ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԼՂՀ-ից Հայաստան իր տեղափոխությունը զուտ զինվորական կանոնակարգի արդյունք է: Նախկին նախարարը չի փոշմանել Հայաստան ծառայության անցնելու համար:
Մովսես Հակոբյանի տեղափոխության, ՀՀ Զինված ուժերում տիրող վիճակի և մի քանի այլ հարցերի շուրջ զրույցը՝ ստորև:
-Պարոն գեներա՛լ, տևական ժամանակ է՝ Հայաստանում եք: Ինչպե՞ս կգնահատեք Զինված ուժերում տիրող վիճակը, եթե համեմատեք ԼՂՀ ԶՈՒ-ի հետ: Որտե՞ղ ավելի շատ անելիքներ կան:
-Հայկական զինված ուժերը մեկն է: Արցախի բանակը և Հայաստանի Հանրապետության բանակը մեկ ընդհանուր խնդրի շուրջ են գործում:
-Այսինքն՝ որևէ խնդիր, որը կա այնտեղ, այստեղ չկա և հակառակը, կամ որևէ երևույթ, որը փոփոխման է ենթակա, չե՞ք առանձնացնի:
-Իհարկե՛, ստորաբաժանումների միջև տարբերություններ կան: Իսկ դրանք հիմնականում կապված են իրենց առջև դրված խնդիրներով, և չի կարող այդ բոլոր խնդիրներին միանման մոտեցում լինել: Բոլոր ստորաբաժանումներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: Այն, ինչ պետք է Արցախի զարգացման համար, Արցախի համար է կատարվում: Հայաստանի զինված ուժերն էլ պատասխանատվություն են կրում Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության համար: Իսկ սահմանային զորամասերի համար առանձին որոշումներ են կայացվում, պահեստայինների և թիկունքում գտնվողների համար՝ առանձին:
-ԼՂՀ-ում բարձր պաշտոն էիք զբաղեցնում: Ինչո՞ւ տեղափոխվեցիք Հայաստան, չե՞ք փոշմանել:
-Իմ տեղափոխությունը Հայաստան արտառոց դեպք չէ: Ծառայողական շարժ է կատարվել: Ես 8 տարի պաշտպանության նախարար եմ եղել Արցախում, որը մեր օրենքների համաձայն բավարար է, անգամ մի քիչ էլ շատ է: Այն ոլորտը, որն այստեղ ես պետք է ղեկավարեմ, աշխատատար է: Նախարարն ու գլխավոր շտաբի պետը խնդիրներ են առաջադրել, ես այդ ուղղություններով եմ աշխատանքներ տանելու, որը բոլորն էլ գաղտնի են լինելու, բացահայտման ենթակա չեն:
-Լուրեր կան, որ Ձեր տեղափոխությունն իրականում այլ շարժառիթ ուներ…
-Որևէ շարժառիթ չկար: Զինվորականը ծառայող է, և ինքը ծառայում է այնտեղ, որտեղ իրեն նշանակում են: Որևէ այլ միտք չկա: Այն, ինչ լրագրողները գրում են, ինձ հետ կապ չունի: Բանակում օրական բազում տեղափոխություններ են լինում, և այդ բոլորն իրականացվում են ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
-Պարոն գեներա՛լ, իսկ արժե՞ր նման տեղափոխություն անել այն պահին, երբ սահմանային ակտիվությունն առավել քան ցայտուն էր, հակառակորդի կողմից հրադադարի խախտումն օրեկան մի քանի անգամ էր իրեն զգացնել տալիս:
-Երբ ես տեղափոխվել եմ, այնքան էլ ակտիվ չէր: Իսկ դրանից օրեր անց սկսված ակտիվությունն ամենևին էլ կապ չունի իմ տեղափոխման հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 15-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նրան փոխարինել էր Մովսես Հակոբյանը: Թեպետ վերջինս իր նոր պաշտոնի մասին լուրերը մշտապես հերքում էր:
Նախկին նախարարը հերքում էր նաև այն լուրերը, թե ինքը շուտով կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար՝ այդպիսով փոխարինելով նախագահի պաշտոնին հավակնող Սեյրան Օհանյանին: Այս լուրերի հետ կապված հարցերին, սակայն, մեր զրուցակիցը հրաժարվեց պատասխանել: