“Հրապարակը” գրում է, թե կուսակցություն դարձող ՀԱԿ-ը “տոտալ” տեռոր է իրականացնում “գծից շեղված” “Ազատություն” կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ “ռեպրեսիաների” մասին եւ ՀԱԿ-ի դեմ:
Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, “Ազատության” անդամ Կարին” Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների մեջ, ներգրավվածներին էլ հետ են կանչում:
Ավելին, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, “Ժողովրդավարական հայրենիքի” նման, “Ազատության” դեպքում եւս փորձ է արվում պառակտել այն` ոմանց “տարհանելու” զուրաբյանական փորձված մեթոդով, եւ դա այն դեպքում, երբ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն դեռ չի արել, ասել է, որ առժամանակ, մինչեւ ընտրությունների ավարտ, սառեցնում է իր անդամակցությունը:
Ըստ ամենայնի, ՀԱԿ-ը “շտապեցնում” է Բագրատյանին, որ վերջինս հնարավորինս շուտ` մինչեւ ընտրությունների ավարտ, դուրս գա ՀԱԿ-ից, որովհետեւ մտածում են, որ հնարավոր է նրա ցույց տված ընտրական արդյունքները վերջինիս դարձնեն ընդդիմադիր նոր բեւեռ` խաթարելով ՀԱԿ ծրագրերը: Բոլոր դեպքերում, ինչպես տեղեկացրին “Ազատությունից”, իրենք կուսակցությունից դուրս գալու որեւէ դիմում դեռ չեն ստացել. կուսակցության Գյումրիի 2 ներկայացուցիչ հայտարարություն են արել, ինչի մասին իրենք իմացել են մամուլից: