ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Պուշկին-Մաշտոց խաչմերուկում
Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ հերթական անշնորհք կառուցապատումն է արվում Երեւանի կենտրոնում: Երեւանի փողոցներում նման կառույցներն օր օրի ավելանում են, որը կարծես թե չի էլ հետաքրքրում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս միայն զբաղված է ինչ-որ միջոցառումների կազմակերպման աշխատանքներով, որտեղ պետք է միայն գովեն քաղաքապետին ու նրա գործունեությունը: Իսկ ո՞վ պետք է մտածի քաղաքի «անճոռնիության» մասին: Տարոն ջա՛ն, սիրուն չի:
ՀԱՐՑ. Ես 78 տարեկան եմ, միայնակ թոշակառու, ունեմ որոշակի խնայողություն ՎՏԲ բանկում, սակայն ոչ մի սոցիալական խմբում ընդգրկված չեմ: Դիմել եմ վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, տարբեր ժամանակներում, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չեմ ստացել, բացի նրանից, որ ինձ են ուղարկել արտոնյալ պայմաններով փոխհատուցում ստացողների խմբերի ցուցակը: Արդյոք հնարավոր է, որ սովորական քաղաքացին, որն իր համեստ աշխատավարձից խնայողություններ է կատարել ՎՏԲ բանկում եւ մոտենում է իր 80-ամյա տարելիցին, երբեւէ ստանալու է փոխհատուցում կամ որեւէ արտոնյալ խմբում կարող է ներգրավվել: Ասացեք՝ ի՞նչ կարող եմ անել ես: Գուցե Դուք օգնեք այս հարցի սպառիչ պատասխանը ստանալ:
Սիմակ Գալստյան (78 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ս. Գալստյանը՝ ծնված 1937թ., իր կարգավիճակով չի համապատասխանում վերոգրյալ որոշմամբ սահմանված սոցիալական խմբերից որեւէ մեկին, որի պատճառով չունի ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք: Միաժամանակ հայտնում եմ, որ վերոնշյալ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ Կառավարության 19.05.2014թ.-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է իրականացնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ փոխհատուցում է ստացել, որոնցից 7500-ը մինչեւ 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք:
ՀԱՐՑ. Ներկայացել եմ զինվորական կոմիսարիատ, որտեղ ինձ տվել են կցագրման վկայական, որում գրված է, որ բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պիտանի չեմ ծառայելու խաղաղ ժամանակ, բայց պիտանի եմ ոչ շարքային ծառայելու պատերազմի ժամանակ: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք ազատված եմ բանակից, թե ոչ: Նշեմ, որ ունեմ առողջական խնդիր (փայցախս հեռացված է, եւ երկկողմանի ծնողազուրկ եմ):
Մինաս Արիստակեսյան (24 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենքի 12-րդ, 24-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի թիվ 748-Ն որոշման համապատասխան դրույթների ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ Դուք, առողջական վիճակից ելնելով, չպետք է ծառայեք բանակում, այլ ունեք միայն ոչ խաղաղ ժամանակ ծառայելու պարտականություն: Նշենք, որ թեեւ զինապարտի կարգավիճակի փաստաթղթային ձեւակերպումների, այդ թվում՝ դրանց կատարման ժամկետների հարցում օրենսդրության մեջ կան որոշ անհստակություններ, այնուամենայնիվ, գործող պահանջների վերլուծությունից հետեւում է, որ պետք է ստանաք նաեւ վերը նշված որոշումն իր մեջ ներառող զինվորական գրքույկ:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է ավելացնել, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը տարածվում է մինչեւ 2015 թվականի մայիսի 1-ը «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիների վրա: