«ԿԱՊԻՏՈՒԼԱՑԻԱՅԻՑ» ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ այդ ՀՀ ղեկավարությունը բացառում էր ԵՏՄ-ին միանալու հնարավորությունը՝ մատնանշելով, որ այդ քայլը Հայաստանին ձեռնտու չէ: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան «կապիտուլացիայից» հետո իշխանական քարոզիչները սկսեցին գովերգել ԵՏՄ-ն՝ Հայաստանի համար «ոսկե սարեր» խոստանալով: ՀՀ ողջ ղեկավար կազմը պնդում էր, որ ԵՏՄ մտնելու արդյունքում մեր տնտեսությունը կշահի, քանի որ անարգել հնարավորություն կունենա ապրանքներ արտահանել Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան: Սակայն ժամանակն անցավ, եւ պարզ դարձավ, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց, իսկ այդ քայլի վնասները նույնիսկ հաշվել հնարավոր չէ: Այսօր արդեն՝ պաշտոնապես ԵՏՄ անդամ դառնալուց ութ ամիս անց, Հայաստանի տնտեսությունն ուղղակի շնչահեղձ է լինում: Իսկ ողբերգությունն այն է, որ իրավիճակից դուրս գալու ուղիներն առանձնապես չեն նշմարվում: ՀՀ իշխանություններն էլ շարունակում են հասարակությանն ընդամենը սին խոստումներով կերակրել, որի արդյունքում արտագաղթը ոչ միայն չի կանգնում, այլ գնալով ավելի մեծ թափ է հավաքում:
Այս օրը առանցքային է նաեւ այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը գիշերով միանձնյա որոշում կայացրեց ու այդ որոշումը փաթաթեց ողջ հասարակության գլխին, եւ եթե այս տրամաբանությամբ շարունակվի ամեն ինչ, նա իր կամքը կթելադրի նաեւ սահմանադրական փոփոխությունների տեսքով՝ անցկացնել տալով նաեւ տխրահռչակ այդ նախագիծը:

 

 

 

 
Այսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում: Իհարկե, նմանատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ էլի են անցկացվել Հայաստանում, բայց դրանք ղեկավարվել են ՀՀ պաշտպանության նախարարի ու ՀՀ նախագահի աշխատակազմի որեւէ ներկայացուցչի կողմից: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այսօրվանից մեկնարկող «ռազմական օպերացիան» ղեկավարելու է անձամբ Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Զորավարժությունների ընթացքում տարբեր իրավիճակներ են «բեմադրվելու»՝ սկսած թուրք-քրդական բախումների սրման գագաթնակետից, մինչեւ մեզ համար ամենօրյա ռազմական գործողությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին: Եւ հայրենի պաշտոնյաները պետք է կարողանան իրենց ճիշտ, ճկուն ու խիզախ դրսեւորել՝ յուրաքանչյուրը կատարելով իր առաքելությունը: Ինչպես հայտնել էինք՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ու նախարարությունների արական սեռի ներկայացուցիչները հերթափոխով գիշերելու են աշխատավայրում՝ առանց համացանցի ու անլուրջ ֆոտոսեսիաների:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այն օրերին, երբ «էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնազորի կողմից ծեծված վիճակում հիվանդանոցում բուժվելիս է եղել, ՀՀ մաքսային ծառայությունը նրան տուգանել է 45 միլիոն 582 հազար դրամով: Բանն այն է, որ 2014 թվականին «Էյր Արմենիան» Հայաստան է ներմուծել մեկ օդանավ, որը ձեւակերպվել է ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով՝ 30-օրյա ժամկետով: Հետագայում այդ ժամկետը մի քանի անգամ երկարացվել է: Վերջին ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 31-ին: Եւ, ահա, «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանը որոշել է Արսեն Ավետիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցել եւ օգոստոսի 17-ին նրան հրավիրել է մաքսատուն՝ վարչական վարույթի քննությանը մասնակցելու համար: Մինչդեռ Ավետիսյանը քննությանը չի ներկայացել, քանի որ հիվանդանոցում պառկած էր, բայց մաքսատան պետը նրան տուգանելու որոշում է կայացրել՝ իրեն անտեղյակ ձեւացնելով:

 

 

 

 

 
Արդեն մի քանի օր է` Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակվել են Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ կհասնի տարանցիկ մաքսազերծման իրենց հերթը: Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից մեկնած ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել: Նրանց մի մասը մրգով կամ բանջարեղենով են բեռնված, ուստի երկար կանգնելու արդյունքում ապրանքը կարող է փչանալ: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նորություն չէ. «Այստեղ ոչ մի նոր բան չկա: Հիմա թուրքական բեռնատարները Լարսով գնում են դեպի Ռուսաստան, իսկ մինչ այդ նրանք լաստանավով էին գնում ՌԴ»: Այսպիսով՝ պարզվում է, որ ՀՀ եւ ՌԴ իշխանություններն այս խնդրի մասին վաղուց տեղեկացված են, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում:

 

 

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել է Կոնգրեսի բավարար թվով սենատորների աջակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հաստատման հարցում: Այսպիսով` կարելի է ասել՝ վերացավ վերջին արգելքը Արեւմուտք-Իրան հաշտեցումը կյանքի կոչելու ճանապարհին: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում լրջագույն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններ են սպասվում, որոնք ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար:
Անցած տարիներին մեր երկիրն արդեն իսկ դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից` մի մասը Ղարաբաղի խնդրի, մյուս մասն էլ` ՀՀ իշխանությունների ապաշնորհության արդյունքում: Ընդ որում, երկու դեպքում էլ վճռորոշ է եղել ՀՀ իշխանությունների` ոչնչով չհիմնավորված մտայնությունը, որ, օրինակ, Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը ՌԴ ոչ մի դեպքում թույլ չի տա, բացի այդ` Ադրբեջանի նավթի պաշարներն այնքան մեծ չեն, որպեսզի բրիտանական միլիարդներն այդտեղ ներդրվեն: Ինչպես ժամանակը ցույց տվեց` ամիսներ շարունակ իշխանական ամենաբարձր մակարդակներով հնչեցվող այդ հավաստիացումները սին դուրս եկան:
Նույնն էլ տեղի ունեցավ Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության դեպքում, երբ դարձյալ հնչում էին հայտարարություններ, որ այս երկաթուղին չի կառուցվի չափազանց ծախսատար լինելու պատճառով, եւ որ, ի վերջո, թուրքերը կգան Կարս-Գյումրի երկաթուղին բացելու գաղափարին: Իշխանական այս կարճամիտ պնդումներն էլ այսօր այլեւս հերքված են. տակավին երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը կավարտվի կարճ առաջիկայում, ինչից հետո Կասպյան տարածաշրջանից Թուրքիայի միջոցով ապրանքները կհասցվեն Եվրոպա:
Առկա իրավիճակում Իրանի միջոցով դեպի Չինաստան հաղորդակցուղիների, ինչպես նաեւ դեպի Արեւմուտք էներգակիրների տարանցիկ նախագծերում ներգրավվելու համար ՀՀ-ի իշխանությունները պետք է օրուգիշեր աշխատեն` բաց չթողնելու համար այս, կարելի է ասել, վերջին շանսը առաջիկա բավականին երկար ժամանակահատվածի համար: Անցած մարտին Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում կարծես թե բավական լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, եւ Չինաստանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու ՀՀ-ի տնտեսական նախաձեռնություններին: Անցած կես տարվա ընթացքում, սակայն, ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ հայկական իշխանությունները բավարար նախաձեռնություն չեն դրսեւորել: Առայժմ միայն խոսք է գնում Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածը ֆինանսավորելու համար չինական կողմին դիմելու մասին: Իշխանությունները ներկայումս զբաղված են իրենց համար շատ ավելի կարեւոր` վերարտադրության ապահովման խնդիրներով եւ այնպիսի «մանր-մունր» բաների մասին, ինչպես Հայաստանի ապաշրջափակումն է, մտածելու ժամանակ չունեն:




Լրահոս