«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՏՆՕՐԵՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՕՐԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«էյր Արմենիա» ՓԲԸ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանին տուգանել է 45 միլիոն 582 հազար 135 դրամով: Ճիշտ այն օրը, երբ Ավետիսյանը գտնվում էր հիվանդանոցում՝ մեկ այլ պարտքի համար ծեծի ենթարկվելու արդյունքում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստան է ներմուծել 34 հազար 941 կգ քաշով 1 հատ օդանավ, որը 2014 թվականի նոյեմբերի 11-ին «Զվարթնոց» մաքսատանը ձեւակերպվել է ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 30-օրյա ժամկետով: Պարզեցինք, որ 30-օրյա ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ներմուծման ժամկետը երկու ագամ երկարաձգել է մինչ 2015 թվականի հուլիսի 31-ը, ու հենց այդտեղից էլ սկսվել է «կինոն»: Հայաստան ժամանակավոր ռեժիմով ներմուծված օդանավը պետք է վերջնական մաքսային ձեւակերպում ստանար, սակայն այդպես էլ չի ստացել: Դա էլ դեռ քիչ է, Հայաստան ներմուծված օդանավն անգամ չի վերաարտահանվել կամ վերահայտարարագրվել: ՀՀ ֆինանսների նախարարությունն անգամ արձանագրել է, որ օդանավը չի հաձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը՝ այդ կերպ խախտելով հետադարձ արտահանման պարտավորությունը:
Եվ, ահա, այս բոլորը արձանագրելով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը «էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի նկատմամբ մաքսային կանոնները խախտելու համար արձանագրություն է կազմել եւ քննություն նշանակել: «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանը օգոստոսի 10-ին Արսեն Ավետիսյանին ծանուցագիր է ուղարկել, որպեսզի օգոստոսի 17-ին, ժամը 12-ին ներկայանա իր մոտ՝ ընկերության խախտման մասով քննությանը մասնակցելու համար: Սակայն Արսեն Ավետիսյանը այդպես էլ չի ներկայացել եւ անգամ գրավոր կամ, առհասարակ, բանավոր չի միջնորդել իր ընկերության խախտման գործի քննությունը հետաձգել:
Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Թամրազյանի գլխավորությամբ քննությունը իրականացրել է Արսեն Ավետիսյանի բացակայությամբ: Պարզեցինք, որ նշված օրը որոշում է կայացվել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին տուգանել 99 միլիոն 164 հազար 270 դրամի 50 տոկոսի չափով, որը կազմում է 45 միլիոն 582 հազար 135 դրամ:
Նկատենք, որ մաքսայինի պետ Թամրազյանը Արսեն Ավետիսյանին մաքսային մարմին քննության է կանչել այն ժամանակ, երբ Արսեն Ավետիսյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ պարտքի համար ծագած խոսակցության արդյունքում ծեծի էր ենթարկվել: Նա օգոստոսի 15-ին Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում ծեծի էր ենթարկվել եւ տեղափոխվել էր «Արամյանց» բժշկական կենտրոն:
Բայց ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Թամազյանը, կարծես թե, ուղտի ականջում քնած է եղել եւ աշխարհից ու իրականությունից կտրված կամ էլ միտումնավոր կերպով խախտելով մարդու իրավունքները՝ որոշել է տուգանքի ենթարկել հիվանդանոցում անշարժ պառկած տնօրենին: Այսպիսի անմարդկային վերաբերմունք, թերեւս, միայն մաքսային ծառայության աշխատակիցները կարող են իրենց թույլ տալ, որոնցից շատերի կյանքի գերնպատակը փողն է, շատ փողը:
Արդյո՞ք Արսեն Ավետիսյանը կբողոքարկի այս տուգանքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արսեն Ավետիսյանի կինը հայտնեց, թե Ավետիսյանը քաղաքում չէ, եւ ինքը նրա փոխարեն տուգանքի մասով որեւէ բան չի կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 
ԱՆԴԱԴԱՐ ԿՐԱԿՈՑ
Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր:
Ժամը 00:13-ին, ինչպես տեղեկացրեց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, իրենց գյուղում նույնպես գնդակոծություն է եղել: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Կոթիի երկու բնակիչ դրա արդյունքում վիրավորվել են ու տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Վիրավորների վերաբերյալ մեր հարցին գյուղապետը չպատասխանեց:
23:54 Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտարարել է. «Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»:
23:47 Ներքին Ծաղկավանը նույնպես գնդակոծվել է: Ծաղկավանի համայնքապետ Նաիրի Աթաբեկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գնդակոծությունը սկսվել է ժամը 20:00-ին եւ տեւել ավելի քան մեկ ժամ: «Տուժածներ չկան, դրա արդյունքում անասնագոմ է վնասվել, անասնագոմի մի պատը փլվել է ու տանիքն է վնասվել»,-ասաց Նաիրի Աթաբեկյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ: Աթաբեկյանը հաստատեց, որ գնդակոծության պատճառով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է: Ներկայումս հարաբերական անդորր է հաստատված, չնայած վիճակը շարունակում է մնալ լարված:
23.30 – Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Դիլիջանում կանգնեցնում է մեքենաները եւ Թիֆլիս ուղեւորվողներին տեղեկացնում, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, եւ անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով:
23.16 – Սեւքարի համայնքապետ Թաթուլ Թելոյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանին, բացի այդ՝ կրակոցներ են եղել նաեւ գյուղի ուղղությամբ: Նա հաստատեց, որ գնդակոծության արդյունքում վնասվել է Սեւքարի բնակելի տներից մեկը. «Տունը վնասվել է, բայց մարդկանց բան չի եղել, ամեն ինչ նորմալ է: Հիմա ես չեմ կարող ասել՝ տունը շատ է վնասվել թե ոչ»,-ասաց Թելոյանը: Հարցին, թե ադրբեջանական կողմից հրետանի՞ է գործարկվել, գյուղապետը պատասխանեց, որ չի կարող ասել, դա կերեւա առավոտյան՝ վստահեցնելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է:
23.10 – Մեր տեղեկություններով՝ պայթյուններ են որոտացել Սեւքար գյուղում: Ըստ որոշ տեղեկությունների՝ բնակելի տուն է վնասվել: Սեւքար գյուղի հեռավորությունը սահմանից ենթադրում է, որ գործարկվել է հրետանի: Որոշ տեղեկություններով պայթյուն է որոտացել նաեւ Ծաղկավան գյուղում:
23.00 – Րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է: Մեր տեղեկություններով՝ փակ է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որով իրականացվում է Երեւան-Թբիլիսի երթեւեկության զգալի մասը: Այժմ մենք մանրամասներ ենք ճշտում:

 

 

 
ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ
2015 թվականի սեպտեմբերի 1-ին քաղաքացի Կարինե Աղաբեկյանի եղբոր կինը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Կ. Աղաբեկյանը մահացել է՝ Երեւան քաղաքի «Մոր եւ մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ի բժիշկների կողմից կատարված սխալ ախտորոշման եւ վիրահատման արդյունքում: Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

 

ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում համախոհներ է փնտրում։ Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն «Ազատությանը» փոխանցել է, որ պատրաստվում են այս ամիս ծրագրվող «Ոչ»-ի ճակատի համաժողովին, որին հրավիրելու են ինչպես հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների, այնպես էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների։
«Նախնական համաձայնությունը տվել են ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, մոտակա օրերին էլ սպասում ենք մյուսների պատասխաններին։ Հիմնականում համագործակցությունը պետք է լինի նաեւ «Ժառանգության» հետ, հուսով ենք՝ նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» հետ»,- ասել է Մուսախանյանը։

 

ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ակտիվ պայքարը վերսկսած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մինչեւ սեպտեմբերի 11-ի հանրահավաքը իշխանություններին էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու վերջնաժամկետ է տվել: Պահանջը չկատարելու դեպքում նախաձեռնության անդամները խոստանում են անժամկետ բողոքի ակցիաներ՝ չբացառելով անգամ Բաղրամյան պողոտայում նստացույց սկսելու տարբերակը։
Ակտիվիստներին բարկացրել է Կառավարության վերջին որոշումը, որի համաձայն՝ ամսական 500 կվ/ժամից ավել հոսանք սպառելու դեպքում փոքր ձեռներեցները կզրկվեն փոխհատուցումից։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԱԾ ԹԻՐԱԽՈՎ
Երեկ կայացել է ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: ՊՆ փոխանցմամբ՝ ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին: «Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։




Լրահոս