ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարիներ առաջ` զինծառայության ժամանակ, տղաս վիրավորվել եւ ստացել է կոնտուզիա (ուղեղի սալջարդ): Խնդրում եմ ասել` այս հանգամանքը կարո՞ղ է հիմք հանդիսանալ հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար:

Արմենուհի Ստեփանյան (53 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է նշել, որ ոչ, չի կարող, քանի որ զինծառայողի մոտ վիրավորվելու կամ ուղեղի սալջարդի (կոնտուզիա) հետեւանքով կարող է առաջանալ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, սակայն առկա խանգարումները չբերեն կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջների՝ անձին հաշմանդամ ճանաչելու եւ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:  
Այսինքն՝ առկա հիվանդությունը, վնասվածքը կամ արատը, առավել եւս` սոցիալական ծանր վիճակը, չեն կարող հիմք հանդիսանալ հաշմանդամության սահմանման համար:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ հայրենիքի եւ պետության հանդեպ պարտքը կատարողին հետագայում այդ նույն պետությունը տեր չի կանգնում: Բայց չէ՞ որ այդ մարդը վնասվածքը ստացել է ծառայություն կատարելիս, եւ արդյոք հաշմանդամության աստիճան տալու սահմանված կարգն իրականում օբյեկտիվ է:




Լրահոս