ԻՆՉՊԵՍ ՎԱՃԱՌԵԼ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել նոր Սահմանադրության նախագիծը՝ մի հետաքրքիր խմբագրում կատարելով: Խոսքը վերաբերում է 204-րդ հոդվածին, որով նախատեսվում է համաժողովրդական քվեարկության դնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցը: Այս թեզը ակտիվորեն պաշտպանվեց իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ հատկապես «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից: Ավելին՝ վերջինիս ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իրենց կուսակցությանը վերագրեց այս մտահղացումը ու սկսեց հպարտորեն ի լուր աշխարհի գովերգել այդ քայլը: Ուշագրավ է, որ ո՛չ «Հայեցակարգում», ո՛չ հուլիսին հրապարակված «Նախագծում» այդպիսի ձեւակերպում չկար, եւ փոփոխությունը կատարվել է, այսպես ասած, վերջին պահին:

Այս կապակցությամբ ՀՀԿ-ականներից Հովհաննես Սահակյանը համոզված պնդում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է եւ այդ հարցով ցանկացած մտավախություն անհեթեթություն է: Ըստ նրա՝ «Մենք ո՛չ մտադիր ենք, ո՛չ էլ պատրաստվում ենք, ո՛չ էլ ցանկություն ունենք որեւէ մի բան զիջելու որեւիցե մեկին»: Պատկերացնում եք, եթե ՀՀԿ-ն մտադիր լինի կամ էլ նվազագույն ցանկություն ունենա, հապճեպորեն կարող է դիպչել տարածքային ամբողջականությանը, բայց, փառք Աստծո, որ իրենց բարեհաճությամբ նրանք դեռեւս այդպիսի ցանկություն չունեն: Հարկ է սակայն նկատել, որ ՀՀԿ-ի հավաստիացումներին մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ լուրջ վերաբերվել: Անվիճելի է, որ ՀՀԿ-ականները մինչեւ Սերժ Սարգսյանի «հորդորը», միաբերան արտահայտվում էին նախագահական համակարգի արդյունավետության օգտին՝ խստագույնս սեւացնելով խորհրդարանական կարգերն ու դրանց ջատագովներին: Այսօր, սակայն, նրանք միանգամայն հակառակ կեցվածքն են որդեգրել: Այնպես որ, երբ ՀՀԿ-ն այսօր խոստանում է չդիպչել ՀՀ տարածքային ամբողջականությանը, նույն փուտաջանությամբ վաղը համոզելու է, որ զիջումները բխում են Հայաստանի շահերից:
Սակայն այս հարցում ուշագրավ է հատկապես ՀՅԴ-ի կեցվածքը: Մշտապես իր հեղափոխական անցյալով հպարտացող, Թուրքիայից հայկական հողերը առերեւույթ պահանջող կուսակցությունն այսօր պատրաստ է ժողովրդական հանրաքվեի միջոցով վաճառքի հանել նաեւ ՀՀ-ի տարածքը: Իսկական «հայրենասիրական» կեցվածք է, առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ ՀՅԴ-ն 1988-ի շարժման ժամանակ դեմ էր Հայաստանի անկախությանը: Պատերազմի ամենածանր օրերին զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ու Պնախարարին առնվազն պաշտոններից հեռացնելու քարոզի ուղեկցությամբ պայթուցիկներով զինված հանրահավաքներ անող կուսակցությունից հազիվ թե կարելի էր մեծ բան ակնկալել: Այս համատեքստում արժի հիշեցնել, որ Դաշնակցությանն է պատկանում Հայոց պատմության մեջ վատթարագույն Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի կնքման «պատիվը»:
Այս կուսակցության փակումը 1994թ. դեկտեմբերին իրենց իսկ համար դրական նշանակություն ունեցավ զոհի կերպարի ձեւավորման առումով, որը լավագույնս օգտագործվեց Քոչարյանի օրոք պետության «բարեշինման» օրերին: Եւ հիմա` 6 տարի զրկված լինելով իշխանության աղբյուրից՝ ՀՅԴ-ն իր երանելի օրերին վերադառնալու նոր տարբերակ է գտել:
Դեռեւս 1920թ. դեկտեմբերի 1-2-ին՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքման նախօրեին, ՀՅԴ իշխանական շրջանակները ցայտնոտի մեջ էին՝ մի կողմից «բանակցելով» Թուրքիայի, մյուս կողմից՝ Խորհրդային ուժերի հետ: Կուսակցության անպատասխանատու պահվածքի, միմյանց հանդեպ բացարձակ անվստահության ու բարձիթողի մթնոլորտում իրենց իսկ դիվանագիտական անհեռատեսության պատճառով ծագած պատերազմի ավարտին Թուրքիային զիջեցին Կարսը, Սուրմալուն ու Նախիջեւանը: Հետո, իհարկե, հասցրին մեղքը բարդել բոլշեւիկների վրա: Սակայն փաստ է, որ պայմանագիրը կնքել է ՀՅԴ քաղաքական ղեկավարությունը՝ հանձինս նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի: Այսօր փորձելով չկրկնել 100 տարի առաջվա սխալը` ՀՅԴ-ն ապահովագրում է իրեն՝ գոնե փաստաթղթային մակարդակով մեղավոր հռչակելով ժողովրդին: Վանո Սիրադեղյանը ՀՅԴ-ի այսօրինակ բնույթի մասին լավագույնս է արտահայտվել. «Եվ կլինի էլի բարոյական հաղթանակ: Իսկ դաշնակները ձեռնամուխ կլինեն «հողահավաքի» հաջորդ էտապին կամ, ծայրահեղ դեպքում, կվերադառնան իրենց երկրները՝ իրենց ռեկետի գործին»:
Ինչեւէ, հատկանշական է նաեւ, որ գործող Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է: Այսինքն՝ գործ ունենք տարածքային ամբողջականության անձեռնմխելիության իմպերատիվի հետ եւ դրա խաթարման համար գոյություն ունի հստակ պատասխանատու: Արձանագրելի է, որ գործող Սահմանադրությամբ ոչ ոք ամբողջականության հարցի որոշման գործառույթ չունի՝ անգամ նախագահը, մինչդեռ նոր նախագծով հարցը լիովին դառնում է սակարկությունների առարկա: Պետության շահերից ելնելով՝ կարելի էր այս հարցում ավելի առաջ գնալ ու ՀՀ տարածքային ամբողջականությանը սահմանադրական նորմի կարգավիճակ շնորհել: Առաջարկվող տարբերակը, սակայն, ակնհայտ ետընթաց է կատարում` տարածքային ամբողջականության խաթարման հարցում մեղավորությունը գցելով ժողովրդի վրա՝ իբր հանրաքվեի կեղծ-ժողովրդավարական ինստիտուտի ներդրմամբ: Սակայն մի՞թե գաղտնիք է, որ Հայաստանում ո՛չ համապետական ընտրություններն են անցնում ազնիվ, ո՛չ էլ հանրաքվեները՝ արդար: Արդ, պատահական չէ, որ «Վենետիկի» հանձնաժողովը եվրոպական չափանիշներին համապատասխան է գնահատել այս նախագիծը: Նրանց համար էլ լավագույն հնարավորություններն են ստեղծվում Հայաստանի իշխանությունների վրա ուզածի չափ ազդելու ու ցանկացած փորձարկում անելու համար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

ՏԱՆՁՈՒՏՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում սեպտեմբերի 13-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մխիթար Պետրոսյանը եւ անկուսակցականներ Ռուբեն Սեդրակյանն ու Էդվարդ Անտոնյանը: Նշենք, որ վերջինս առաջին անգամը չէ՝ առաջադրում է իր թեկնածությունը. նախորդ ընտրություններին նա հավաքել էր ընդամենը 140 ձայն եւ պարտվել:

ՏԻՄ ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ թեկնածու, ե՛ւ գործող գյուղապետ Մխիթար Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Ես գյուղապետի պաշտոնում ընտրվել եմ 2011 թվականին: Վստահ եմ, որ այս տարի կվերընտրվեմ:
-Տանձուտի բնակիչների խոսքերով գյուղապետի այս տարվա ընտրությունները թեժ են լինելու:
-Ես այդպես չեմ կարծում: Ամեն մեկն ինքն իր ձեւով է պայքարում: Մյուս թեկնածուներին ճանաչում եմ, գյուղի բնակիչ են, բայց կուսակցական պատկանելիության մասին ոչինչ չգիտեմ:
-Լարվածություն կա՞ թեկնածուների մեջ:
-Բնական լարվածություն է: Բայց թշնամանք չկա մեր մեջ: Կարելի է ասել, որ ամեն ինչ հանգիստ է: Ես ինքս չեմ մտնում տնետուն: Իսկ իրենց մտնելն էլ ինձ ամենեւին չի հետաքրքրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-ին պարզ կդառնա, թե ով կընտրվի գյուղապետ: Բոլորն էլ կիմանան՝ կանցնե՞մ, թե՞ ոչ:
-Ձեզ առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Ինչո՞վ է Ձեզ աջակցելու ընտրություններին:
-Ինչո՞վ օգնի: Եթե գյուղացին չընտրեց, ապա կուսակցությունն այստեղ ի՞նչ ունի անելու: Չէ, ես չեմ էլ սպասում կուսակցության օգնությանը: Ես ինքս իմ ուժերին եմ վստահում:
-Առաջադրված մյուս թեկնածուների հետ առաջի՞ն անգամ եք պայքարում:
-Ռուբեն Սեդրակյանն առաջին անգամ է առաջադրում իր թեկնածությունը, իսկ Էդվարդ Անտոնյանը՝ երկրորդ: Նախորդ ընտրություններում նա իմ մրցակիցն է եղել. ինքը հավաքել էր 140, իսկ ես՝ 630 ձայն: Տեսնենք՝ այս տարի ինչ արդյունք կգրանցի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆԸ՝ ՀՀԿ-ԱԿԱՆԻ ԴԵՄ
Որքան մոտենում է սեպտեմբերի 13-ը՝ Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների օրը, այնքան Տավուշի մարզկենտրոնում լարվածությունն աճում է: Օգոստոսի 28-ին Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնեական կեղծիքը») հոդվածներով:
Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը: Գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը: 1987թ. Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի՝ որպես սրճարան աշխատեցնելու համար: 2001թ. այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: Սակայն 2006թ. այդ տարածքը տրվել է Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը: Նշենք, որ Գ. Սուքոյանը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից էր: Ինքը` Վ. Ներսիսյանը, այդ քրեական գործի հարուցումը համարում է քաղաքապետի ընտրությունների հետ կապված իրեն ճնշելու փորձ եւ հաշվեհարդար: Նա հավաստիացնում է, որ այդ տարածքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն առկա են, եւ ամեն ինչ օրինական է:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ օգոստոսի 31-ին աշխատանքից ազատել եւ ոստիկանության կադրերի ռեզերվում են գրանցել Իջեւանի պահակային բաժնի պետ Գագիկ Գրիգորյանին, ով օգոստոսի 26-ին իր ենթականերին հավաքել էր եւ հրահանգել Վարուժան Ներսիսյանի համար քվեներ բերել: Գրիգորյանն իր աշխատակիցներին թղթեր էր բաժանել, որտեղ պետք է գրվեին Վ. Ներսիսյանին ընտրելու պատրաստ անձանց տվյալները: Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ օրենքի, իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ:
Գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասում է, որ եթե Վ. Ներսիսյանը չհանի թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու: Իսկ Վ. Ներսիսյանն էլ հակադարձում է, թե անցած 4 տարում Իջեւանի խնդիրները չեն լուծվել, այդ պատճառով էլ իջեւանցիներն իրեն հորդորել են դնել թեկնածությունը:
Նշենք, որ Վ. Ներսիսյանը 2011 թվականից ՀՀԿ անդամ է, իսկ Վ. Ղալումյանը 2011թ-ին, լինելով ԲՀԿ անդամ, նոյեմբերի 13-ին այդ կուսակցության մեծ աջակցությամբ ընտրվեց քաղաքապետ: Այս տարվա փետրվարին՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի դեպքերից հետո, սակայն, Ղալումյանը դուրս եկավ ԲՀԿ-ից եւ հունիսի կեսին դարձավ ՀՀԿ անդամ: Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի Իջեւանի տարածքային խորհրդի կողմից, իսկ Վ. Ներսիսյանն ինքնառաջադրվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս