Արդեն մի քանի օր է` Վերին Լարսի սահմանային անցակետում իրավիճակը լարված է: Բանն այն է, որ Հայաստանից մոտ 150 բեռնատար մեքենա կանգնած է տարանցիկ մաքսազերծման հերթում: Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից ընթացող ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել: Այս ամենի արդյունքում տուժում են գործարարները, քանի որ երկար սպասելու արդյունքում փչանում է արտահանվող արտադրանքը:
Հիշեցնենք, որ վերջերս նման խնդրի առաջ կանգնեց հայկական «Արարատ իշխան» ընկերությունը: Ըստ ռուսական կողմի՝ հայկական ընկերությունը չէր ունեցել անհրաժեշտ փաստաթղթերը: Եւ մինչ ռուս մաքսավորները կուսումնասիրեին ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը, ձուկը փչացել էր, եւ Սոչիի մաքսակետում 200 կգ թառափը ոչնչացվել էր: Ու թեեւ դրանից հետո ավելի քան երկու շաբաթ է անցել, ԳՆ ՍԱՊԾ-ն դեռ սպասում է կատարվածի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական պարզաբանմանը: Միեւնույն ժամանակ ԳՆ-ն «Ժողովուրդ»-ի ուղարկած գրավոր հարցման պատասխանում նշել է, որ ձկան արտահանման հարցում խոչընդոտներ չկան, սա եզակի դեպք է, եւ հայկական ձուկն այսօր էլ արտահանվում է ՌԴ տարածք:
Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպասում է Սոչիի մաքսակետում 200 կգ թառափի ոչնչացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների պաշտոնական մեկնաբանությանը, այս ընթացքում Հայաստանի արտահանողների մոտ դժգոհության ալիք է բարձրացել` Վերին Լարսում ստեղծված իրավիճակի շուրջ:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ահազանգում է՝ այս ամենի արդյունքում արտահանողները կկորցնեն ռուս գործընկերների հետ կնքված պայմանագրերը, իսկ պտուղ-բանջարեղենն էլ ուղղակի կփչանա: Արսեն Ղազարյանի խոսքերով՝ խցանումներ գոյացել են ե՛ւ վրացական, ե՛ւ ռուսական հատվածներում:
Մասնագետը համոզված է, որ գերբեռնվածության գոյացման պատճառը ռուսական մաքսատան «դանդաղ եւ ոչ կոմպետենտ» աշխատանքն է. «Այս գործընթացը կապ չունի տեխնիկական կանոնակարգի կամ մաքսային ընթացակարգերի հետ, պատճառը ռուսաստանյան մաքսատան ոչ արդյունավետ համակարգչային ծրագիրն ու աշխատակիցների դանդաղաշարժությունն է»,- վստահ է Ղազարյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի հետ, ով հայտարարեց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նորություն չէ. «Այստեղ ոչ մի նոր բան չկա: Հիմա թուրքական բեռնատարները Լարսով գնում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, իսկ մինչ այդ նրանք լաստանավով էին գնում ՌԴ: Հավանաբար այս տարբերակն ավելի էժան է: Այն օրվանից, երբ թուրքերն էլ սկսեցին Լարսով գնալ, մեծ հերթեր առաջացան: Եթե հիմա Դուք գնաք այնտեղ, ապա կտեսնեք, որ հերթերի մեջ կանգնած բեռնատարների մեծ մասը թուրքական է»,- նկատեց Հերբերտ Համբարձումյանը:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ այս իրավիճակը նախորդ տարվանից է ստեղծվել: «Մենք բազմիցս այս մասին բարձրաձայնել ենք: Ո՞ւմ համար պարզ չէ, որ այս ամենի արդյունքում մարդկանց ապրանքը փչանում է: Մենք այս հարցով դիմեցինք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ մի դրական արձագանք չկա: Մենք պահանջել ենք Վերին Լարսի անցակետում ավելացնել աշխատակազմի քանակը եւ ստեղծել մեկ այլ պատուհան, որտեղ կսպասարկեն միայն ԵՏՄ անդամ երկրներին: Խոստացել են, որ կօգնեն այս հարցով, իսկ մենք էլ սպասում ենք»,- եզրափակեց Հերբերտ Համբարձումյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ՍԱՆԻՏԵԿ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ «ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Հայաստանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու խնդիրը դեռեւս շարունակում է արդիական մնալ: Այս իրողությունը վկայում են վերջին շրջանում «Ժողովուրդ»-ին պարբերաբար ահազանգող բազմաթիվ բնակիչներ:
Օրերս «Ժողովուրդ»-ը հերթական բողոքը ստացավ ՀԱԹ թաղամասի Անդրանիկ փողոցի 123 շենքի բնակիչներից: Վերջիններս նշեցին, որ շատ դժգոհ են «Սանիտեկ» ՍՊԸ-ի աշխատանքներից:
Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ աղբահանությունն իրականացվում է ոչ սովորականի պես` վաղ առավոտյան, այլ օրվա տարբեր ժամերի:
Բնակիչների խոսքով՝ աղբահանելիս «Սանիտեկի» աշխատողները աղբի մեքենան կանգնեցնում են բավականին հեռու՝ արկղերով աղբը հասցնելով մեքենային, ինչի արդյունքում ամբողջ ճանապարհը կեղտոտվում է եւ գարշահոտ տարածվում: «Շատ դժգոհ ենք «Սանիտեկի» աշխատանքներից: Աղբը որ ժամին ասես, գալիս, տանում են: Աղբարկղերը հանում են շենքի բակից, գլվլալով տանում են այնտեղ, որտեղ աղբի մեքենան է կանգնում. մեքենան չեն բերում շենքի բակ: Այդ ամբողջ ջրերը, զիբիլները թափելով՝ տանում են: Առնետներն ելել, մեզ ուտում են: Շատ անշնորհք մատակարարում է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը:
Բնակիչների բողոքների հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Սանիտեկ» ՍՊԸ-ի հետ: Այստեղ չհերքեցին մեր փոխանցած դժգոհությունները, ընդամենը հակադարձեցին, թե բնակիչները չեն կարողանում հարմարվել այդ «նորամուծություններին»: Այնուամենայնիվ, ընկերության աշխատակիցը խոստացավ բնակիչների բողոքները փոխանցել համապատասխան բաժնին:
Վերջում նշենք, որ «Սանիտեկի» գործունեությունից բողոքում են նաեւ վարորդները, քանի որ ընկերության աղբահանող մեքենաները հաճախ կայանում են շատ անհարմար վայրերում` առաջացնելով խցանումներ: Մասնավորապես Երեւանի Պուշկինի փողոցի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ աղբահանող մեքենան մշտապես կայանում է Սարյան-Պուշկին խաչմերուկի` հետիոտների համար նախատեսված անցման` «զեբրայի» վրա, իսկ Պուշկին-Եկմալյան խաչմերուկի աղբն էլ հավաքելիս վարորդները մշտապես ազդանշանում են` խանգարելով բնակիչների անդորրը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ