Հայաստանի պետական պարտքը հուլիսին ավելացել է 42 միլիոն 631 հազար դոլարով: Այս ցուցանիշը նախօրեին հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 722 միլիոն 955 հազար դոլար, այս տարվա հունիսի վերջին այդ ցուցանիշը եղել է 4 միլիարդ 680 միլիոն 325 հազար, իսկ մայիսի վերջին` 4 միլիարդ 630 միլիոն 233 հազար դոլար: Այսինքն՝ միայն երեք ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 92 միլիոն 722 հազար դոլարով:
Ի դեպ, անցած տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 միլիոն 524 հազար դոլար. ստացվում է, որ այս տարվա յոթ ամիսներին ՀՀ պետական պարտքն աճել է 281 միլիոն 431 հազար դոլարով: Ուշագրավն այն է, որ հիմնականում աճել է հենց արտաքին պարտքը, որը տարեսկզբին եղել է 3 միլիարդ 785 միլիոն 208 հազար դոլար, իսկ հուլիսի վերջին արդեն այն հասել է 4 միլիարդ 24 միլիոն 410 հազար դոլարի: Այսինքն՝ արտաքին պարտքի աճը 2015 թվականի անցած յոթ ամիսներին կազմել է 239 միլիոն 202 հազար դոլար: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը՝ կասկածից վեր է, որ առաջիկա ամիսներին ՀՀ արտաքին պարտքը շարունակելու է աճել:
ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: Ըստ այդմ, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում կա 74 հազար 425 պաշտոնապես գրանցված գործազուրկ: Անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է մոտ 20 տոկոսով: Ի դեպ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի մեջ մտնում են միայն այն անձինք, որոնք դիմել եւ գրանցվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գործազուրկների իրական թիվը պաշտոնապես գրանցված գործազուրկների քառապատիկի չափով է լինում: Ամեն դեպքում, եթե պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճում է, ենթադրելի է, որ ընդհանուր թիվը եւս աճել է: Մնում է՝ պաշտոնական վիճակագիրները կողմնորոշվեն, թե գործազուրկների թվի որ մասը պետք է հրապարակեն: Սովորաբար վերջին տարիներին այնպես են անում, որ խուսափեն գործազրկության մակարդակի կտրուկ աճ ցույց տալուց: Ընդհանուր գործազրկության պաշտոնական վերջին ցուցանիշը, որը 2014 թվականի ամփոփ արդյունքներով է ներկայացվել, կազմում է 17,6 տոկոս 242 հազար մարդ:
Ի դեպ, պետբյուջեի վերաբերյալ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հետ ծանոթանալիս բավական ուշագրավ պատկերի ենք ականատես լինում: Բանն այն է, որ հարկերի եւ տուրքերի հավաքագրման վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած թվերին: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա յոթ ամիսներին հավաքագրվել է 593 միլիարդ 185 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Հարկային ծառայության տվյալներով՝ յոթ ամիսներին հավաքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Թե ինչ միջոցների հաշվին է ԱՎԾ-ն հարկերի եւ տուրքերի հավաքագրումը մոտ մեկ միլիարդ դրամով ավելացրել, թերեւս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի: Սակայն այս հավելագրման հաշվին ԱՎԾ-ն կարողացել է անկում ցույց չտալ` պաշտոնական վիճակագրությունում նշելով, թե իբր հարկերի եւ տուրքերի հավաքագրումն անցած տարվա համեմատ՝ նույնն է մնացել, իբր անկումը շատ չնչին է կազմել, այն աստիճան, որ անգամ 0,1 տոկոս էլ չի կազմել:
ԱՎԾ-ն երեկ եւս մի ուշագրավ տեղեկագիր է հրապարակել, որով իբր ներկայացրել է արտաքին առեւտրի «ճշգրտված» տվյալները: Ըստ այդմ, արտահանման ցուցանիշը, որը տարեսկզբից կտրուկ անկում էր ապրել, այս տարվա յոթ ամիսների արդյունքներով արդեն հասցվել է անցած տարվա մակարդակին` 847 միլիոն դոլար: Պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, նորանոր ռեկորդներ են սահմանում: Ի դեպ, այս տարվա ընթացքում ՀՀ մաքսային ծառայությունն այդպես էլ չի հրապարակում արտաքին առեւտրի պաշտոնական` երկիր-ապրանք վիճակագրությունը: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չկարողանա արտաքին առեւտրի տվյալները վերլուծել կամ այլ երկրների տվյալների հետ համեմատելով՝ հետեւություններ անել: Մի խոսքով, պարտադրում են, որ բոլորը բավարվեն միայն ՀՀ պաշտոնական վիճակագրության թվերով եւ չկարողանան ստուգել, թե դրանք որքանով են «նկարված»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ Կառավարության երեկվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ազգային վիճակագրական ծառայությանը հղում անելով, ներկայացրեց, որ 2015 թվականի կիսամյակային տնտեսական աճը կազմել է 4 տոկոս: Թե ինչպես են վիճակագիրներն այս եզրահանգմանը եկել, դժվար է պատկերացնել, բայց վարչապետը տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին հանձնարարեց հանրությանը մանրամասն ներկայացնել բոլոր ցուցանիշները:
Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց նաեւ ««Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 մլրդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, վերադարձնել ՀՀ-ին: Այսպիսով՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 345 մլն դրամ փոխհատուցման դիմաց ՀՀ-ի սեփականություն կձեւակերպի Համո Բեկնազարյանի անվան ««Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ին եւ «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերը:
Երեկ գործադիրը հավանության արժանացրեց նաեւ մեր Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ առեւտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ՀՀ-ն քանի երկրում ունի առեւտրային ներկայացուցիչ: Հ. Աբրահամյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ նախարարը պատասխանեց, որ նման հաստիք ՀՀ-ն ունի Բելգիայում, ԱՄՆ-ում, ինչպես նաեւ առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Սակայն վարչապետը չբավարարվելով նախարարի այս պատասխանից՝ կրկին հարց տվեց նրան. «Մի անգամ քննարկե՞լ եք՝ էդ ներկայացուցիչներն ինչ են արել, ինչ չեն արել, ինչ արդյունք են տվել: Մի հատ տեսնենք՝ էս մարդիկ ինչ-որ բան անո՞ւմ են»:
Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ ակտիվ գործում է Մոսկվայի ներկայացուցչությունը, իսկ ԱՄՆ-ում հաստիքը կա, բայց թափուր է, ներկայացուցիչ չկա: Այս պատասխանից հետո վարչապետի մոտ կրկին հարց ծագեց. «Եթե հաստիք չկա, չե՞նք ֆինանսավորում»: Վարչապետի հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եթե մարդ չկա, ուրեմն ֆինանսավորում էլ չի լինում»:
Բացի այս՝ Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց վաղաժամկետ դադարեցնել Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի ղեկավարի լիազորությունները: Պատճառը նրա վաղաժամ մահն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԸ ԴԱՏԱՐԿՎԵԼ Է
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղը նախկինում հայտնի էր հայ-վրացական սահմանային շուկայով, որը աշխատատեղեր էր ապահովում Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան գյուղերի, ինչպես նաեւ Նոյեմբերյանի եւ Ալավերդու տարածաշրջանների բնակիչների համար:
2006թ. ՀՀ իշխանությունները մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ սահմանամերձ շուկան փակեցին: Դրանից հետո Բագրատաշենի բնակչությունը նվազեց, այժմ գյուղում ընդամենը 3000 մարդ է ապրում: Բագրատաշենի շուկայի գործելու տարիներին Նոյեմբերյան քաղաքից օրվա տարբեր ժամերին 4-6 եւ ավել ուղերթ էր կատարվում դեպի Բագրատաշեն եւ հակառակ ուղղությամբ:
Այժմ Բագրատաշենից մինչեւ Նոյեմբերյան օրական ընդամենը երկու միկրոավտոբուսային ուղերթ է գործում: Առավոտյան ժամը 8-ին միկրոավտոբուսը Նոյեմբերյանից մեկնում է Բագրատաշեն, կես ժամ անց վերադառնում: Նույն միկրոավտոբուսը երկրորդ անգամ Բագրատաշեն է մեկնում ժամը 11.30-ին: Բացի այդ, գործում է Իջեւան-Բագրատաշեն ուղերթը, որի միկրոավտոբուսը Նոյեմբերյան է հասնում ժամը 12-ին: Բագրատաշենցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին` նշելով, որ իրենք պետք է հասցնեն գործերը Նոյեմբերյանում ավարտել ամենաուշը մինչեւ կեսօր, որպեսզի կարողանան միկրոավտոբուսով ետ վերադառնալ: Հակառակ դեպքում նրանք ստիպված են լինում օգտվել տաքսիներից, որոնք անցած մեկ տարվա ընթացքում թանկացրել են ուղեվարձը` 3000 դրամից այն հասցնելով 4000 դրամի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԻ ԱՆԿՅՈՒՆ ՉՏՎԵՑԻՆ
Նախորդ տարի Ադրբեջանում գերեվարված, ապա հայրենադարձված Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, այս տարվա հուլիսի 24-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանին նամակ էր փոխանցել` խնդրելով Երեւանում անկյուն տրամադրել իր որդու համար: Բանն այն է, որ բժիշկները Արսենին ցուցում են տվել բնակվել չոր կլիմայական պայմաններ ունեցող վայրում, որպեսզի նրա մոտ առկա մաշկային հիվանդությունը գլուխ չբարձրացնի: Ս. Խոջոյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր. «Խնդրել եմ` մի փոքրիկ խրճիթ տա, թեկուզ քաղաքի ամենածայրամասում, մի անկյուն լինի` մահճակալ դնելու համար, էրեխես քնի»: Նախագահական նստավայրի՝ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը հայտնել էր, որ նամակի ուսումնասիրության հատուկ ընթացակարգի համաձայն՝ պատասխանը կլինի 15 օրից: Եվ, ահա, հայրենադարձված գերու մայրը Armlur.am-ին հայտնել է, որ նամակ-խնդրագրի պատասխանը նախագահականից ստացվել է: Նամակում կնոջը խորհուրդ է տրվել հաշվառվել գյուղապետարանում գործող հատուկ ծրագրում, որը նախատեսում է օգնություն անապահով եւ բազմանդամ ընտանիքներին: Ս. Խոջոյանի խոսքով՝ նախագահականում հաշվի են առել այն հանգամանքը, որ իր ընտանիքը բազմանդամ է, իսկ ինքը` բազմազավակ մայր, սակայն. «…եթե հաշմանդամներին հասնում է նման օգնություն, ինչո՞ւ Արսենին չեն ներառում, մանավանդ, որ նա հաշմանդամության թոշակ է ստանում: Գյուղապետարան գնացել եմ, ասեցին` նախ պետք է երկրաշարժից տուժածների եւ անօթեւանների հարցերը լուծեն, հետո միայն մերը»: