“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ՀՀ յուրաքանչյուր ընտրող քաղաքացու քաջ գիտակցել, որ ինքը առաջին հերթին ընտրելու է գերագույն գլխավոր հրամանատար, այնուհետև հանրապետության նախագահ.
“Հայաստանի Հանրապետության արժանապատի՛վ քաղաքացիներ,
Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, պետության համար տեղի ունեցող ցանկացած համապետական ընտրություն առաջին հերթին նպաստում է տվյալ պետության քաղաքացիների ապագա 5 տարիների բարեկեցությանը, առաջընթացին, զարգացմանը:
Սույն թվականի փետրվարի 18-ին հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատմական իրադարձություն է, քանզի յուրաքանչյուրս, ապրելով, արարելով ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում, շրջապատված լինելով հայ ազգի հանդեպ մեծագույն թշնամանք ցուցաբերող հարևան հորինված պետություններով, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտրող քաղաքացի պետք է քաջ գիտակցի, որ ինքը առաջին հերթին ընտրելու է գերագույն գլխավոր հրամանատար, այնուհետև հանրապետության նախագահ:
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների 7 թեկնածուներից ո՞վ կարող է 21-րդ դարի արտաքին ամենօրյա հակահայկական մարտահրավերների ժամանակահատվածում արժանավայել, պատասխանատու ձևով լինել Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր փորձառու հրամանատար: Այս հրատապ և կարևորագույն հարցն է, որ յուրաքանչյուրս բացեիբաց՝ ընտանիքում, հասարակության մեջ պետք է քննարկենք ազնվորեն՝ առանց սխալվելու իրավունքի:
Պատվարժա՛ն քաղաքացիներ,
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը և կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրված 32.000-ից ավել հայրենասեր անդամները իրենց ընտանիքներով արդեն իսկ կայացրել են իրենց քաղաքացիական սրբազան որոշումը՝ փետրվարի 18-ին ընտրել գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ: “Հայոց Արծիվները”, որդեգրելով “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահե կարգախոսը, շատ լավ գիտակցում է, որ համայն հայության միասնության հիմքը հայոց պետականությունն է, ազգային բանակն է, հայոց նախագահն է: “Հայոց Արծիվները” շատ լավ գիտակցում է, որ ընտրելով Սերժ Սարգսյանին` ապագա 5 տարիներին յուրաքանչյուրս ականատեսն ենք լինելու ոչ միայն մեր ընտանիքների բարեկեցությանը, անընդհատ զարգացմանը, մեր հայրենիքի ներքին անվտանգությանը, ապահովությանը, այլ նաև հայ տեսակ ունեցող մարդու, ընդհանուր առմամբ հայոց պետականությանը վերաբերող արտաքին ապահովությանը, ասել է թե՝ դեպի ապահով Հայաստան:
Արդի պատմական ժամանակահատվածում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը եզակի այն անհատականությունն է, որը, գիտակցաբար անցնելով հայ ազգային ազատագրական պայքարի թոհ ու բոհի միջով, արցախյան հերոսամարտի միջով, մեծագույն դերակատարում ունենալով ազգային բանակի կայացման, հզորացման գործընթացներում, առանց հետ նայելու, առանց փախչելու ամեն օր Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները իր ուսերին գիտակցաբար վերցրած հպարտությամբ քայլում է առաջ՝ մեծ և հզոր Հայաստան կերտելով:
Ամփոփելով անցած մեկ ամսվա նախընտրական քարոզարշավը, որին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև “Հայոց Արծիվները”, ականատեսը եղանք սահմանամերձ համայնքների բնակիչներից մինչև մայրաքաղաք Երևանի բնակիչների գիտակցված, հավատավոր, իմաստուն գործողություններին` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի:
Արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի՛ քաղաքացիներ,
Միշտ եղեք առաջնորդապաշտ, այլ ոչ թե անձնապաշտ, քանզի առաջնորդապաշտությունն է հայ տեսակի պահպանման հիմքը:
Փետրվարի 18-ին մեծ ցանկությամբ, մեծ խանդավառությամբ, տոնական մեծ տրամադրությամբ այցելեք ընտրատեղամասեր և արժանապատվորեն, հպարտությամբ ընտրեք մեծ և հզոր Հայաստան կերտող գերագույն գլխավոր փորձառու հրամանատար, հայոց իմաստուն առաջնորդ և նախագահ:
Աստված բոլորիս պահապան:
Հարգանքով՝
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահությունե: