Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղը նախկինում հայտնի էր հայ-վրացական սահմանային շուկայով, որը աշխատատեղեր էր ապահովում Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան գյուղերի, ինչպես նաև Նոյեմբերյանի և Ալավերդու տարածաշրջանների բնակիչների համար:
2006թ. ՀՀ իշխանությունները մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ սահմանամերձ շուկան փակեցին: Դրանից հետո Բագրատաշենի բնակչությունը նվազեց, այժմ գյուղում ընդամենը 3000 մարդ է ապրում: Բագրատաշենի շուկայի գործելու տարիներին Նոյեմբերյան քաղաքից օրվա տարբեր ժամերին 4-6 եւ ավել ուղերթ էր կատարվում դեպի Բագրատաշեն եւ հակառակ ուղղությամբ:
Այժմ Բագրատաշենից մինչեւ Նոյեմբերյան օրական ընդամենը երկու միկրոավտոբուսային ուղերթ է գործում: Առավոտյան ժամը 8-ին միկրոավտոբուսը Նոյեմբերյանից մեկնում է Բագրատաշեն, կես ժամ անց վերադառնում: Նույն միկրոավտոբուսը երկրորդ անգամ Բագրատաշեն է մեկնում ժամը 11.30-ին: Բացի այդ, գործում է Իջեւան-Բագրատաշեն ուղերթը, որի միկրոավտոբուսը Նոյեմբերյան է հասնում ժամը 12-ին:
Բագրատաշենցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին` նշելով, որ իրենք պետք է հասցնեն գործերը Նոյեմբերյանում ավարտել ամենաուշը մինչեւ կեսօր, որպեսզի կարողանան միկրոավտոբուսով ետ վերադառնալ: Հակառակ դեպքում նրանք ստիպված են լինում օգտվել տաքսիներից, որոնք անցած մեկ տարվա ընթացքում թանկացրել են ուղեվարձը` 3000 դրամից այն հասցնելով 4000 դրամի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ