Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Երևանին տեխնիկական աջակցություն կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ-Հայաստան) և Երևանի քաղաքապետարանը  ձեռք են բերել համաձայնություն`  «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում  Երևանին  տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ՝  քաղաղաքի «Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը» մշակելու և հաստատելու համար:

Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպական նախաձեռնությանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` կամավոր պարտավորություն ստանձնելով իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2015թ. տարեսկզբին  ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվեցին քաղաքապետարանի 16 վարչությունների պետեր, այդ թվում՝  զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը, ֆինանսական վարչությունը, բնապահպանության վարչությունը, կոմունալ տնտեսության և տրանսպորտի վարչությունները:

Աշխատանքային  խմբի հիմնախնդիրն է հավաքել և համակարգել նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են «Արտանետումների նախնական գույքացուցակների»  և  «Կայուն էներգիայի գործողությունների  ծրագրի» մշակման համար (ներառյալ համապատասխան քաղաքային ենթակառուցվածքների և դրանց էներգիայի սպառման վերաբերյալ տվյալները):

6 ամսվա ընթացքում աշխատանքային խմբին հաջողվել է հավաքագրել  մեծածավալ տեղեկատվություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ: Այնուամենայնիվ,  հավաքագրված տվյալների համակարգումն ու մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա «Արտանետումների նախնական գույքացուցակների» և «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակումը պահանջում են զգալի ջանքեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և քաղաքային տնտեսության այլ ոլորտների  համապատասխան փորձագետների ներգրավմամբ:

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության  պահանջներին համապատասխան «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի»  մշակումն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով դիմել է իր վաղեմի գործընկերոջը՝ Հայաստանում  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որի հետ քաղաքապետարանն իրականացրել է էներգախնայողությանն ուղղված  մի շարք  լայնածավալ նախագծեր շենքերի և բնակելի տների,  ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգում:

2015 թ. սեպտեմբերի 1-ին ՄԱԶԾ-Հայաստանը  պաշտոնապես հաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու  Երևանին «Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի» մշակման հարցում:  Ակնկալվում է, որ ծրագրի մշակման համագործակցությունը կսկվի 2015 սեպտեմբերի վերջին, իսկ արդեն 2016 թվականի սկզբին  ծրագրի  առաջին տարբերակը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը և Քաղաքային խորհրդի հաստատմանը:




Լրահոս