Իշխանությունը պետք է մաքրվի հանցագործներից: Անօրինական սեփականությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Պետք է լուծարվեն անօրինական և հակասահմանադրական կուսակցությունները: Այսօր, սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միջև քննարկման ժամանակ, այս մասին նշեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը:
«Պետք է վերացվի քաղաքական հետապնդումների պրակտիկան, որն առկա է մեր երկրում: Պետք է հաստատվեն ազատ, արդար և ազնիվ ընտրությունների համակարգ: Անհրաժեշտ է բարձրացնել սոցիալական ապահովության մակարդակը», – նշեց նա, հավելելով, որ պետք է արժանապատիվ վարձատրություն լինի:
Նրա խոսքով, այսօր ձևավորված քաղաքական դաշտը թույլ է տալիս ՀՀԿ-ին ցանկացած ընտրություններ և հանրաքվեներ կեղծել: «Ուստի, թերահավատ ենք մոտենում այն ծրագրերին, որոնք ենթադրում են, որ կարող ենք միանալ քաղաքական ուժերով, քաղաքացիներով և հանրաքվեի ժամանակ հասնել այնպիսի արդյունքի, որ ամրագրվի` Սահմանադրությունը չի ընդունվել», – հավելեց նա:
Ղուկասյանի խոսքով, իշխանափոխության ծրագիրը պետք է հիմա իրականացնել: «Հանրապետության հրապարակում ձևավորել ենք երկու պահանջ` ապահովել ժողովրդի վստահության կառավարություն, այդ պահանջն ուղղված է ընդդիմադիր ուժերին, և անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, այդ պահանջն ուղղված է ժողովրդին: Մեր այնտեղ գտնվելու նպատակը սա է` քաղաքացիական անհնազանդության ճանապարհով, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս երկու պահանջները դառնան իրական», – հավելեց Ղուկասյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումներին դեմ բոլոր ուժերը պետք է ուշադրություն դարձնեն այս ծրագրին: «Նոր սահմանադրությունն ամբողջ լիազորությունները տալիս է կուսակցություններին, որը ոտնձգություն է քաղաքացիների իրավունքների նկատմամբ», – եզրափակեց Ղուկասյանը: