«Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատեցնում, բայց չեն վարձատրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում աշխատող քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն, վաղուց հայտնի փաստ է: Մեզ մոտ գործատուների կամայականություններից տուժող քաղաքացիները վախեցած են, ու քչերն են իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում իրավաբաններին: Այս ամենի պատճառը մի կողմից երկրում օրենքի գերակայության բացակայությունն է եւ գործազրկության բարձր մակարդակը, մյուս կողմից՝ աշխատողների` սեփական իրավունքների մասին տեղեկացվածության ցածր մակարդակը: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում բազմաթիվ քաղաքացիներից, որոնց գործատուները ստիպում են աշխատել շաբաթ-կիրակի օրերին, գիշերային ժամերին, վնասակար պայմաններում, սակայն այդ ամենի դիմաց չեն վճարվում:

Այս անգամ «Ժողովուրդ»-ին են դիմել Նոր Նորք վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր մաքրման եւ նորոգման աշխատանքներ են իրականացնում Նոր Նորքի 1-ին զանգվածի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որի բացումը տեղի կունենա առաջիկա օրերին:

Նրանց ամսական աշխատավարձը կազմում է 73 հազար դրամ, իսկ աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 08.00-ին եւ ավարտվում 16.00-ին: Սակայն արդեն երկու շաբաթ է, ինչ նրանք աշխատում են առավոտյան ժամը 08.00-ից մինչեւ երեկոյան 19.00-ն: Մեզ դիմած քաղաքացիների պնդմամբ՝ երեք ժամ ավել կատարած աշխատանքի դիմաց իրենք ոչ մի դրամ ավել չեն ստանալու:

Երբ աշխատողները փորձել են այս մասին բարձրաձայնել, ղեկավարները նրանց առաջարկել են դիմում գրել եւ ազատվել աշխատանքից: Եվ հիմա օրվա հացի խնդիր ունեցող այս մարդիկ ստիպված աշխատում են, որպեսզի իրենց առօրյա հոգսերը լուծեն: «Ստիպված աշխատում եմ, որպեսզի կարողանամ գոնե կոմունալ վարձերը մուծել: Շատ տանջալի աշխատանք է. ամեն օր արեւի տակ կռացած ծաղիկ ենք տնկում կամ խոտերն ենք հավաքում, մաքրում: Ամբողջ հարցը նրանում է, որ ողջ օրն աշխատացնում են, բայց ոչ մի հավելավճարի մասին խոսք չկա: Գոնե մեր կատարած ավել ժամերի համար վճարեն»,- «Ժողովուրդ»-ին բողոքեց աշխատակիցներից մեկը (հարգելի պատճառներով անունը չենք հրապարակում):
Ու թեեւ աշխատակիցները վախենում են նշել իրենց անունները, սակայն այլեւս չկարողանալով հանդուրժել ստեղծված իրավիճակը՝ ստիպված դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն՝ հույս ունենալով, որ խնդիրն այս ճանապարհով կլուծվի:

«Արեւի տակ այնքան ենք հոգնում, որ երբ տուն ենք վերադառնում, ոնց որ ծեծված ու ջարդված լինենք: Մենք շատ ուրախ ենք, որ գեղեցկացնում են այգին եւ նման աշխատաքներ են կատարում: Ողջունում ենք նրանց այդ քայլը, բայց այդքան տանջալից աշխատանք ու դրա դիմաց մարդկանց չվարձատրել, դա անթույլատրելի է: Հենց բարձրաձայնեցինք, մեզ հետ սկսեցին կոպիտ խոսել: Ասացին՝ դիմում գրեք, ազատվեք, մեկ ուրիշի կընդունենք աշխատանքի, չխոսեք, հենց հիմա գնացեք գրասենյակ ու դիմում գրեք: Ամեն օր ձեռքները դրած հետեւները, կանգնած՝ հրաման են արձակում, մեր կեսի չափը չկան: Բոլորը գրագետ, կիրթ մարդիկ են, հետո ինչ, որ մի քանի կոպեկի համար գնացել ենք ու աշխատում ենք: Բա՞ կարելի է մարդկանց այդպես սպառնալ կամ իրավունքները ոտնահարել: Մենք էլ ենք այս երկրի քաղաքացի»,- զայրացած նշեց մեկ այլ աշխատակից:

Այգում աշխատող քաղաքացիները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ իրենց աշխատավարձերն, այնուամենայնիվ, ժամանակին են տրվում, պարզապես ինչպես արտաժամյա աշխատանքի համար, այնպես էլ հանգստյան օրերին` շաբաթ, կիրակի, աշխատելու դիմաց իրենց կրկնակի չեն վարձատրում` ի խախտումն աշխատանքային օրենսգրքի:

Նշենք, որ Թաթուլ Կրպեյանի անունը կրող զբոսայգու մաքրման, բարեկարգման աշխատանքները համակարգում են Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Նոր Նորքի վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ վարչության պետի տեղեկալ Հայկ Մարտիրոսյանի հետ: Վերջինս պնդեց, որ «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները կվարձատրվեն իրենց արտաժամյա աշխատանքի դիմաց:

«Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի եւ առաջիկայում կներկայացնի՝ արդյոք «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները ստացել են հավելավճար, թե ոչ:

Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ գլխի 139-րդ հոդվածի համաձայն` ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Իսկ, ահա, 146-րդ հոդվածով գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 120 ժամը: Աշխատանքային օրենսգրքի 19-րդ գլխի 185-րդ հոդվածում էլ նշված է հետեւյալը՝ աշխատանքի ժամանակացույցով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով: Նույն օրենսգրքի 3-րդ գլխի 26-րդ հոդվածում նշված է, որ գործատուն պարտավոր է հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս