Սեպտեմբերի 1-ին հերթական անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը: Նույն օրը լարված է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը. ողջ օրվա ընթացքում կրակոցները չեն դադարել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ինտենսիվությամբ է հակառակորդը կրակոցներ արձակել, ու ինչի հետ է կապվում Ադրբեջանի վերջին օրերի վերաակտիվացումը:
-Պարո՛ն Բաբայան, ներկայումս ի՞նչ իրավիճակ է ԼՂՀ սահմանին:
-Հակառակորդը չի տարբերակում Արցախն ու Հայաստանը ու խախտում է զինադադարի ռեժիմը Արաքսի ափից մինչեւ Վրաստանի սահմանը, այսինքն՝ հայկական պետությունների հետ ունեցած իր ողջ երկայնքով: Ամեն օր Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տիպի զինատեսակներ, բայց նաեւ ստանում է համարժեք պատասխան: Ու այս օրը բացառություն չի, օրինակ՝ սեպտեմբերի մեկին մոտ 120 անգամ խախտվել է զինադադարի ռեժիմը, նույնը երեւի սեպտեմբերի 2-ին է եղել: Նախկինում նման խախտումները լինում էին 5-7 օրվա ընթացքում, նույնիսկ շաբաթվա կտրվածքով: Բայց հիմա ագրեսոր Ադրբեջանը դա անում է ամեն օր՝ ամեն վայրկյան կրակելով սահմանի վրա: Կրկնում եմ՝ սրանք անիմաստ խախտումներ են, որեւէ էական փոփոխության չեն հանգեցնում, հակառակորդը չի կարողանում իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը, չի հասնում որեւէ նպատակի, սահմանն անցնում է այնպես, ինչպես անցնում էր 5 տարի, 10 տարի առաջ: Ադրբեջանը չի փոփոխում իր գործելաոճը տարիների ընթացքում: Ադրբեջանը 15 տարի շարունակ իրեն նման ձեւով է դրսեւորում եւ անիմաստ խախտումներ իրականացնում: Իրենք նաեւ այդ ամենի հետեւանքով ունենում են մեծ կորուստներ:
-Այնուամենայնիվ, ներկայումս թե՛ քանակական եւ թե՛ որակական առումով ադրբեջանական սադրանքները ինտենսիվացել են, եւ արդեն տեւական ժամանակ է` ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կիրառում: Սա ի՞նչ նպատակով է արվում:
-Գիտեք, որ երբ Հեյդար Ալիեւը եկել է իշխանության, նա փորձել է ռազմական ճանապարհով հարցերը կարգավորել: Բայց ամենաշատ շրջաններն ինքն է հանձնել, կորցրել ու, այսպես ասած, որպես իրենց պետականաշինության հիմք որդեգրել է հայատյացությունը: Այս ժամանակահատվածում էլ այդ ամենը շարունակում է իր որդին: Բնական է, որ չի ստացվում ու չի էլ ստացվելու, բայց որպեսզի սեփական ժողովրդին ցույց տա, թե տեսեք, ամեն ինչ արվում է դրա համար, հայերին կորուստ է պատճառվում եւ այլն, նա դիմում է նման քայլերի:
-Այս օրերին Բաքվում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախն այդ այցից:
-Սովորաբար հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, երբ լինում են նաեւ նման այցեր՝ Մինսկի խմբի համանախագահների, ԱԳ նախարարների եւ այլն, սա իրենց ոճն է, կրկնում եմ՝ անմիաստ որեւէ բան չտվող, նպատակ չունեցող բաներ են արվում: Պարզապես դա իրենց ապրելակերպն է: Կարծում եմ, որ Ս. Լավրովը հիմնական շեշտը պետք է դնի խաղաղ կարգավորման ու անկանխատեսելի քայլերի անթույլատրելիության վրա: Կարծում եմ՝ նա ամեն ինչ կանի՝ Բաքվին հասկացնելու համար, որ ՌԴ-ն նույնպես չի տեսնում ռազմական լուծում, չի տեսնում նաեւ ԱՄՆ-ն մի շարք պատճառներով:
Հ. Գ. Երեկ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել: «Իհարկե, դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում: Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցներ»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Սահմանադրական փոփոխությունների թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, կարո՞ղ եք Սահմանադրության փոփոխությունների մասին գոնե մեկ դրական բան ասել, որն իրապես օգտակար կլինի մեր ժողովրդին:
-Կարող եմ նվազագույնը քսանն ասել, բայց նշեմ ինձ համար ամենակարեւորը` դատական համակարգի առաջիկա հեղափոխումը: Մեր դատական համակարգում անկախության բացակայությունը պայմանավորված է Արդարադատության խորհրդից եւ առանձին դատարանների նախագահներից դատավորների կախվածությամբ ու մշտական վախով: Սահմանադրական առաջարկված նորարարություններով հնարավոր կդառնա ունենալ իրապես անկախ դատավորներ: Այսինքն՝ նախատեսվում է Արդարադատության խորհուրդը փոխարինել Բարձրագույն դատական խորհրդով…
-Դուք անկեղծորեն հավատում եք, որ այդ խորհրդի անվան փոփոխությունից դատական համակարգի խայտառակ վիճակը փոխվելու է:
-Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն նոր է իր անունով, այլեւ կազմով, լիազորություններով եւ, հատկապես, կազմավորման ձեւով: Դատավորների նշանակման, առաջխաղացման եւ ազատման բոլոր որոշումները կընդունվեն այդ խորհրդի կողմից եւ կլինեն վերջնական: Այդ Խորհրդում կլինեն 5 դատավորներ եւ Ազգային ժողովի կողմից ընտրված 5 իրավաբաններ, որոնք միայն մեկ ժամկետ կկարողանան լինել այնտեղ եւ չեն դառնա դատավորի «հավերժ վերահսկիչ»:
Բարձրագույն խորհրդի նախագահը կընտրվի հենց խորհրդի կազմից` միայն մեկ տարով եւ այլեւս չի կարողանա մշտական ու միանձնյա վերահսկողությամբ ճնշել խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ՝ որեւէ դատավորի: Խորհրդի կազմում կվերացվի ներկայիս դատավորների բացարձակ մեծամասնությունը, որի պատճառով դատավորները փակվել էին իրենց մասնագիտական համքարությունում եւ այլեւս որեւէ հանրային հաշվետվողականության ենթակա չէին: Ազգային ժողովի կողմից հինգ տարին մեկ այդ խորհուրդը թարմացնելը հանրային լուրջ ներազդեցություն կապահովի դատական համակարգի վրա, ինչն այսօր ի սպառ բացակայում է:
-Միայն սա՞ է դրականը Ձեր՝ այդքան կարեւորված դատական համակարգի բարեփոխման մեջ:
-Մեկ այլ դրական զարգացում է այն, որ դատարանի նախագահները կպաշտոնավարեն առավելագույնը 3 տարի, իսկ վճռաբեկ դատարանի նախագահը` 6 տարի: Ըստ նախագծի դատարանների՝ նախագահները կպաշտոնավարեն ընդամենը մեկ անգամ, ինչի արդյունքում համակարգը այլեւս չի լինի հիերարխիկ ու «վերադաս» դատավորներից կախյալ: Այսինքն` յուրաքանչյուր դատարանում բոլոր դատավորները ռոտացիոն կարգով հնարավորություն կունենան լինել դատարանի նախագահ: Այսպիսով՝ կվերանա ներկայիս արատավոր պրակտիկան, երբ դատավորը որեւէ դատարանի նախագահին ընկալում է որպես «շեֆ»:
-Բացի Ձեր ենթադրյալ ու տեսական վերադասավորումներից, ի վերջո, մարդիկ ի՞նչ կստանան այս փոփոխություններից:
-Երբ մենք ունենանք իրապես անկախ դատավորներ, ապա մարդիկ կլինեն պաշտպանված, բիզնես միջավայրը՝ արդար ու մրցակցային, ընտրական ու քաղաքական գործընթացները՝ օրինական: Հետեւաբար, նոր Սահմանադրության միայն 7-րդ գլուխը բավական է, որպեսզի վերականգնվի մարդկանց արդարության եւ վստահության զգացումը:
-Ստացվում է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ուզում է կտրել այն ճյուղը, որի վրա ապահով նստած է իր կուսակցության հետ, այսինքն` ուզում է ազատագրել իր շահերը սպասարկող դատական համակա՞րգը:
-Ես գիտեմ, որ շուրջ 25 տարի պետության բարձրագույն պաշտոններ զբաղեցրած մարդու համար կուսակցական եւ սեփական շահերից առավել կարեւոր է բարձրարժեք հետագիծ ու ժառանգություն թողնելը: Մեր կուսակցության ղեկավարը եւ հանրապետության նախագահը լավ գիտի, որն է նաեւ իր աշխատանքով կայացած ու զարգացած անկախ Հայաստանի լավագույն շահը: Նա բոլորին հավասար եւ շատերից ավելի շատ է մտահոգվում մեր պետության ապագայով` ցանկանալով թողնել քաղաքակիթ ու առաջադեմ կառուցակարգեր:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՆՎԱԶՈՒՄ ԷԼ ԿԱ, ՆՎԱԶՈՒՄ ԷԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հրուշակեղենի արտադրության ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 11.9 տոկոսով: Իսկ շաքարավազի արտադրության ծավալները նվազել են 87.4 տոկոսով: Այսինքն՝ կարելի է ասել, որ այս տարի Հայաստանում շաքարավազ գրեթե չի արտադրվել: Ինչպես հայտնի է՝ Ախուրյանում գտնվող շաքարի գործարանը պատկանում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, շաքարավազի ներկրման մենաշնորհը եւս նրան է տրված: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս տարի Ալեքսանյանը ոչ թե շաքարավազի հումք, այլ հենց պատրաստի արտադրանք է ներմուծել Հայաստան: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության մեջ մի ուշագրավ տվյալ եւս կա, որը չի կարող տարակուսանք չառաջացնել: Պարզվում է, որ այս տարվա յոթ ամիսներին Հայաստանում գրեթե մարմար չի արտադրվել՝ նվազումը կազմել է 98.4 տոկոս:
ԳՈՐԾԱՐԱՐ ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանի 2014 թվականի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ դատավորի ունեցվածքն անցած տարի շեշտակի աճել է: Նրա դրամական միջոցները, որոնք 2014-ի տարեսկզբին եղել են 4 մլն դրամ եւ 85 հազար դոլար, նույնն են մնացել: Իսկ եկամուտները անասելի ձեւով աճել են: Նախ նա «բնեղեն» եկամուտ է ստացել, որը ներկայացված է իբրեւ «ժառանգություն»: Դրանք են՝ 9 հողամաս, որոնց ընդհանուր արժեքն է 19 մլն 485 հազար դրամ, մեկ բազմամյա տնկի՝ 6 մլն 800 հազար դրամ, մեկ հասարակական նշանակության շինություն՝ 67 մլն 480 հազար դրամ, բնակարան՝ 19 մլն 70 հազար դրամ արժեքով, եւ արտադրական նշանակության շինություն՝ 38 մլն 380 հազար դրամ արժեքով: Ի դեպ, դատավորը 30 մլն 765 հազար դրամով նոր կառուցված ինչ-որ շինություններ է գնել: Մի խոսքով, Արտակ Բարսեղյանի ունեցվածքին ցանկացած գործարար կնախանձեր: Չմոռանանք նշել, որ Բարսեղյանի ամսական աշխատավարձը 850 հազար դրամ է:
ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունուն երեկ հրավիրել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Կնոջը ոստիկանություն են հրավիրել, քանի որ այնտեղ է հրավիրվել նաեւ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, թե օգոստոսի 15-ին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծի են ենթարկել: Դրանից հետո նրանք ժամանակավոր բնակվել էին Ռուզան Մարգունու տանը: Նրանց տեղափոխվելուց հետո տանտերը դիմել էր ոստիկաններին եւ ասել, որ իր տանից 3820 դոլար գումար է անհետացել: Մեր տեղեկություններով՝ մի քանի անձ եւս այս օրերին Մարտիրոսյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն: