10.6 ՄԼՐԴ-ԱՆՈՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանում «մշակութային ծառայությունները» զգալիորեն ավելացել են: Սակայն հարկ է նկատել, որ խորհրդային ժամանակների նման այսօր շեշտը կարծես դրվում է ոչ այնքան միջոցառումների կարեւորության, որքան դրանց քանակական աճի վրա: Մշակութային ծառայությունների ապահովման վրա 2011թ. ծախսվել է 10,6 մլրդ դրամ: Իսկ թե ինչ աշխատանքներ են կատարվել այդ հատկացումների արդյունքում, փորձենք հասկանալ ստորեւ:
Այսպես, ՀՀ 2011թ. պետական բյուջեի ծախսային մասի հաղորդման համաձայն՝ «մշակութային ծառայությունների» ուղղությամբ հատկացված վերոնշյալ ֆինանսական միջոցները կազմել են նախատեսվածի 99,8%-ը: Հատկանշական է, որ, ի տարբերություն 2010թ., հաշվետու տարում արդեն վերոգրյալ ծախսերն աճել են ավելի քան 12%-ով՝ գրեթե 1,1 մլրդ դրամ: Նշյալ գումարներից զգալի հատկացումներ են կատարվել գրադարանների դասի ծառայությունների ուղղությամբ: Պարզվում է, որ գրադարանների դասի ֆինանսավորումն իրականացվել է նախատեսված ողջ ծավալով եւ կազմել 1,4 մլրդ դրամ: Կառավարության կատարողականի համաձայն՝ մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը հատկացվել է 275,8 մլն դրամ, որի շրջանակներում Երեւանում՝ 1, իսկ մարզերում՝ 6 գրադարաններ են վերանորոգվել: Հատկանշական է, որ կատարված ծախսերը 2010թ. համեմատ նվազել են 26,9%-ով՝ պայմանավորված աշխատանքների ծավալով: Սակայն գրադարանների վերանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ակնհայտորեն բավարար չեն: Այս բնագավառի հոգածությամբ ի պաշտոնե զբաղվող մարմինները կարող են այցելություններ կատարել Հայաստանի մարզային գրադարաններ եւ տեսնել, թե ինչպիսի ծանր պայմաններում են դրանք գտնվում: Խորհրդային ժամանակներից մնացած նորոգումները հաստատապես սպառել են իրենց, մինչդեռ այդ հարցում մտահոգություններն աստիճանաբար նվազում են: Մշակույթի նախարարությունը հավանաբար շատ ավելի կարեւոր գործեր ունի եւ աստիճանաբար պակասեցնում է գրադարանային կառույցների նորոգման աշխատանքները: Բացի մարզերից, նույն պատկան մարմինները կարող են այցելել նաեւ Երեւանի գրադարանները (օրինակ՝ Ազգային գրադարան) եւ տեսնել՝ արդյոք տիրող պայմանները բավարար են պրոֆեսիոնալ գործունեության իրականացման համար: Ի դեպ, հիշեցնենք, որ 2008թ. Ազգային գրադարանի վերանորոգման համար հատկացվել էր 1,7 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ այդքան գումարով մի ունիվերսալ գրադարանային համալիր կարելի էր կառուցել:
Մշակույթի ասպարեզում կատարված աշխատանքների համատեքստում առանձնացվում է մշակութային տների, ակումբների եւ կենտրոնների ֆինանսավորումը: Վերջինս իրականացվել է նախատեսվածի ողջ ծավալով եւ կազմել է 591,4 մլն դրամ: Այստեղ, սակայն, նախարարությունը չի զլացել գումարներ ծախսել, եւ 2010թ. համեմատ տվյալ դասի ծախսերն աճել են 74,9%-ով՝ հիմնականում պայմանավորված մշակութային օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության ծախսերի աճով: Համայնքային հանգիստն ապահովելու կառավարության «ջանադիր աշխատանքների» արդյունքում վերոնշյալ հատկացումների միջոցով հանրապետության մարզերում հիմնանորոգվել է 11 եւ կառուցվել 2 մշակութային օբյեկտ: Դրական է, իհարկե, որ հանրային մշակութային միջոցառումներ անցկացնելու համար կառուցվում են նորանոր օբյեկտներ, վերանորոգվում են հին կառույցները, սակայն թե ինչ հաշվարկներ եւ գործոններ հաշվի առնելով են ընտրվել կոնկրետ այդ հաստատությունները, պարզ չէ: Վերջապես, մշուշոտ է, թե ինչպիսի մշակութային միջոցառումներ են անցկացվել այդ օբյեկտներում, եւ որքանով են դրանք նպաստել հանրային հանգստի ու մշակութային զարգացման ապահովմանը:
Այսուհանդերձ, պետբյուջեի կատարողականում նշված է, որ համայնքային մշակույթի եւ ազատ ժամանցի կազմակերպման ծախսերը կազմել են 34,5 մլն դրամ: Ծրագիրը, որ իրականացվել է  Ստեփանավանում, Կոտայքում, Կապանում ու Եղեգնաձորում, նպատակ է ունեցել խթանել վերոհիշյալ շրջաններում գոյություն ունեցող մշակութային կենտրոնների գործունեությունը: Ծրագրային նպատակների շարքում են՝ մշակութային միջոցառումների եւ ժամանցի կազմակերպումը, մշակույթի զարգացումը, հասարակության հոգեւոր պահանջների բավարարումը, համայնքի բնակչությանը մշակութային կյանքին հաղորդակից դարձնելը եւ այլն: Ավելացնենք նաեւ, որ հաշվետու տարում այս ուղղությամբ արված ծախսերն աճել են 17,7%-ով, ինչն առաջնահերթորեն պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ:
Այսպիսով՝ ներկայացնելով կառավարության ֆինանսական հատկացումները գրադարանային եւ մշակութային օբյեկտների հիմնանորոգման ու կառուցումների ուղղությամբ՝ փաստենք, որ դրանք ի վիճակի չեն եղել լուծել ոլորտում առկա գերակա խնդիրները: Հատկանշական է, որ եթե գրադարանների հիմնանորոգման ուղղությամբ հատկացված միջոցները նվազել են, ապա տարատեսակ մշակութային օբյեկտների կառուցումները զգալիորեն ավելացել են: Բացի այս, պետբյուջեի կատարողականի այդ հատվածը համեմված է ընդհանրական բնույթի, ոչինչ չասող խոսքերով, որոնք խոստանում են բարձրացնել մշակութային զարգացման մակարդակը, մինչդեռ իրականում նպաստում են միանգամայն հակառակ գործընթացի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս