուց առաջ ինչ-որ բան ծխե՞լ եմ, թե՞ ոչ»,- կատակել է Ուեսթը:




Լրահոս