Թուրքիայի Բոդրում քաղաքի դատախազությունը 4 սիրիացիների մեղադրել է մարդկանց ապօրինի տեղափոխման մեջ, որն հանգեցրել մարդկային զոհերի: Սեպտեմբերի 2-ին պատերազմով բռնկված Սիրիայից Միջերկրական ծովով Հունաստան անցնելու փորձի ժամանակ զոհվել է 12 մարդ, այդ թվում նաև Սիրիայից քուրդ փոքրիկը, ում լուսանկարը հրապարակել են գրեթե բոլոր միջազգային ԶԼՄ-ներն, ում մահը ցնցել է համաշխարհային հանրությանը:
Մի քանի ժամ առաջ Սիրիայի Քոբանի քաղաքում ընտանիքի ողջ մնացած հայրը՝ Աբդուլլա Կուրդին թաղել է իր որդիներին՝ 3-ամյա Այլանին, 5-ամյա Գալիպին ու նրանց մորը՝ Ռիհանին:
Աբդուլլան պատմել է, որ փորձել է փրկել իր զավակներին ու կնոջը, սակայն չի կարողացել ուժեղ ալիքների պատճառով: Ընտանիքի հայրը պատմել է, որ առաջինը խեղդվել է երեխաներից մեկը, վերջինս ջանքեր գործադրելով թողել է խեղդված երեխային ու փորձել է փրկել մյուսին, նա փոքրիկին տարել է դեպի մայրը՝ խնդրելով նրան երեխայի գլուխը ջրի վրա պահել, սակայն տեսել է, որ կինը ևս արդեն մահացած է: Աբդուլլան ողբերգական դեպքի միակ ողջ մնացածն է:
Հավելենք, որ այս ողբերգությունը մեծ միջազգային արձագանք է ստացել ու, ինչպես հայտարարել է ՄԱԿ-ը, ևս մեկ անգամ հիշեցրել է եվրոպական երկրներին ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը լուծելու համար արտակարգ միջոցառումներ կիրառելու անհրաժեշտության մասին:
Փոքրիկ Այլանը դարձել է փախստականների ողբերգության խորհրդանիշը: