«ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԳՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային երգչուհի Անի Սարգսյանը` Անի Յորենցը, արդեն մի քանի տարի է` Գերմանիայի Քասսել քաղաքի օպերային թատրոնի մեներգչուհին է, որտեղ հանդես է գալիս գլխավոր դերերով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչպես է ճակատագիրն իրեն տարել Գերմանիա, եւ ինչ հաջողությունների է նա այնտեղ հասել:

-Անի՛, գիտենք, որ Գերմանիայում որպես ուսանող բոլորովին պատահաբար եք հայտնվել, տուրիստական այցը դարձել է ճակատագրական. կպատմե՞ք այդ մասին:
-2009 թվականից տեղափոխվել եմ Գերմանիա, սովորել Ֆրանկֆուրտի արվեստի ակադեմիայում, բայց, որքան էլ զարմանալի է, բարձր մրցակցության պայմաններում ընդունվել եմ առանց հատուկ քննություններ հանձնելու. շատ պատահական կերպով այնտեղի դեկանն առիթ ունեցավ ինձ լսելու, ես ընկերուհուս հետ էի, անգամ գերմաներեն չէի հասկանում, նա թարգմանում էր մեր խոսքը: Իմ կատարումը դուր եկավ դեկանին, իսկ ես պարզապես հարցրեցի` գուցե գամ, սովորեմ ակադեմիայում, նա էլ պատասխանեց, որ ես արդեն ընդունված եմ… Դա շատ անսպասելի, շոկային, ճակատագրական պահ էր ինձ համար… Ի դեպ, այնտեղ ուսումն անվճար էր, եւ շատ դժվար էր ընդունվելը… Այդպես ճանապարհն ինձ Հայաստանից տարավ Գերմանիա:
-Արդեն երեք տարի է` Քասսել քաղաքի օպերային թատրոնում աշխատում եք որպես մեներգչուհի, հանդես եք գալիս գլխավոր դերերով. այդտեղի փորձից ելնելով` ի՞նչ կցանկանայիք բերել մեր օպերային թատրոն:
-Մեր օպերային թատրոնի երգացանկը կցանկանայի ընդլայնել. իմ` Կոնսերվատորիայում սովորելու տարիներից ի վեր այն շատ չի հարստացել. տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների գործեր ներգրավելու կարիք կա: Օպերային թատրոնում, որտեղ ես աշխատում եմ, 20-25 սոլիստ կա. ամեն մեկը տարվա ընթացքում իր խառնվածքին բնորոշ 4-5 դեր է ստանում: Կուզենայի մեզ մոտ էլ մեծ թվով երգիչներ դերեր ստանային. երիտասարդ կադրերի` բեմում լինելու կարիքը շատ մեծ է: Բացի այդ` շատ կցանկանայի, որ դրսից մեր թատրոն հրավիրվեին մեծանուն դիրիժորներ, ռեժիսորներ եւ այլ մասնագետներ, որոնք վարպետության դասեր կտային մեր երգիչներին: Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով հեռու է Եվրոպայից, այդ մշակութային շփումը շատ սերտ չէ: Մեծ մասամբ ուսանողներ են, որ առիթ ունեն շփվելու դրսի արվեստի հետ, սակայն դա էլ նրանց համար թանկ է արժենում:
-Դրսում լա՞վ եք վարձատրվում. թերեւս Գերմանիայում լավ մասնագետը կարողանում է գտնել իր տեղը եւ համարժեք վարձատրվել: Այդ դեպքում ո՞րն է մեր երիտասարդ կադրերին հայրենիքում պահելու ելքը:
-Ինքս չեմ դժգոհում, կարողանում եմ իմ գլուխը լավ պահել. բոլորն էլ Հայաստանից ստիպված են գնում. օրինակ՝ ինձ միայն Եվրոպայում ապրելու փաստը երբեք չի շահագրգռել, պարզապես ես ուզեցել եմ իմ գործով զբաղվել: Ես երկրից դուրս չէի գա, եթե հայրենիքում ավելի շատ աշխատատեղեր լինեին օպերային երգիչներիս համար: Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց մեր երկիրը փոքր է, ունի ընդամենը մեկ օպերային թատրոն, երկրորդը հազիվ թե բացվի, թեեւ, օրինակ` Բեռլինում կա երեք օպերային թատրոն: Եվ եթե այստեղ երաժիշտները կարող են մտնել նվագախմբեր, համերգներով հանդես գալ, ապա օպերային երգիչների արենան ավելի նեղ է:
-Հայկական օպերային արվեստի գործերը դրսում կատարելու առիթներ եղե՞լ են: Իսկ մեր թատրոնում դրանց քանակը Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ամեն տարի, երբ գալիս եմ Հայաստան, պարտադիր գնում եմ «Անուշ» օպերան ունկնդրելու, անկախ այն բանից, թե ով է այն երգում, ինչպես է երգում: Մեզ մոտ հայկական օպերային արվեստի գործերը քիչ են ներկայացվում, եթե դրանք համեմատենք, օրինակ, ֆրանսիական, գերմանական, իտալական օպերաների քանակի հետ, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը փոքր է, նրանց երաժշտական գրականությունն էլ ավելի հարուստ է: Ինչ վերաբերում է դրսում հայ արվեստի գործերը ներկայացնելուն, ապա ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ այս տարի Ֆրանկֆուրտում գերմանացիների նախաձեռնությամբ կայանալու է համերգ, որի ընթացքում հնչելու է Տիգրան Մանսուրյանի գրած ռեքվիեմը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նվագախմբում լինելու են գերմանացիներ, դիրիժորը եւս գերմանացի է, բայց կլինի երկու հայ սոլիստ` ես եւ Գուրգեն Բավեյանը: Դիրիժորը շատ ուզում էր, որ սոլիստները պարտադիր հայ լինեն: Այդ համերգին ներկայանալն ինձ համար մեծ պատիվ է:
-Եւ վերջում, ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:
-Ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր դրսում են, հաճույքով կգային, կկիրառեին իրենց ստացած փորձը, եթե, ինչպես նշեցի, լինեին աշխատատեղեր: Ու թեեւ հայաստանցի հանդիսատեսը շատ ավելի խստապահանջ է, քան դրսի հանդիսատեսը, բոլորիս համար էլ հայաստանյան բեմն ու հայաստանցու ծափահարությունն անփոխարինելի են:

 

 

 

 

 
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՐՎԱԾ Է. ԻՍԿ ՀԵՏՈ՞ ԻՆՉ Է ՊԵՏՔ

Ինչպես արդեն հայտնի է՝ Կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ ««Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Այս առթիվ կինոոլորտի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ են հայտնում, իսկ թեմայի շուրջ կրքերը գնալով թեժանում են:

Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով հանդես է եկել «Հայֆիլմ»-ի արտադրած մի շարք հայտնի ֆիլմերում («Աշնան արեւ», «Տերը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» եւ այլն), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրական համարեց այն հանգամանքը, որ «Հայֆիլմ»-ն անցավ պետությանը. «Բայց սա միայն մեկ դեպքում դրական քայլ կլինի. եթե պետությունն իսկապես ուշադրություն դարձնի կինոյին, վերջապես հասկանա հայ ֆիլմի արժեքը: Հույս ունեմ, որ պետությունն իր ձեռքը կվերցնի արվեստի այդ ճյուղի զարգացման գործընթացը, եւ այլեւս չեն նկարահանվի այնպիսի էժանագին ֆիլմեր, ինչպիսիք ստեղծվում են այսօր: Ցավոք, այսօրվա շուկայական հարաբերությունների պայմաններում ամեն բան դառնում է առուծախի առարկա, բայց հայկական ֆիլմի արտադրության վիճակն ավելի վատ, քան հիմա է, կարծում եմ, լինել չի կարող, ուստի հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մի բան կշտկվի, ինչպես եղավ «Մոսֆիլմ»-ի դեպքում: Պետք է, չէ՞, մի բան լինի, որ այս երկրին պատկանի, թե՞ ամեն ինչ պետք է նվիրենք խալխին»:
Ա. Ղուկասյանի համոզմամբ` եթե «Հայֆիլմ»-ը կրկին սեփականաշնորհվի որեւէ մեկի կողմից, պարտադիր է, որ սեփականատերը ոչ միայն գործարար հատկություններով օժտված լինի, այլեւ գլուխ հանի կինոոլորտից, հասկանա, թե ինչ բան է կինոարվեստը:
Կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Դովլաթյանն էլ, ով ռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի որդին է, մեզ հետ զրույցում դրական համարեց այն հանգամանքը, որ «Հայֆիլմ»-ն անցավ պետությանը. «Այն, ինչ կատարվում էր դրանից առաջ, աբսուրդ էր: Հիմա, երբ առաջին քայլն արված է, պետք է ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար ծրագիր կազմել: Պետությունը պետք է խելոք լինի, վերահսկի, որ ճիշտ ուժեր գան ասպարեզ եւ ճիշտ ձեւով տնօրինեն «Հայֆիլմը»,-ասաց նա:
Անդրադառնալով «Հայֆիլմը» սեփականաշնորհելու հարցին` ռեժիսորը նկատեց, որ պետությունը կարող է «գարանտ կանգնել», բայց չի կարող հոգալ «Հայֆիլմ»-ի համար պահանջվող ծախսերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅԻ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ
Բրիտանացի ռեժիսոր Թոնի Փալմերը, ով ավելի քան 120 ֆիլմերի հեղինակ է եւ աշխատել է Բիթլզի, Ջիմի Հենդրիքսի, Բրիտենի, Մարիա Կալասի, Ստրավինսկու, Մենյուհինի, Մարգո Ֆոնտեյնի հետ, ցանկանում է ֆիլմ ստեղծել Արամ Խաչատրյանի ու հայերի մասին: Ինչպես «Արմենպրես»¬ի հետ զրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայում բնակվող հայազգի Զեփյուռ Բատիկյանը, ֆիլմի միջոցով ցանկանում են աշխարհին եւ հատկապես բրիտանացիներին ներկայացնել հայի տեսակը՝ իր մշակույթով եւ պատմությամբ: Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները դեռ չեն սկսվել, քանի որ ֆինանսավորման խնդիր կա: «Շուտով Kickstarter էջում կմեկնարկի այս նախագիծը, եւ մարդիկ կկարողանան իրենց ներդրումն ունենալ ֆիլմի ստեղծման գործում»,-հայտնել է Զ. Բատիկյանը։

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՈՒԹՆՅԱԿՈՒՄ
«Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West (b’est eave) կինոնախագծերի զարգացման եւ կինոպրոդյուսերների վերապատրաստման կրթական ծրագրի 8 ֆիլմերի ցանկում։
Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms եւ CTB Film Company ընկերությունների համատեղ ջանքերով` Եվրոպական աուդիովիզուալ ձեռնարկատերեր EAVE (European Audiovisual Entrepreneurs) եւ Creative Europe MEDIA կառույցների աջակցությամբ: B’EST-ը նախատեսված է Եվրոպական Միության եւ ԱՊՀ երկրները, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ եւ միջազգային համատեղ արտադրության համար պատրաստ կինոնախագծեր:
Այս տարի Հարավային Կովկասից ընտրված է երկու կինոնախագիծ` հայկական «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության «Տատիկիս վարսերը», ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան, պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Կարեն Ծատուրյան եւ ադրբեջանական «Զամբյուղ» ֆիլմը, ռեժիսոր Իմմամադին Հասանով:

 

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՐԱԺԻՇՏԸ
«U2» խմբի վոկալիստ Բոնոն աշխարհի ամենահարուստ երաժիշտն է։ Ըստ «The Mirror»-ի՝ իռլանդացու կարողությունը կազմում է 1.5 միլիարդ դոլար, որը նա վաստակել է Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի շնորհիվ։
Այս վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտվել է Փոլ Մաքքարթնին՝ 1.1 միլիարդ դոլար ունեցվածքով։ Իսկ երրորդ հորիզոնականում փոփի թագուհի Մադոննան է, որի կարողությունը 800 միլիոն դոլար է։




Լրահոս