ԻՆՉՊԵՍ Է Ս.ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԻՐ ՀԱՎԵՐԺ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու գործընթացը մեծ թափ է հավաքում: Օրերս նախագահականում կայացած սահմանադրական ֆոտոսեսիան ցույց տվեց, որ «կոնսոլիդացված» քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի, միայն թե կարողանան 2017թ. խորհրդարանում հայտնվել: Այս համատեքստում հետաքրքրական է, թե նոր Սահմանադրությամբ ինչպիսին կլինեն Ազգային ժողովի ձեւավորման ու գործունեության առանցքային մեխանիզմները, որոնք տարբերվում են գործող Սահմանադրության նախատեսած պայմաններից: Ստորեւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ կքննարկենք պատգամավորի պատասխանատվության եւ ԱԺ-ում նոր խմբակցություններ չձեւավորելու հետ կապված հիմնահարցերը:

Այսպես՝ սահմանադրության նոր նախագծի 95-րդ հոդվածով պատգամավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել ԱԺ-ում իր արտահայտած կարծիքի եւ կատարած քվեարկության համար: Հատկանշական է, որ գործող Սահմանադրությամբ այս արտոնակարգը սահմանվում է բացառապես կարծիքի համար՝ տեղ թողնելով քվեարկության հարցում պատգամավորի պատասխանատվությանը: Խնդիրն այն է, որ պատգամավորի կարծիքը չի կարող առարկայական հետեւանք ունենալ, մինչդեռ քվեարկությունն արդեն լիովին իրավական տիրույթում է: Ենթադրենք՝ ԱԺ-ում ընդունվում է Հայաստանի պետական շահերի դեմ որեւէ որոշում, որը հաջորդ փուլում դատական իշխանության կողմից ճանաչվում է հակաօրինական եւ ընդհուպ մինչեւ դավաճանական: Ի՞նչ է, ձեւական գործընթաց պիտի ձեռնարկվի, այդ որոշումը չեղարկվի եւ անցնենք առաջ՝ առանց մեղավորներին այդ ապօրինության համար պատասխանատվության կանչելո՞ւ: Վերջապես, մի բան է, երբ պատգամավորը կարծիք է արտահայտում, մեկ այլ բան, երբ քվեարկում ու պետական շահի դեմ որոշում ընդունում: Առաջարկվող նախագծով ԱԺ-ը փաստացիորեն վերածվում է պետությունը կառավարող մարմնի, որի անդամները իրենց կայացրած որոշումների համար պատասխանատվության կանչվել չեն կարող: Մինչդեռ «մարդակենտրոն» սահմանադրություն ստեղծող հանձնաժողովը պետք է խստացներ պատգամավորների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն սահմաներ ուրիշի փոխարեն կատարած քվեարկության համար: Իսկ այս դեպքում ՀՀԿ-ականները կարող են Հայաստանն էլ ծախել, ինչպես հասցրել են վարվել պետական ունեցվածքի հետ, եւ իշխանափոխությունից հետո չքմեղանալ, թե սահմանադրությունը թույլ չի տալիս թեկուզ եւ պետական դավաճանության օգտին կատարած քվեարկության համար պատասխանատվության ենթարկել իրենց:
Հետաքրքիր է, որ Գերմանիայի Սահմանադրության 46-րդ հոդվածն այս հարցով սահմանում է, որ պատգամավորը չի կարող պատասխանատվության կանչվել Ազգային ժողովում ունեցած իր քվեարկության կամ կարծիքի համար: Սակայն նույն հոդվածը հստակորեն ամրագրում է, որ այս արտոնությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործ ունենք զրպարտչական վիրավորանքների հետ: Փաստորեն, Գերմանիայում առնվազն նվազագույն վերապահությունն արված է, եւ պատգամավորը չի օգտվում բացարձակ անպատժելիությունից: Ի դեպ, Գերմանիայում ուրիշի փոխարեն քվեարկությունների պրակտիկա չկա, իսկ պատգամավորը ընտրվում է գերազանցապես հասարակական վստահության արդյունքում, ուստի այնտեղ վաղուց հաղթահարված կարելի է համարել այդօրինակ արատավոր գործելակերպը: Ավելին՝ պետական դավաճանության հարցում այնտեղ հանրային ու քաղաքացիական պատասխանատվության աստիճանն այնքան մեծ է, իսկ դատական անկախությունը՝ այնքան ինստիտուցիոնալիզացված, որ պատգամավորի կամ կուսակցության մտքով չի էլ անցնի անձնական շահերի հաշվին զոհաբերել պետական շահը: Իսկ մեզ մոտ, երբ ամենաբարձր օղակից է ներդրված պետական շահի զոհաբերումը մասնավոր հետաքրքրություններին, նման ճոխություններ թույլ տալն անկարելի է: Իսկ ամեն գնով իշխանության պահպանման տենչը զուգահեռաբար հոշոտում է Հայաստանի պետական հիմնադրույթները:
Սահմանադրության նոր տարբերակում առաջարկվում է արգելել ԱԺ-ում նոր խմբակցությունների ձեւավորումը: Ըստ էության, սա արվում է իշխող կուսակցության պառակտումը թույլ չտալու համար՝ աչքի առաջ ունենալով 1998թ. «Հանրապետություն» միավորման մասնատումը: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանն իր փորձով լավ գիտի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դավաճանածների կոհորտան, սեփական շահերից ելնելով, նույնը կարող է կրկնել իր հանդեպ: Եվ ուստի սա ԱԺ-ում պալատական հեղաշրջման կանխարգելիչ դրույթ է, որը կարող է համարվել հակաժողովրդավարական, քանզի արգելում է պատգամավորներին միավորվել խորհրդարանի ներսում: Գերմանիայում, օրինակ, խորհրդարանական խմբակցություն կարող է կազմվել խորհրդարանի պատգամավորների նվազագույնը 5 տոկոսի մասնակցությամբ, որոնք նույն կուսակցության անդամ են: Սա էլ գործընթացի ժողովրդավարականությունն ապահովող մի մեխանիզմ է: Հավելենք, սակայն, որ մեզ մոտ գործող կարգով խմբակցությունը լքող պատգամավորը պարտադրված է հրաժարվելու մանդատից, մինչդեռ ՀԱԿ-ում, ԲՀԿ-ում եւ «Ժառանգություն»-ում այսօր տիրող իրավիճակը ապացուցում է, որ մարդիկ հարկադրված մնում են խմբակցության մեջ, ԶԼՄ-ներում անվանվում այդ խմբակցության պատգամավոր, բայց իրականում թշնամանքի մեջ են խմբակցության մեծամասնության հետ: Այդպիսի աբսուրդ իրավիճակում խմբակցության մեծամասնությունը չի կարողանում իր շարքերից հեռացնել իրեն հակադրվող եւ փաստացիորեն ճամբարափոխ եղած պատգամավորին, որը շարունակում է իրավաբանորեն համարվել այդ խմբակցության ներկայացուցիչը:
Կարելի էր գոնե փորձել առաջարկվող տարբերակում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնել վերոնշյալ եւ դրա նման այլ անհեթեթ զարգացումները կանխելու համար: Սակայն իշխանությունն այս դեպքում կրկին առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրություններով՝ թքած ունենալով պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը ապահովելու իր կոչման վրա: Տպավորություն է ստեղծվում, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակում ներառել են իրենց մտապատկերում առկա բոլոր բացասական մեխանիզմները՝ դիտավորյալ կերպով խաթարելով թերություններով աշխատող, սակայն մինիմալ չափով կայացած պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը: Ըստ այդմ, ստեղծվում են բոլոր պայմանները՝ երաշխավորելու իշխանության միակենտրոնությունը եւ ամբողջ համակարգի նկատմամբ կոմպրոմատների փաթեթը իր ձեռքի տակ ունեցող Սերժ Սարգսյանի անսահման ազդեցության հավերժությունը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԿԵԼ Է «ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՀԵՏԵՎԻՑ
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի եւ «Մարաթուկ» տուրիստական ընկերության հակամարտությունը նոր փուլ է թեւակոխել: Բանն այն է, որ հանձնաժողովը այս տարվա ընթացքում արդեն թվով չորրորդ վարույթն է, որ հարուցում է «Մարաթուկ»-ի դեմ:
Ի՞նչն է եղել հանձնաժողովի կողմից հարուցած թվով 4-րդ վարույթի պատճառը: Մելինե Բեգլարյան անունով ոմն քաղաքացի Maratuk.com կայքից ծանոթացել է ընկերության «Երեւան-Կրետե-Երեւան» տուրիստական փաթեթի մասին գովազդին՝ 280 հազար դրամ արժեքով: Ըստ դիմումատուի՝ ինքը զանգահարել է ընկերություն եւ տեղեկացել, որ փաթեթները նախատեսված են միայն օգոստոսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածի համար, մինչդեռ գովազդում նշված է եղել, որ չվերթները կլինեն հունիսի 30-ից: Երեկ Մ. Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն հետաքրքրել է փաթեթ մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար: Ինքը խնդրել է առաջարկել համարժեք այլ փաթեթ, սակայն ընկերության աշխատակիցները իբր «կոպիտ տոնով, ագրեսիվ պատասխանել են, որ հեռախոսով նման տեղեկատվություն չեն տրամադրում»:
Ի դեպ, լրագրողներին արգելեցին նիստին մասնակցել՝ հայտարարելով, որ իրենցից ոչ ոք չի հրավիրվել: Իսկ մինչ այդ մոտ մեկ ժամ լրագրողները սպասեցին դրսում՝ ՏՄՊՊՀ շենքի մուտքի մոտ, եւ երբ սկսեցին դժգոհել տեղի ունեցածից, հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը բոլորին ներս հրավիրեց: Ապա իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանն առաջարկեց նիստը դռնփակ անել: Իսկ «Մարաթուկ»-ի ներկայացուցիչը հակառակն էր պնդում եւ օրենքներ էր վկայակոչում՝ նիստը դռնբաց անելու համար:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում Մ. Բեգլարյանը խուսափել է «Մարաթուկ»-ի ներկայացուցչի հարցերին պատասխանել, եւ Շաբոյանն առաջարկել է «Մարաթուկ»-ի կողմից հնչեցված բոլոր հարցերը դիմումատուն գրի առնի… երեւի թե հարցերին պատասխանելու համար Մ. Բեգլարյանին ինչ-որ մեկի օգնությամբ պետք էր պատրաստել: Ավելին՝ հանձնաժողովին անգամ չի հետաքրքրել, թե Մելինեի ասածները ընդհանրապես իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե ոչ: Մ. Բեգլարյանը որեւէ ապացույց հանձնաժողովին չներկայացրեց, թե իրոք զանգել է «Մարաթուկ», եւ ընկերության աշխատակիցը խուսափել է իրեն պատասխանելուց ու կոպտել է: Նիստի ամբողջ ընթացքը, հանձնաժողովի կողմից Մ. Բեգլարյանին ուղղորդելը մեկ անգամ եւս կարծիք ձեւավորեց, որ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող Ա. Շաբոյանը «հատուկ» բացասական վերաբերմունք ունի «Մարաթուկ»-ի նկատմամբ: Մնում է միայն հասկանալ դրա իրական պատճառները եւ սպասել հանգուցալուծմանը: Հանձնաժողովը որոշում կայացրեց «Մարաթուկ» տուրիստական գործակալության դեմ ներկայացված դիմումը քննարկել 2 շաբաթ հետո:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը Մ. Բեգլարյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, նա իր հանգիստն անցկացրե՞լ է Հունաստանում, թե՞ ոչ. «Այնպես ստացվեց, որ ակնկալիքներս չարդարացան, եւ ես գնացի Ջերմուկ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը` Չինարին, Ներքին Կարմիրաղբյուրը եւ Այգեպարը: Վնասվել են տների տանիքները, լուսամուտները եւ այլն: Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցներն արդեն հոգնեցրել են իրենց: «Բնակիչներ ունենք, որ բազում անգամ տանիքի ծածկը փոխել են, արդեն չեն ցանկանում նորից նորոգել»:

 

ԱԼԻԵՎՆ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Սեպտեմբերի 13-ին Իջեւանում կկայանան քաղաքապետի հերթական ընտրությունները: Տավուշի մարզկենտրոնում բուռն ընթացքի մեջ է թեկնածուների քարոզչությունը եւ հակաքարոզը: Վերջինը հատկապես վատ դրսեւումներ է ստացել Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում: 829 անդամ ունեցող այս խմբում վիրավորական տեսանյութեր են տեղադրվել, որոնցում Իջեւանի քաղաքապետի թեկնածու, Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանին խիստ վիրավորում են: Տեսանյութերից մեկում, չարամիտ մոնտաժի հետեւանքով, նախկին քաղաքապետի գլուխը կպցված է նրբիրան աղջկա մարմնին: Մեկ այլ տեսանյութում Վարուժան Ներսիսյանի գլխով աղջիկը թվիստ է պարում… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ հատվածը վերցված է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմից, Ալիեւի գլուխն էլ մոնտաժված է դերասան Ջոն Տրավոլտայի մարմնին: Մեր տեղեկություններով` Վարուժան Ներսիսյանի կողմնակիցներն արդեն իսկ այդ նյութերը տեսագրել են, որպեսզի դիմեն իրավապահներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս