ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանդարյանի բազալտի հանքը շահագործող «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն սնանկացման եզրին է. ի թիվս այլ պարտավորությունների՝ այն ժամկետանց պարտքեր ունի նաեւ Երեւան համայնքին: Այս ընկերությունը կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անվան հետ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Ընդերքաբեր» ընկերությունը հիմնադրվել է Արամ Հարությունյանի բնապահպանության նախարար նշանակվելուց մեկ տարի անց՝ 2008 թվականին, հիմնադիրը նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է: Մինչեւ 2009 թվականի ամառը ընկերության միակ բաժնետերը «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն է եղել: Իսկ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի բաժնետերերից մեկն էլ Արամ Հարությունյանն է: Ներկայումս, սակայն, ՀՀ պետռեգիստրում նշված է, որ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի հիմնադիրը ոմն Գեւորգ Արշակյանն է: Նշենք, որ ընկերությունը Սպանդարյանի բազալտի հանքը շահագործելու բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը ստացել է այն ժամանակ, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր:
Սակայն երկու տարուց ավել է, ինչ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Ավելին՝ ընկերության դեմ մի քանի դատական հայցեր կան: Շատերն ընկերության խնդիրները կապում են Արամ Հարությունյանի` նախարարի պաշտոնից ազատվելու հետ: Ճիշտ է՝ նա դրանից անմիջապես հետո նշանակվեց Կոտայքի մարզպետի պաշտոնում, սակայն դա նրան չօգնեց ընկերությունը այդ վիճակից դուրս հանելու հարցում: Նշենք, որ Հարությունյանը ներկայումս զբաղեցնում է ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ «Ընդերքաբեր» ընկերությունը պարտք է նաեւ Երեւան համայնքին: Եւ այս խնդիրը լուծելու նպատակով Երեւան համայնքը նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ ընկերությունը ժամանակին չի կատարել հողի վարձավճարների մարումը: Իսկ ահա «Ընդերքաբեր»-ը հակառակն է պնդում` հավաստիացնլով, որ ընկերությունը 2014 թվականի հունվարի 29-ին համայնքի հաշվեհամարին փոխանցել է 7 մլն 100 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2009 թվականի մայիսի 5-ից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը վարձակալության իրավունքով «Ընդերքաբեր»-ին է տրամադրել Երեւան քաղաքի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24.81 հա մակերեսով հողամասը: Սակայն այս տարվա մարտի 4-ին դատարանը կարճել է վարույթը՝ հայցվորի կողմից հայցադիմումը հետ վերցնելու հիմքով: Ամենայն հավանականությամբ, ընկերությունը վճարել է պարտքը: Սակայն մի քանի ամիս անց՝ հուլիսի 20-ին, Երեւան համայնքը կրկին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Ընդերքաբեր»-ին սնանկ ճանաչելու պահանջով: Այս գործով նախնական դատական նիստը նշանակված է այս տարվա հոկտեմբերի 2-ին:
Տեղեկանալու համար, թե այս հայցի հետ կապված ինչ դիրքորոշում ունի ընկերությունը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Ընդերքաբեր» ընկերության հետ, սակայն մեզ հետ խոսեց ընկերության գլխավոր մեխանիկ Գարիկ Բայրամյանը, ով հայտարարեց, որ տնօրեն Յագոր Խերիմյանը Հայաստանում չէ: Նշենք, որ մեզ հետաքրքրող հարցերին Բայրամյանը խուսափողական պատասխաններ էր տալիս` շարունակ նշելով, որ ոչնչից տեղյակ չէ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Ընդերքաբեր»-ի սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի հետ, ով ասաց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, թե ընկերությունը որքան է պարտք Երեւանի քաղաքապետարանին կամ, առհասարակ, պա՞րտք է, թե՞ ոչ: «Թեեւ նշեմ, որ ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Երեւանի քաղաքապետարանին ունեցած պարտքը մարել են, սակայն քաղաքապետարանից էլ հակառակն են համոզում: Այս պատճառով էլ Երեւան համայնքը կրկին դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Նիստ կլինի, կողմերը կքննարկեն, կհստակեցնեն իրենց պահանջի չափը: Գուցե՞ մուծել են, տեղյակ չեմ, բայց ինքս պարտատոմս ո՛չ ստացել եմ եւ ո՛չ էլ դատարան են ներկայացրել»,- պարզաբանեց Եղյանը:
Նրանից տեղեկացանք, որ «Ընդերքաբեր»-ը ցանկանում է փոփոխել Երեւանի քաղաքապետարանի կողմից ընկերությանը տրամադրված տարածքի չափը: «Ասում են, որ պայմանագրով նախատեսված մակերեսը շատ է: Ըստ այդմ, կնվազի նաեւ Երեւան համայնքի պայմանագրով նախատեսված պահանջի չափը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին, սակայն վերջինս, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւից 700 հազար դոլար հափշտակելու մեջ մեղադրվող արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչ նոյեմբեր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ավելի վաղ դատախազությունը հրաժարվել էր հաստատել գործով մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել էր լրացուցիչ փորձաքննության: Ինչպես նշել է փաստաբանը՝ երկուշաբթի վարույթն իրականացնող մարմինն առաջին անգամ որոշել է շփվել Հայրապետյանի հետ: Մարգարյանը հավելել է նաեւ, որ հետաքննությունը նրան մեղադրանքի նոր, խմբագրված տարբերակ է ներկայացրել:

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ
Օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, այդ թվում` 230 կրակոց 60, 82 եւ 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, մեկ կրակոց TP-107 հրթիռահրետանային կայանքից, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:

 

ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
«Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոն ընդգրկվել է Ադրբեջանի արտգործնախարարության «սեւ ցուցակում», հայտնել է նշված նախարարության մամուլի ծառայության ղեկավարը: Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ ինքը մտավախություն չունի Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու կապակցությամբ, նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հիշեցնենք, որ երեկ Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Օրեր առաջ դիրիժոր Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, ասել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման: Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր: Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, եւ ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»: Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Մարչիանոն ֆեյսբուքյան էջում տեղադրել է արցախյան իր ուղեւորության նկարները:

 
ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարի ենթարկված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի կապակցությամբ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Էլլա Պամֆիոլովային` խնդրելով հետամուտ լինել նշված գործի օբյեկտիվ քննության հարցում, ինչպես նաեւ՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել սպանվածի ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ:

 

ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպել ադրբեջանցի քննիչների հետ, սակայն պատրաստ է գնալ այդ քայլին, եթե իրեն խնդրեն ռուս իրավապահները:
«Տեսականորեն ինձ հետ խոսել հնարավոր է, եթե ես նրանց հյուր հրավիրեի, իսկ, ահա, Ադրբեջանից ժամանած քննիչներն ինձ՝ ռուս քաղաքացուս հետ չեն կարող խոսել: Եթե ինձ խնդրեն մեր ռուսական ուժային կառույցները, թե Գերմա՛ն, հարկավոր է խոսել ադրբեջանցի քննիչների հետ, որ դա պետք է՝ համաձայն օրենքի, որն ընդունվել է դեռեւս Ելցինի տարիներին, այդ ժամանակ ես կխոսեմ ադրբեջանցիների հետ»,- ասել է գործարարը:
Հարցին՝ արդյոք իրեն տեղեկացրել են Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների` հարցաքննելու մտադրության մասին, Ստերլիգովն ասել է. «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Տեղեկացնում են նրանք, թե չեն տեղեկացնում, կանչում են, չեն կանչում, ինձ համար միեւնույն է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի ՆԳՆ եւ գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս գործարար, ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովի հարցաքննությանը:




Լրահոս