Երեկ՝ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երեւանի թիվ 8 դպրոց եւ ուսուցիչների հետ լուսանկարվելու համար տարբեր դիրքեր էր ընդունում, մայրաքաղաքում երիտասարդ կնոջ` երեք անչափահաս երեխաների մոր մահվան հերթական դեպքն արձանագրվեց: Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում: Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, եւ լաբորոսկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ: Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, եւ երեկ նա մահացել է:
Հետաքրքիր է՝ նման քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ ոլորտի պատասխանատուները եւ, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տեղից շարժվեն՝ սկսելու կատարել իրենց պարտականությունները: Հիվանդանոցներում բժիշկների ապաշնորհության պատճառով անիմաստ մահերը սովորական են դարձել մեր առօրյայում: Մինչեւ ե՞րբ պետք է ՀՀ շարքային քաղաքացին «մատաղ լինի»:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ` նվիրված նոր Սահմանադրության նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ եւ «Ժառանգությունը» դեռ վերջնական չեն որոշել՝ լսումներին մասնակցելու են, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ այդ խմբակցությունները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել: Եթե որոշեն լսումներին մասնակցել եւ դեմ արտահայտվել, ապա միեւնույն է՝ կստացվի, որ նրանք բովանդակային քննարկման մեջ են մտնում: Իսկ բովանդակային քննարկման մեջ մտնելով՝ ընդունում են, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոփոխել: Եթե որոշեն չմասնակցել, ապա լսումները կանցնեն, այսպես կոչված, կոնսոլիդացիայի լույսի ներքո: Իհարկե, բոլոր այն խմբակցությունները, որոնք մասնակցել են Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ֆոտոսեսիային, միաժամանակ ընդդիմություն խաղալու խնդիր ունեն, ուստի ինչ-որ առարկություններ կներկայացնեն, իսկ փաստաթղթի հեղինակներն էլ կխոստանան դրանք քննարկել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո: Ըստ Նազարյանի՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը` 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչեւ այդ փաստաթղթի պատրաստ լինելը: Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները պլանավորում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչեւ այս տարվա վերջ: Իհարկե, ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը դեռ չի խոստովանում, որ իրենք մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել էլէներգիայի սակագինը, բայց առկա զարգացումները հենց այդ մասին են վկայում:
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը երեկ տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումա է ուղարկել ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու մասին օրինագիծ: Դրանով առաջարկվում է ԱՊՀ տարածքում ստեղծել մի համակարգ, որի շնորհիվ անդամ երկրները միմյանց միջեւ դրամաշրջանառության ընթացքում դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկները կատարելուց հրաժարվեն: Հայաստանի տնտեսությունը ռուսական ռուբլուց ունեցած կախման պատճառով առանց այդ էլ ծանր կացության մեջ է, եւ միջազգային շուկաներում Ռուսաստանի դեմ իրականացվող գործընթացները մեզ մոտ իրենց անմիջապես զգացնել են տալիս: Եթե ռուբլուց կախվածությունն ավելի մեծանա, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի չի դիմանա այդ արժույթի հետ տեղի ունեցող վայրիվերումներին: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները, եթե չեն ցանկանում վերջնականապես կործանել Հայաստանի տնտեսությունը, ապա պարտադրված են լինելու Ռուսաստանին «ոչ» ասել այս հարցում: Կկարողանա՞ն արդյոք:
ԱՆԱՌԱՋՆՈՐԴ
Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին զուգահեռ չեն դադարում վերլուծությունները, թե, ի վերջո, ինչու Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այս գործընթացը, այն դեպքում, երբ առանց Սահմանադրության փոփոխության էլ կարող էր շատ հանգիստ վերարտադրվել` ստանձնելով վարչապետի պաշտոնը, որը ներկայիս Սահմանադրությամբ նախագահից ոչ պակաս լիազորություններ ունի: Այս հարցի պատասխանը իրականում շատ պարզ է. Սերժ Սարգսյանը ցանկանում է վերափոխել Սահմանադրությունը, քանի որ չունի նախագահի աթոռի` իր համար ընդունելի եւ վստահելի ժառանգորդ:
Եվ, առհասարակ, ՀՀԿ-ականներից զատ նախագահականում ֆոտոսեսիաների մասնակցող ոչ իշխանական ուժերը եւս, որպես արդարացում, կուլիսային խոսակցություններում նշում են, թե գուցե այս տարբերակը չարյաց փոքրագույնն է, քանի որ նախագահական համակարգի պահպանման դեպքում 2018-ին մենք հայտնվելու ենք շատ վտանգավոր իրավիճակում, երբ ստիպված ենք լինելու կա՛մ հանդուրժել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, կա՛մ էլ երկրի ղեկը հանձնել նախկինում արդեն իսկ առաջադրված եւ խայտառակ կերպով ձախողված այնպիսի դեմքերի, ինչպես, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն է կամ Արթուր Բաղդասարյանը: Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը փետրվարյան իրադարձություններից հետո արդեն անգամ չի էլ քննարկվում, դե, իսկ Լեւոն տեր-Պետրոսյանն էլ, ինչպես հայտնի է, նախորդ նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց, թե ինքն արդեն չափազանց ծեր է՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:
Ինչ վերաբերում է էլիտայի ներսից, օրինակ, Սեյրան Օհանյանին կամ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք ունենալը պարտադիր պայման չդիտարկող Հովիկ Աբրահամյանին առաջ մղելու հնարավորությանը, ապա դա էլ իրատեսական չի կարող լինել: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտի, որ այդ տարբերակը շատ վտանգավոր է, ի վերջո, ինքն էլ նման պայմանավորվածությամբ գալով իշխանության` կարճ ժամանակ անց մոռացավ Ռոբերտ Քոչարյանին տված հավատարմության հավաստիքները:
Արդյունքում ստացվում է, որ մեր ողջ քաղաքական դաշտում չկա մի նորմալ նախագահացու. բոլոր թեկնածուներն էլ կա՛մ անխտիր վարկաբեկված են, կա՛մ էլ շատ թույլ են եւ ոչ ազդեցիկ: Եվ հենց նորմալ քաղաքական սերնդափոխության հնարավորության բացակայությունն է մեր այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը, երբ ամեն ինչ պտտվում է երկու-երեք մարդու շուրջ, եւ տարիներ շարունակ դաշտում որեւէ նոր առաջնորդ չի ծնվում, իսկ ծնվելու դեպքում էլ դեռ «օրորոցում» խեղդում են: