Փետրվարի 9-ի առավոտյան Տավուշի մարզի Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Մհեր Եղշատյանը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ Մհերն ընտանիքի միակ կերակրողն էր, եւ նրա զոհվելուց հետո ընտանիքը մնաց առանց գոյության միջոցների: Մհեր Եղշատյանի ընտանիքը սեփական տուն չունի, իսկ Մովսեսում բնակվում է ուրիշին պատկանող տանը: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Մ. Եղշատյանի հուղարկավորությունը: Մովսեսի գյուղապետն ասաց, որ թաղման ծախսերը հոգացել են 3-րդ բանակային կորպուսի ու զորամասի հրամանատարությունը, որոշակի դրամական աջակցություն է ցուցաբերել Տավուշի մարզպետարանը: Առաջիկայում իրենք ավագանու նիստ կհրավիրեն եւ Մովսես համայնքի բյուջեից դրամական օգնություն կտրամադրեն Մ. Եղշատյանի ընտանիքին: Պարզ է, թե ընտանիքի միակ կերակրողին կորցնելուց հետո ինչքան դժվար է լինելու 3 անչափահաս (ամենափոքրը՝ 2 տարեկան) երեխաներին պահել մեծացնելը:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղը 40 զոհ է տվել հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի ժամանակ: Կոթեցի ազատամարտիկ, ներկայում պայմանագրային զինծառայող Արտավազդ Բեջանյանը յոթ երեխա ունի, որոնցից մեծը 21, փոքրը 3 տարեկան է, երեխաներից 4-ն անչափահաս են: Նրա զավակներից ոչ մեկն ամուսնացած չէ, միասին ապրում են մի հարկի տակ: Ընտանիքն անասուններ չունի, գոյատեւում է Արտավազդի ստացած 130 հազար դրամ աշխատավարձով: «130 հազար դրամով 9-հոգանոց ընտանիքը ո՞նց ապրի»,-«Ժողովուրդ»-ի թղթակցին դժգոհեց հայրենիքի սահմանը պաշտպանող, իր կյանքն ամեն օր վտանգող Արտավազդը: Նա ասաց, որ իրենց ընտանիքն ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 130 հազար դրամ, համարվում է բարձր: Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան», ՀՀԿ նախագահին զայրացնում են արտագաղթի հետեւանքով փակված դռները: Սակայն երբ հայրենիքն իր պաշտպանին սոցիալապես անպաշտպան է թողնում, արտագաղթն իրավիճակից ելք է թվում:
Տավուշ