ԹՎԵՐՈՎ ԱՃՈՂ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՂՔԱՏԱՑՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագիրներն այս տարվա յոթ ամիսների արդյունքներով 5,1 տոկոս տնտեսական աճ են արձանագրել: Փաստորեն, մարդիկ այնքան տաղանդավոր են, որ նույնիսկ համատարած անկումների, նվազումների եւ բնակչության աղքատացման պայմաններում կարողանում են տնտեսական աճ գրել: Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: Պատկերացնում եք, թե պաշտոնական վիճակագիրներն ինչ «հրաշքներ» կգործեին, եթե տնտեսության ցուցանիշներն էլ աճողական լինեին:

Ինչեւէ, Հայաստանի բնակչությունը, ինչպես հայտնի է, երկու խմբի է բաժանվում` աշխատավարձով եւ արտերկրում գտնվող հարազատների ուղարկած տրանսֆերտներով ապրողներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե քանի որ այս երկու խմբերի ապրուստի միջոցները խիստ տարբեր են, ապա չեն կարող կապակցված լինել, սակայն հանրահայտ իրողությունն այն է, որ դրանք մեկը մյուսից ուղղակի կախվածության մեջ են: Եթե արտերկրից եկող գումարները նվազում են, ապա ստացողների գնողունակությունը եւս նվազում է, դրա հաշվին նվազում են նաեւ նրանց ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների ֆինանսական հնարավորությունները:
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունից հայտնի է դառնում, որ արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտները հուլիսին, ինչպես նախորդ ամիսներին, անցած տարվա ցուցանիշից զգալի պակաս են եղել: Մասնավորապես, ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առեւտրային նպատակներով գումարների զուտ ներհոսքը (Հայաստան փոխանցված եւ Հայաստանից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունը) կազմել է 110 միլիոն 592 հազար դոլար: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 164 միլիոն 555 հազար դոլար: Սա հենց այն գումարն է, որը ստանում են արտերկում հարազատ ունեցող հայաստանցիները: Այս տարվա անցած յոթ ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առեւտրային տրանսֆերտներն ընդհանուր կազմել են 497 միլիոն 632 հազար դոլար, անցած տարի այդ ցուցանիշը եղել էր 770 միլիոն 905 հազար դոլար: Անկումը կազմել է 273 միլիոն 273 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ այս տարի արտերկրից վերը նշված թվի չափով պակաս գումար է եկել, այդքանով մարդիկ քիչ գնումներ են կատարել:
Ընդհանրապես տրանսֆերտների անկումը առավել տեսանելի դարձնելու համար ներկայացնենք անցած եւ այս տարվա զուտ ներհոսքերն՝ ըստ ամիսների:
2014 2015
1. 78 մլն 614 հզ.$ 36 մլն 821 հզ.$
2. 76 մլն 457 հզ.$ 41 մլն 269 հզ.$
3. 94 մլն 457 հզ.$ 51 մլն 746 հզ.$
4. 102 մլն 966 հզ.$ 69 մլն 109 հզ.$
5. 118 մլն 648 հզ.$ 84 մլն 283 հզ.$
6. 135 մլն 208 հզ.$ 103 մլն 812 հզ.$
7. 164 մլն 555 հզ.$ 110 մլն 592 հզ.$
Ընդ.770 մլն 905 հզ.$ 497 մլն 632 հզ.$
Տրանսֆերտներից բացի՝ այս տարի կտրուկ նվազել են նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումները: Յոթ ամիսների արդյունքներով օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 30 միլիարդ 701 միլիոն դրամ: Անցած տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարի նվազել են 2,4 անգամ, քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 73 միլիարդ 377 միլիոն դրամ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում իրականացվել է 1 տրիլիոն 211 միլիարդ 339 միլիոն դրամի առեւտուր: Անցած տարի նույն ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում իրականացվել էր 1 տրիլիոն 213 միլիարդ 366 միլիոն դրամի առեւտուր: Անկումը կազմել է 2 միլիարդ 27 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ 4,7 տոկոս:
Մի խոսքով, Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դրոշակ դարձրած, թափահարում է պաշտոնական վիճակագրերի նկարած տնտեսական աճի թիվը, թե իբր՝ տեսեք-տեսեք, շուրջբոլորը ամենուրեք տնտեսական անկում է, մեզ մոտ աճ է: Մնում է Կառավարությունը բարեհաճի եւ գեթ մեկ ոլորտի օրինակով առարկայական ցույց տա աճի արդյունքները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ՀԵՌԱՐՁԱԿԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը չի ցանկանում եթեր հեռարձակել ամիսներ առաջ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված հաղորդում-ֆիլմը: Ըստ մեր տեղեկությունների՝ հեռուստաընկերությունում պատճառաբանում են, թե իբր տեսանյութը լուրջ «խոտաններ» ունի, ինչի պատճառով հնարավոր չէ այն եթեր հեռարձակել: Որպես խոտան ներկայացվում է տեխնիկական ինչ-որ թերություն, որը իրականում ցանկության դեպքում շատ արագ եւ հեշտությամբ հնարավոր է շտկել: Սակայն «Հ1»-ում ծրագրերն այլ են, այստեղ արդեն իսկ պատրաստում են հաջորդ պաշտոնյայի մասին հաղորդում-ֆիլմը: Հերթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է: Նախատեսվում է, որ Կ. Անդրեասյանի մասին պատրաստվող ֆիլմը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մասին եւս համանման հաղորդում-ֆիլմ է պատրաստվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հաղորդման վարող Էրիկ Անթառանյանից պարզել Հովհաննես Մանուկյանի մասին նկարահանված ֆիլմի ճակատագիրը: Սակայն Անթառանյանն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե ինչու այդ ֆիլմը չի հեռարձակվելու: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն էլ ասաց, թե ինքն Արցախում է, իսկ հեռուստաընկերությունից էլ առաջարկեցին հարցերը գրավոր ուղղել:

 

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ
«Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը դեռ չգիտեն՝ իրենք կմասնակցեն վաղը՝ սեպտեմբերի 4-ին, խորհրդարանում նոր Սահմանադրության նախագծին նվիրված լսումներին, թե ոչ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի լինում: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել, ու ինքը չի կարող ասել, թե ինչ է անելու խմբակցությունը: «Մենք բովանդակային քննարկումներին դեմ ենք, բայց մենք նման հարց չենք քննարկել: Էական չէ՝ կգնան, թե ոչ, մենք ունենք մեր դիրքորոշումը, ու դա «ոչ»-ն է»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿՐԿԻՆ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան կրկին սկսել է անդադար կրակել Տավուշի մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Փաստորեն, վերջին մեկ ամսում ադրբեջանական կողմը անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը: Նկատենք, որ եթե մինչ այս հակառակորդը հրադադարը խախտում էր Արցախի հետ սահմանային մասում, ապա երեկվանից սկսել է դա անել նաեւ Հայաստանի հետ ճակատային գծում:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:

 

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ժամը 17:00-ին, Սրբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ) տեղի կունենա սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Քաղաքացիական հոգեհանգիստը եւ վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12:00-14:00-ը: Այնուհետեւ սեպտեմբերի 5-ին աճյունը Բեյրութ կտեղափոխվի, որտեղ կեսօրին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ հիշատակի պատարագ կմատուցվի բարերարի հիշատակին:

 

ԼՂ-Ն ԱՆԿԱԽ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
«Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե քառորդ դար ապրում է բավականին բարդ պայմաններում, սակայն փորձում է արդյունավետորեն պետական մոդել կառուցել, որը կհամապատասխանի այդ տարածաշրջանի պայմաններին»,-ասել է ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նա նշել է, որ թեեւ Լեռնային Ղարաբաղը սերտ տնտեսական կապերի մեջ է Հայաստանի հետ, բայց պետական կառավարման համակարգում այն անկախ է. «Սահմանադրական բարեփոխումները, որոնք հայտարարվել են Հայաստանում եւ իրականացվելու են, դրա ապացույցն են: Դրանք Լեռնային Ղարաբաղին չեն վերաբերում: Նա կմնա նախագահական կառավարման համակարգով պետություն, ինչն, իմ կարծիքով, շատ ճիշտ է ե՛ւ հետխորհրդային տարածքում, ե՛ւ չճանաչված հանրապետությունում, որն ապրում է չավարտվող ռազմական ճնշման պայմաններում»:

 

ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փաստը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է. «ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ երկիր, այդ պատճառով էլ Վաշինգտոնը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող արդյունքներ»: Ուորլիքը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին հանդիպումներ կունենան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:




Լրահոս